Բարեգործական համերգ՝ Գյումրիի դպրոցին օգնելու համար

Հունիսի 28-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու բարեգործական համերգ` Գյումրիում գտնվող Լորդ Բայրոնի անվան դպրոցին օգնելու նպատակով:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը: «Լորդ Բայրոնի անվան դպրոցն այժմ գտնվում է շատ վատ վիճակում և շտապ վերանորոգման կարիք ունի, թեկուզ հենց ջեռուցման համակարգն էլ չի աշխատում: Այդ պատճառով էլ ես տեղեկացա, որ Բրիտանական դեսպանատունը փորձում է միջոցներ գտնել, որպեսզի վերանորոգի այդ դպրոցը: Մեր խումբը որոշեց համագործակցել Բրիտանական դեսպանատան հետ և կազմակերպել բարեգործական համերգ, որի ամբողջ շահույթը կնվիրվի դպրոցի ջեռուցման համակարգը նորոգելուն»,- ասում է Անդրե Սիմոնյանը:

Վերջինս համերգին մասնակցություն ունենալու համար հրավիրել է իր շատ մտերիմ ընկերներին` «Հայսուպերսթար», «The Voice of Armenia» և «X Factor» նախագծի մասնակիցներին, որպեսզի իրենք ևս մասնակցեն այս ակուստիկ համերգին:

979513_519448818103244_1387214478_n

Կարդացեք նաև

«Տոմսերն արժեն ընդամենը 2500 դրամ: Վճարելով այդ փոքրիկ գումարը` ներկաները կվայելեն 12 տաղանդավոր երգիչ-երգչուհիների կատարումները և նաև օգնած կլինեն, որպեսզի մեր գյումրեցի հայրենակիցներն ուսում ստանան ջեռուցվող դասարաններում»,- հավելեց Անդրեն:

Նշենք, որ բարեգործական համերգին իրենց մասնակցությունն են ունենալու «The Beautified Project» խումբը, Արթուր Ալեքը, Սուսաննա Պետրոսյանը, Նարինե Դովլաթյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, E.V.A.-ն, Սրբուհի Հովհաննիսյանը և Կարինա Խաչատրյանը:

Հավելենք, որ Լորդ Բայրոնի անվան դպրոցը Գյումրիում կառուցվել է երկրաշարժից հետո: Դպրոցը կառուցել են Մեծ Բրիտանիայի կառավարությունը և բրիտանացի բարեգործները: Դպրոցն ամբողջովին կառուցված է անգլիական ոճով, իսկ բացումն արել է Մարգարետ Թետչերը` 1990 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս