Լևոն Զուրաբյան. էդ ե՞րբ ենք լռել, որ հիմա լռենք

168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի՞տ է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի տեսակետին, թե «ընդդիմությունը փլատակների մեջ է»: «Ես գնահատում եմ դա որպես ինքնաքննադատություն ու երևի նկատի ունի իրենց վիճակը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է լուռ ընդդիմությունը, ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ն առաջիկա չորս տարիներին, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «էդ ե՞րբ ենք լռել, որ հիմա լռենք: Շարունակելու ենք անել այն, ինչ արել ենք 2008 թվականից սկսած: Սահմանադրությամբ տրված բոլոր միջոցներով՝ ներառյալ երթեր, հանրահավաքներ, հանրային միջոցառումներ, բացահայտումներ, մեղադրանքներ իշխանության նկատմամբ: Մենք շարունակելու ենք բացահայտել իշխանության դեմքը ժողովրդի առաջ,- ասաց նա՝ ավելացնելով,- Իզուր եք կարծում, որ Հայաստանի իշխանավորներին չորս տարվա հանգիստություն է տրված լինելու: Իրականում պետությունն ու պետական կառույցները մոտենում են այն գծին, որից հետևում է կոլապսը, ժողովրդի սոցիալական ընդվզումն աճում է, արտագաղթի տեմպն էլ անգամ խաղաղ պայմաններում մեծացել է»:

Ըստ Լ. Զուրաբյանի՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում: Իսկ իշխանություններն էլ, նրա համոզմամբ՝ կառավարելու մեծ ռեսուրս չունեն:

168.am-ի հարցին՝ արդյոք արտագաղթի մեծացման պայմաններում ընդդիմության հեղափոխություն իրականացնելու ռեսուրսը ևս չի նվազո՞ւմ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Շատ լավ: Բայց հանգուցալուծում պետք է գտնվի, չէ՞, իսկ այն լինելու է: Եթե իշխանությունները չգնա զիջումների ճանապարհով, ընդդիմությունն էլ չկարողանա ժողովրդավարական ընդվզումը տեղափոխել ավելի կառուցողական դաշտ, ուրեմն՝ հանգուցալուծումը կլինի ամենաքանդարար ձևով»:

Կարդացեք նաև

Ընդդիմության նախորդ հինգ տարիների գործունեությունը Լ. Զուրաբյանը  «շատ արդյունավետ» է գնահատում՝ նշելով, որ 2008 թվականին իշխանափոխությունը համարյա կատարված էր, պարզապես ժողովրդի ընդվզումը ճնշվեց արյան մեջ: «Իշխանությանը թվում էր, թե ճխլեցին՝ ավարտվեց, բայց իրականում շարժումը վերականգնվեց: Մենք տարանք երկարատև պայքար ու հասանք նրան, որ մեր պահանջները կատարվեցին: Էլ արդյունավետությունը ո՞նց է լինում»:

Տեսանյութեր

Լրահոս