«Գեզի» այգու շուրջ հանրաքվե անցկացնելն անհնար է. Թուրքիայի Պետխորհրդի նախագահ
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պետխորհրդի նախագահ Հուսեին Քարաքուլուքչուն հայտարարել է, որ անհնար է Ստամբուլի «Գեզի» այգու ճակատագրի շուրջ հանրաքվե անցկացնելը:
Այդ առաջարկը նախօրեին արել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը. «Տվյալ հարցում կա դատարանի որոշում, այն պետք է իրագործվի և չի կարող փոխարինվել հանրաքվեով: Եթե մենք խոսում ենք իրավական պետության մասին, ապա դատարանի որոշումն ավելի կարևոր է»:
Միևնույն ժամանակ Էրդողանը փորձել է պառակտել փողոցներում բողոքի ակցիաների մասնակիցներին: Էրդողանը նրանց բաժանել է երկու մասի, մի մասին որակել է որպես ազնիվ մարդիկ, որոնք անկեղծորեն արտահայտել են իրենց մտքերը և հանցագործների: Էրդողանն առաջիններին կոչ է արել լքել փողոցները, որպեսզի իրենք հանցավոր խմբերին ցույց տան իրենց տեղը:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում է ընդունել «Թաքսիմ» հրապարակում առևտրային կենտրոնի կառուցման որոշման չեղյալ հայտարարման մասին: