
ԱՄՆ-ը շատ է շահագրգռված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ. Ջոն Քերի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ամերիկայի Հրեական կոմիտեի ամենամյա գլոբալ ֆորումի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում: Հանդիպման ժամանակ Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կարևոր գործընկեր է Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ առաքելության հարցում, ինչպես նաև գազամատակարարման և այլ հարցերում:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Քերին ընդգծել է, որ այդ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը և որ անհրաժեշտ է պայմանավորվել դրա շուրջ.
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը շատ է շահագրգռված օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հակամարտության կարգավորման ուղիների փնտրման հարցում: Վերջին բանը, որ մենք ցանկանում ենք, պատերազմն է և հակամարտությանը վերադարձ կատարելը: Մենք պատրաստվում ենք քննարկել որոշ պահեր, ինչպես նաև տարբեր հարցեր»:
Նշվում է, որ Ջոն Քերին ընդունել է Բաքու այցելելու մասին Մամեդյարվի հրավերը: