«Ես պարտականություն ունեմ. աշխարհի 100-ից ավելի երկրների, ազգերի օգնել եմ ու ամոթ եմ համարում իմ ժողովրդին չաջակցելը »
Վիեննայում բնակվող մեր հայրենակցուհի Արշալույս Ճգնավորյանը երկար տարիներ ՄԱԿ-ում (Միավորված ազգերի կազմակերպություն) բարձր պաշտոններ է զբաղեցրել և աշխարհի շուրջ 130 երկրներում տարբեր ծրագրեր է իրականացրել: Մասնավորապես, ՄԱԿ-ի Կարիբյան և փոքրիկ կղզիների հարցերով կառավարական ծրագրերի իրականացումը Ա. Ճգնավորյանի գործունեության համար շատ նպաստավոր է եղել, քանի որ այդ ծրագրերը վերոնշյալ տարածքներում մեծ զարգացում են ապահովել: Ամենասկզբում աշխատելով որպես ինժեներ՝ նա բազմաթիվ հաջողված ծրագրեր է իրականացրել, որից հետո նշանակվել է ՄԱԿ-ի Արդյունաբերական սեկտորի ղեկավար: Ղեկավարելով 300 աշխատակցի՝ նա հաջողությամբ իրականացրել է մոտ 1500 նախագիծ աշխարհի տարբեր երկրներում: «Միակ կինն էի և միակ հայը, ով շարքային մասնագետից դարձավ ղեկավար: Երբեք չեմ նեղացրել որևէ աշխատակցի, անհարգալից վերաբերմունք չեմ դրսևորել որևէ մեկի նկատմամբ: Հորս շատ եմ սիրել, ում տված մի ապտակն իմ ողջ կյանքի համար դաս է եղել: Մենք բավականին հարուստ ենք եղել: 5 տարեկան էի, մեր աղախնին բղավելով կանչեցի՝ ասացի՝ ջուր բեր: Հայրս մոտեցավ ինձ ու ապտակեց: Ասաց՝ դու ո՞վ ես, որ մարդու հետ այդպես վարվես, չե՞ս կարող ինքդ ջուր վերցնել: Ասաց՝ նա արդեն խեղճ է. եթե ապրելու համար գալիս է քո տանն աշխատելու, ուզում ես ցուցադրե՞լ նրա խեղճությունը: Նա շատ հարուստ էր, բայց երբեք ցուցամոլություն չէր ընդունում: Այդ ապտակն ինձ ողջ կյանքում մարդկանց հետ վարվելակերպ սովորեցրեց: 30 տարի ղեկավարելով մի ամբողջ կառույց` ամեն օր հիշել եմ այդ ապտակն ու երբեք որևէ մեկին չեմ նեղացրել»,- ասում է Ա. Ճգնավորյանը, ում որդին յոթ տարի ղեկավարել է Վիեննայի հայ համայնքը: Այս օրերին Ա. Ճգնավորյանը գտնվում է Հայաստանում և համապատասխան պաշտոնյաների հետ բանակցություններ է վարում մեր երկրում այլընտրանքային էներգիա ստեղծելու ուղղությամբ:
– Հայաստանում մտադրություն ունեմ արդյունավետ ծրագրեր իրականացնել, այն է՝ այլընտրանքային էներգիա ստեղծել: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, Վիեննայում մասնակցելով էներգետիկայի վերաբերյալ կոնֆերանսին, հանդիպեց ինձ: Ես կարգադրեցի, որպեսզի Ավստրիայում նրան ծանոթացնեն այլընտրանքային էներգետիկ աղբյուր հանդիսացող սարքավորումներին: Պետք է նշեմ, որ շատ էր տպավորվել և շնորհակալ եղավ դա կազմակերպելու համար: Երեկ արդեն այստեղ հանդիպում ունեցանք, խնդրեց օգնել այդ ծրագիրն իրականացնելու հարցում: Նախապես պետք է ինժեներական, տեխնոլոգիական, տնտեսագիտական, հում նյութերի ոլորտի ուսումնասիրություն կատարենք, որպեսզի այլընտրանքային էներգիայի արտադրությունը կազմակերպենք: Վիեննայում կիրառվող այլընտրանքային էներգիան արտադրվում է գյուղացիական տնտեսության (կենդանիների արտաթորանքից), ինչպես նաև կենցաղային աղբից: Այսօր Գերմանիայում գործում է նման 8000 միավոր, իսկ Ավստրիայում՝ 400: Այլընտրանքային էներգիան սոցիալական բարեկեցիկ կյանք վարելու հիմնաքարերից է, քանի որ սակագներն էականորեն նվազում են: Էլեկտրաէներգիայի մատչելիությունը բոլոր երկրներում տնտեսական զարգացման կարևորագույն գործոններից է, քանի որ այն ապահովում է հասարակության կենսապահովման առաջընթացը: Աշխարհի բոլոր կառավարությունները հակված են երրորդ աշխարհի էներգիաները ձեռք բերել, որպեսզի առաջադիմություն արձանագրեն:
– Համաձայն Ձեր առաջարկած ծրագրի՝ նախատեսվում է կենցաղային թափոնների խոշոր արտադրությո՞ւն ստեղծել, թե՞ այլընտրանքային էներգիայի հատուկ սարքավորումներն առավել տեղային են, հետևաբար` նախատեսվում է, օրինակ, դրանք գյուղական համայնքներում տեղադրել՝ կոնկրետ տվյալ բնակավայրին էլեկտրաէներգիա մատակարարելու համար:
– Դա սարքավորում է, որի մեկ միավորն արժե 3 մլն դոլար, և որը հնարավորություն է տալիս 4 տարվա մեջ այդ գումարը ետ ստանալ: Օրինակ՝ Ավստրիայում մեկ միավորից 70-80 ընտանիք ստանում է էներգիա, ջեռուցում, տրակտորներն աշխատեցնելու համար բիոգազ: Սա բավական հետաքրքիր կոնցեպտ է, որը նաև զարգացնում է գյուղատնտեսությունը: Ա. Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացա, որ Հայաստանը Եվրամիության հետ կստորագրի մի պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստանը մինչև 2020թ.-ն իր էլեկտրաէներգիայի 10% պաշարը կապահովի այլընտրանքային էներգիայից: Իմ առաջարկած նախագիծը խոշոր ծրագիր է, որը նախատեսվում է իրականացնել ոչ միայն գյուղական բնակավայրերում, այլ նաև՝ մարզկենտրոններում, մայրաքաղաքում: Այստեղ ամեն անգամ տաքսի նստելիս լսում եմ վարորդների դժգոհությունը, արտագաղթելու մասին խոսակցությունները: Երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ, պատասխանում են՝ տիկին ջան, հեշտ եք խոսում, չենք կարողանում վճարել գազի, լույսի, ջրի գումարները: Դա ինձ համար շատ մեծ ցավ է, որովհետև մարդկանց հոգսը թեթևացնելու հնարավորություն կա, և չի կարելի թույլ տալ, որ մարդիկ հեռանան:
– Հայաստանը սակավ էներգակիրներ ունեցող երկիր է, և հավանաբար տեղյակ եք, որ գրեթե բոլոր ոլորտները մոնոպոլիզացված են: Գազի գնի թանկացումից բացի, նախատեսվում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում: Դուք նշում եք, որ այլընտրանքային էներգիա արտադրելու հնարավորություն կա, բայց որքանո՞վ կառավարությունը կաջակցի Ձեր ծրագրին՝ գիտակցելով, որ այդպիսով էներգետիկ դաշտում մրցակցային պայմաններ կստեղծվեն:
– Այսօր աշխարհը կառավարվում է նավթարդյունաբերության յոթ կազմակերպությունների կողմից, նույնիսկ պատերազմների գնով տիրանում են քարայուղ ստանալու իրավունքներին, աշխարհի ուժը նրանց ձեռքում է: Այս իրականությունը միայն Հայաստանի ֆենոմենը չէ: Անշուշտ, անկախությանն այսքան սպասելով՝ պետք է ժողովրդի հանդեպ ավելի սրտացավ լինեինք: Այսպես չպետք է լիներգ Ես հարգում եմ ՀՀ նախագահին, վարչապետին, բոլոր երկրներում էլ այդ պաշտոնները զբաղեցնող անձինք ավելի լավ են ապրում, բայց ցավում եմ, որ վերջին տարիներին Հայաստանում հարուստների ի հայտ գալու հետ մեկտեղ` շատանում են նաև աղքատները: Երևանի փողոցներում տեսնում եմ այնպիսի մեքենաներ, որոնք Վիեննայի փողոցներում պատկանում են միայն դիպլոմատներին, քանի որ մյուսները չեն կարող գնել նման թանկարժեք մեքենաներ: Գալիս եմ տուն, շքամուտքի աղբամանի մոտ մի ծեր կին աղբամանն է քչփորում, արտասվում եմ, սիրտս ցավում է: Հարցնում եմ՝ մայրիկ ջան, ինչո՞ւ ես սա անում, պատասխանում է՝ բա ի՞նչ անեմ, սոված մեռնե՞մ: Այն մարդիկ, ովքեր օրը 3 անգամ կուշտ ուտում են, մտածո՞ւմ են արդյոք, որ մյուսները մեկ անգամ ուտելու հնարավորություն չունեն: Եթե մտածեն, ավելի բարի կլինեն, ոչ թե միայն իրենց բիզնեսի մասին կմտածեն: Բիզնեսը կարևոր բան է, պետք է հարգել, բայց այն պետք է ծառայի ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելուն: Պատերազմից հետո Ավստրիայում մարդիկ հաց չունեին ուտելու, ամեն ինչ ջարդված, փշրված էր, բայց Կառավարությունն ու մարդիկ միասին էին: Կառավարությունը ոտքով էր փողոցում քայլում, ինչպես բոլորը: Հաց չկար, բայց կրթությունն անվճար էր: 10 տարուց հետո անվճար կրթություն ստացած մարդիկ զարգացրին իրենց էկոնոմիկան, բիզնեսը:
– Վերջին տարիներին Հայաստանից հեռանում են հատկապես կրթված, ինտելեկտուալ մարդիկ՝ մեր երկրից «արտահանելով» նաև գիտական, ստեղծագործական, այսինքն՝ Հայաստանի ապագայի, զարգացման ներուժը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի մտավոր սեփականությունն այլևս իրացվում է այլ երկրներում:
– Ես պետք է շատ անկեղծ լինեմ: Հայերը (ոչ միայն տեղաբնակ, այլ նաև՝ սփյուռքի) ինտելեկտուալիզմի նկատմամբ հարգանք չունեն: Ինտելեկտուալ մարդը հայի համար արժեք չի ներկայացնում: Մշտապես ականատես եմ եղել, երբ հայերը ոտքի են կանգնում հարուստ մարդ տեսնելիս: Ոչինչ, եթե նա դատարկ մարդ է՝ հարուստ է: Հասկացանք, ես հարգում եմ հարուստ մարդուն, դա էլ է կարևոր, բայց նա չի կարող իր դրամը կազմակերպել, եթե ինտելեկտուալ անձը նրան չուղղորդի: Եթե չլինեն ինժեները, ճարտարապետը և այլ մասնագետներ, ապա չեն կառուցվի նաև քաղաքի շենքերը, որոնք կառուցապատողին հարստացնում են: Սփյուռքում էլ է այդպես՝ հարգանք չկա կրթված, բանիմաց մարդու նկատմամբ, այլ կարող են առաջին շարքում կանգնեցնել մի հարուստի, որի գլխում դատարկություն է տիրում: Եկեղեցում առաջին շարքում է, որևէ նախագահի այցելություններին իրեն են ներկայացնումգ Ինքս հարուստի ընտանիքից եմ, այո, հարստությունը կարևոր է, բայց պետք է արժևորել ինտելեկտուալներին: Ի վերջո, նրանք են մեր երկրի պաշարը, երկրի զարգացումն ապահովողները: Հարուստը դրամ է ստեղծում ինտելեկտուալի շնորհիվ, և այս երկուսը պետք է միասին ման գան: Կոմունիստների օրոք նույնպես ՄԱԿ-ի կողմից այցելություններ եմ կատարել Հայաստան և շատ մտավորականների հետ հարաբերություններ եմ ունեցել: Նրանք շատ բարձր արժեհամակարգ ունեցող ինտելեկտուալներ էին, և անկախությունից հետո ես հասկացա, որ նրանք ուղղակի կորան, չկան: Ես չեմ ասում՝ չարանանք հարուստների նկատմամբ, պարզապես պետք է այս անհավասարությունը կոտրել: Մենք ապրում ենք Վիեննայում, աղջիկս բժիշկ է, 50% տուրք է տալիս, որն ուղղորդվում է սոցիալական ծրագրերին, և փողոցներում մուրացկանություն անող որևէ ավստրիացու չեք տեսնի: Սոցիալական պաշտպանության այնպիսի մոդել է, համաձայն որի՝ ժողովրդի ապրելու, բոլոր իրավունքները պաշտպանված են պետության կողմից:
– Ամեն տարի Հայաստան այցելելով` զարգացո՞ւմ եք նկատում, թե՞ հակառակը:
– Այս 20 տարվա մեջ երկրում շատ բան է փոխվել: Քաղաքը նույնպես փոխվել է, զարգացել է: Քաղաքում շատ-շատ են սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, և ավելի քիչ են ինտելեկտուալ վայրերը: Պետք է խղճով խոսել՝ բավականաչափ զարգացում կա այս իմաստով, ճանապարհներ են կառուցվել և կառուցվում: Դրա հետ մեկտեղ, ինձ խորապես ցավ է պատճառում ավելի կարևոր բան: Հայրս արտաշատցի է, ես միշտ գնում եմ Արտաշատ և ականատես եմ լինում, որ ամեն տարի շատանում են դատարկ տները: Սա հիպոթետիկ չեմ ասում, ես այն հայերից չեմ, ովքեր գալիս են Հայաստան ուտել-խմելու, «Բենետոն» գնալու. սրանք ինձ հետաքրքիր չեն: Ես գալիս խառնվում եմ ժողովրդին, փորձում եմ հասկանալ, թե ինչ կարող եմ անել իրենց համար: Ես պարտականություն ունեմ. աշխարհի 100-ից ավելի երկրների, ազգերի օգնել եմ ու ամոթ եմ համարում իմ ժողովրդին չաջակցելը:
– Արտաշատում Ձեզ ոչ միայն շատ սիրում են, այլ նաև հուզիչ, մարդկային պատմություններ են շրջանառվում: Ասում են՝ դպրոցի սաներն ու ծնողները հուզիչ նամակներ են գրում, հատկապես որդուն կորցրած մի կնոջ պատմություն շատերին է հուզել:
– Հայրս շատ պայծառ մարդ է եղել, և Արտաշատում նրան շատ են հարգել: Մի աղքատ թաղամասում՝ Բանգլադեշում, շատ մեծ դպրոց կա, որը կոմունիստների ժամանակաշրջանից մնացած և անմխիթար վիճակում էր: Ինձ ուղեկցեցին այնտեղ, մի դասարանի դուռ բացեցին՝ սոսկալի էր, ես ու ամուսինս խեղդվում էինք: Այդքան գնացել եմ Աֆրիկայի ամենաաղքատ վայրերը, բայց անգամ այնտեղ չէի տեսել նման մի դպրոց, որտեղ ապակի չկա, ցելոֆանապատ է, հատակ չկա, աթոռները` մի կերպ կապած, իսկ երեխաները դասերին մասնակցում են ձեռնոցներով, գլխարկներով: Չկար զուգարան, էլեկտրականություն, և այդ պայմաններում 900 աշակերտ դպրոց էր գալիս: Բայց շշմելու էր ուսուցիչների նվիրվածությունը, այդ պայմաններում այդքան պատրաստակամություն երեխաներին կրթելուգ Դա հերոսություն է, ինձ վրա շատ ազդեց, դա զոհաբերություն է, և պետք է գնահատել նրանց: 4 տարի տևեց, որպեսզի ես այդ հսկայական շենքը վերանորոգեմ: Այսօր դպրոցն առաջինն է Արտաշատում, քանի որ միայն դուռ-պատուհանի հարց չէր: Համակարգիչներով հագեցրի, մարզասրահ, կինոթատրոն, և, որ ամենակարևորն է՝ բուժսպասարկում կազմակերպեցի: 900-1000 երեխայի մեջ ոչ մի երեխա ակնոց չուներ: Հրավիրեցի բժիշկ մասնագետների 8 հոգանոց խումբ, 3 ամիս երեխաներին քննեցին: Բոլոր երեխաներին հետազոտեցին, բժշկական պատմություններ կազմեցին: Մոտ 20 երեխայի անհապաղ վիրահատության ենթարկեցինք, որովհետև բանից պարզվեց՝ մեկի կույրաղիի պայթման վտանգ կա, մյուսի գլխի հետ կապված խնդիր կա, և այլն: Ստեղծեցի ֆոնդեր՝ առողջապահական, կրթական և գրենական պիտույքների, հագուստի, դասագրքերի և այլն: 2004թ.-ից մինչև այսօր այդ ֆոնդերը գործում են: Այո, դպրոցի սաները, ծնողները և ուսուցիչները շատ հուզական նամակներ են գրում, բայց մի նամակ ունեմ, որն ինձ համար շատ թանկ է, և դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա: Խեղճությունը միայն աղքատությունը չէ՝ հոգեկան խեղճություն կա, որն այդ նամակից հետո գիտակցեցի: Այդ նամակը Վիեննա հասավ՝ զավակներիս, թոռներիս հետ կարդացինք ու այնքան արտասվեցինք, զավակներս շատ վատ զգացին: Ծնողներից մեկն էր գրել, որն աղքատության մեջ մեծացնում էր մի տղա, երեք աղջիկ երեխաների: Տղան գլխի հետ կապված ծանր վիրահատություն պիտի տաներ, ես ասացի, որ ամեն ինչ անեն իրենց համար, ինչ պետք էր՝ արեցի: Այդ կինն ինձ նույնիսկ չի էլ տեսել: Վիեննայում եմ, գրում է՝ «Խորին շնորհակալ եմ, որ տղայիս բուժման բոլոր հարցերը կազմակերպեցիք: Դժբախտաբար տղաս մահացավ, շատ մեծ ցավ ունեմ, բայց ցավս առավել խորը պիտի լիներ, եթե տղաս մահանար՝ գիտակցելով, որ ես խեղճ եմ ու չկարողացա իրեն բուժել: Այդ ամենն անելուց հետո տղաս մահացավ, Աստծո կամքն էր: Հասկանո՞ւմ եք, մայրը կորցրել է որդուն, բայց ցավը, տառապանքը հազար անգամ ավելի պիտի լիներ, եթե չկարողանար նրան փրկելու համար ամեն ինչ անել: Ահավոր է, չէ՞, ասում է՝ իմ խեղճության պատճառով չէ, որ տղաս մահացավ՝ Աստծո կամքն էր:
(Վիեննայի հայ համայնքի, ինչպես նաև՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ա. Ճգնավորյանի դիտարկումները կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում)։