Դերենիկ Դումանյան. «Ֆինանսավորման հետ կապված բավական թերություններ կան»
Չորեքշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգին:
Ըստ դրա՝ անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը մի կողմից՝ հավասարաչափ չի արտացոլում դրանում ընդգրկված բոլոր քաղաքացիների կարիքավորության աստիճանը, մյուս կողմից` իր ընդգրկմամբ և թվաքանակով չի համապատասխանում պետության առկա ֆինանսական հնարավորություններին: Ցանկում տեղ են գտել կարիքավորության տարբեր աստիճան ունեցող անձանց կատեգորիաներ, օրինակ` 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամները, որպես կանոն, աշխատելու հնարավորություն ունեցող քաղաքացիներ են, և ինքնըստինքյան պարտադիր չէ, որ համարվեն աղքատ` բացառապես հաշմանդամ լինելու պատճառով:
Դրա հետ մեկտեղ` այդ ցանկերում ընդգրկված անձանց մեծ թվաքանակը, որը կազմում է ողջ բնակչության շուրջ 35 տոկոսը, զուգորդված բյուջետային ֆինանսավորման սահմանափակ ծավալների հետ, բերում է նրան, որ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների գները հաճախ սահմանվում են իրական ծախսերի մակարդակից ցածր, ինչն առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր և ստվերային շրջանառություն՝ բացասաբար ազդելով նաև մատուցված ծառայությունների որակի և մատչելիության վրա:
Նախագծով առաջարկվում է վերանայել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկը՝ «առաջնահերթությունը տալով աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիներին: Նման մոտեցումն առավել համահունչ կլինի առողջապահության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աղքատամետ սոցիալական քաղաքականությանը և կնպաստի դրա թիրախայնության բարձրացմանը: Այս մոտեցման ընդունման դեպքում, ցանկում ընդգրկված խմբերի թվաքանակի կրճատման հետ միաժամանակ՝ հնարավոր կլինի իջեցնել անապահովության միավորի շեմը՝ ներկայիս 36.00-ից մինչև 30.00 միավորի, ինչը թույլ կտա ընդլայնել անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող կարիքավոր խմբերի շրջանակը շուրջ 270.000 անձով»:
Նախագծում ասվում է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գների մակարդակն առողջապահության ֆինանսավորման ոլորտում այսօր առկա հիմնական և ամենասուր խնդիրներից մեկն է. «Այդ գները, որպես կանոն, հիմնված չեն տնտեսագիտորեն հիմնավորված ինքնարժեքի հաշվարկի վրա, հետևաբար՝ չեն արտացոլում տվյալ ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերի իրական մակարդակը: Գների որոշման հիմքում հաճախ դրվում է տվյալ ծրագրի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ֆինանսավորման ծավալը և կանխատեսվող դեպքերի թվաքանակը (արտահիվանդանոցային ծառայությունների դեպքում` սպասարկվող բնակչության թվաքանակը)»: Նախագծում առաջարկված են արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմներ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ ֆինանսավորման հետ կապված բավական թերություններ կան. «Դրանք են՝ պետպատվերն առավել հասցեական դարձնելու, դրա հետ կապված` մանկությունը, մայրությունը առաջնահերթություն համարելն է, նաև առաջնային ամբուլատոր օղակն ամբողջապես անվճար դարձելը: Բայց պետք է նաև հասկանանք, թե ինչպես պետք է մեր ամբուլատորիաները կարողանան գոյատևել, մենք նաև վարձատրության հետ խնդիրներ ենք դնում այս փաստաթղթում: Ընդհանրապես ապագայում ֆինանսական հայեցակարգից բխելու են բազմաթիվ որոշումներ: Սա կազմել է ընդհանուր հայեցակարգը»:
Դ. Դումանյանն ասաց նաև, որ նախագծի վրա բավական երկար ժամանակ են աշխատել. աշխատանքները սկսվել են իր նշանակումից մոտ մեկ ամիս հետո: