
Ալի Խամենեին առաջինն է քվեարկել Իրանի նախագահական ընտրություններում

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին այսօր առավոտյան առաջինն է քվեարկել նախագահական ընտրություններում:
Խամենեին հայտարարել է, որ ինքը կատարել է իր ընտրությունը՝ շեշտելով, որ անգամ իր ընտանիքը տեղյակ չէ, թե ում օգտին է քվեարկել ինքը: Նա Իրանի ժողովրդին կոչ է արել ուշացած չներկայանալ ընտրություններին:
Նա ընդգծել է, որ ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն է կրում քվեների հաշվարկի համար՝ հավելելով, որ դա նրա պարտականությունն է: Խամենեին հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում այն, որ ԱՄՆ-ն Իրանի ընտրությունները չի ճանաչում ժողովրդավարական:
Իրանի նախագահի մյուս թեկնածուների մեծ մասը, հայտնի քաղաքական գործիչներ, նախկին (1989-1997) նախագահ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանին նույնպես արդեն իսկ մասնակցել են քվեարկությանը:
Ռաֆսանջանին հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները կհանգեցնեն Իրանի հասարակության միասնությանը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ներքին ու արտաքին սպառնալիքները:
Հիշեցնենք, որ Ալի Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի նախագահ պետք է դառնա այն մարդը, ով կկարողանա լուծել երկրի խնդիրները:
Մեկ այլ դեպքում էլ նա հայտարարել էր, որ իրանցիները, նախագահական ընտրություններին բարձր մասնակցություն ցուցաբերելով, հերթական հարվածը կհասցնեն ԱՄՆ-ին: