Բաժիններ՝

Մեր երկրում մտքի և կարծիք արտահայտելու սով կա

Այսօր լրանում է «Փոփ հանրագիտարան» հաղորդման ծննդյան 2-ամյակը: Ուղիղ երկու տարի առաջ հեռուստատեսությամբ սկսեց եթեր հեռարձակվել մի հաղորդում, որի շնորհիվ հանրության լայն շրջանակներին պարզ դարձավ այս կամ այն հայտնի մարդու կյանքի խնամքով թաքցված իրադարձություններն ու փաստերը:

168.am-ի զրուցակիցը լրագրող, «Փոփ հանրագիտարան» հաղորդման հեղինակ Մհեր Բաղդասարյանն է:

– Մհեր, նկատելի է, որ «Փոփ հանրագիտարան» հաղորդման նկատմամբ հանրության կողմից կա մեծ հետաքրքրություն: Ի՞նչ եք կարծում` ինչո՞վ է դա պայմանավորված: Մարդկանց շարունակո՞ւմ են հետաքրքրել հայտնիների կյանքի չբացահայտված և խնամքով պահված փաստերն ու իրադարձությունները:

– Մի փոքր պրիմիտիվ մոտեցում է, երբ ասում են, որ ինչքան անկողինը կամ անդրավարտիքը թափ տաս, այնքան դա մարդկանց կհետաքրքրի: Մենք վերջերս Գալյա Նովենցի կյանքի դրամայի մասին հաղորդում ունեցանք, որը պետք է ըստ էության մեր թիրախային լսարանին չհետաքրքրեր, որովհետև նրանց ավելի շատ հետաքրքրում են, օրինակ, Լիլուի ու Խորեն Լևոնյանի անցած հարաբերությունները: Յուրաքանչյուր հաղորդման դեպքում ինտրիգները ջրի երես հանելու խնդիր կա: Գալյա Նովենցի մասին պատմող հաղորդման դեպքում էլ ինտրիգ կար` Սիրանուշի դերը նախատեսված չի եղել Գալյա Նովենցի համար: Այսինքն` մեզ վարկանիշ են բերում ոչ թե շրջանառվող հանրային դեմքերը, այլ յուրաքանչյուր հաղորդման նկատմամբ մեր ունեցած մոտեցումը:

mher3

Կարծում եմ` մեր երկրում մտքի և կարծիք արտահայտելու սով կա: Սա ինձ համար այնքան ցավալի է: Վերջերս «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ կապված մի ստատուս էի գրել և չէի մտածում, որ ինչ-որ արտասովոր բան եմ գրել: Կես ժամվա ընթացքում բոլոր կայքերն ու մի քանի հեռուստաալիքներ իմ ստատուսն էին մեջբերել: Չեմ կարծում, որ սա նրանից է, որ ես հայտնել եմ աննախադեպ կարծիք, կամ ես այնքան քննարկվող մեդիադեմք եմ, որ իմ արտահայտած յուրաքանչյուր կարծիք հետաքրքիր է, այլ պարզապես նրա համար է, որ մեր երկրում սովոր չեն, երբ մարդիկ կարծիք են արտահայտում:

– Ամեն դեպքում, Ձեր հաղորդման շրջանակներում ավելի շատ անդրադարձ է կատարվում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Սպասվո՞ւմ է, որ առաջիկայում կանդրադառնաք արվեստին ավելի մոտ կանգնած մարդկանց:

– Մենք պարբերաբար ունեցել ենք այնպիսի հաղորդումներ, որոնք անդրադարձել են տվյալ ժամանակաշրջանի արվեստին մոտ կանգնած մարդկանց: Օրինակ, հաղորդում ենք ունեցել Էլվինա Մակարյանի մասին: Խնդիրն այն չէ, որ մենք պետք է անպայման անդրադառնանք պոպուլյար մարդկանց, կամ «աստղերին», կամ էլ դասական համարվող արտիստներին, խնդիրն այն է, որ պետք է փնտրենք ու գտնենք այն, ինչը մեզ պետք է:

– Ի՞նչ եք նկատում` Գալյա Նովենցի կամ Էլվինա Մակարյանին վերաբերող հաղորդումներն ունեցե՞լ են նույնքան դիտում, որքան շոու-բիզնեսի որևէ «աստղի» մասին հաղորդումը:

– Բնականաբար` ոչ: Հեռուստատեսությունն իմ դիտարկմամբ՝ երկու նժար ունի. մի նժարին դրված է հեռուստատեսության իմիջը, մյուսում` ռեյտինգը: Երբ ռեյտինգը բարձրանում է, իմիջն իջնում է: Այդ պատճառով պետք է ժամանակ առ ժամանակ իմիջի նժարն էլ բարձրացնել, ու երբ դու արդեն որոշակի հեռուստատեսային պատմություն ու մարդկանց զանգված ունես, կարող ես լսարանին քո դիտարկումներին հարմարեցնել և ոչ թե՝ հարմարվել նրանց:

mher2

– Իսկ ի սկզբանե ինչո՞ւ որոշեցիք նման ձևաչափի հաղորդում պատրաստել: Պատճառը հեռուստատեսության դաշտում նման ձևաչափի հաղորդման պակա՞սն էր, թե՞ ամեն դեպքում մենք շարունակում ենք ապրել ու հետաքրքրվել ուրիշների կյանքով:

– Մենք այնքան էլ շատ չենք հետաքրքրվում ուրիշների կյանքով, պարզապես մենք անհարմար չենք զգում մարդկանց  ուղիղ հարցնել այն ամենն, ինչի մասին խոսում են իրենց ետևից: Խնդիրն այն չէ, որ նման հաղորդումներ չկան, մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ էլ վերջինը, պարզապես ես կարծում եմ, որ հայկական հեռուստաընկերությունում ժուռնալիստական, մասնագիտական մոտեցման պակաս կա: Մենք որքան էլ հետաքրքրվենք Լիլուի և Խորեն Լևոնյանի անձնական կյանքով, դա անում ենք ժուռնալիստական էթիկայի, սկզբունքների, ժուռնալիստի վարպետությանը համապատասխան:

– Ձեր հաղորդման տեսանյութերը  տեղադրվում են նաև բազմաթիվ լրատվական կայքերում…

– Կայքերից մեկի հետ մենք համագործակցում ենք, այն պաշտոնապես հաղորդումների տեսագրությունները տեղադրելու թույլտվություն ունի, մնացած կայքերն ինձ երբևէ տեղադրելու մասին չեն տեղեկացրել: Ամեն դեպքում, ես դեմ չեմ դրան, որովհետև բոլոր դեպքերում մեր հեղինակային իրավունքները չեն խախտվում: Եթե կայքերը նկատած չլինեին, որ դա հետաքրքրում է լսարանին, նրանք ժամանակ չէին վատնի նյութը տեղադրելու համար: Դա նրանց համար շահավետ է, մեզ համար, հավանաբար, ևս, որովհետև նյութը տարածվում է:

– Իսկ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք գտնվում այն մարդկանց հետ, ովքեր հայտնվում են Ձեր հաղորդման թիրախում:

mher1– Ես աշխատում եմ ոլորտում և հաճախ լինում եմ այնպիսի վայրերում, որտեղ ներկա են լինում նաև նրանք: Նրանց հետ նորմալ շփման մեջ եմ, այլ խնդիր է, որ իրենք կարող են մեզնից նեղանալ կամ չնեղանալ: Պարզ է, որ կլինեն մարդիկ, ովքեր կնեղանան, պարզ է, որ ես էլ որքան էլ լրագրող լինեմ, առաջին հերթին՝ մարդ եմ: Լրագրողի մասնագիտությունը շատ մոտ է բժշկի մասնագիտությանը, և լրագրողը պետք է փորձի մարդուն չվնասել: Երբեմն մենք դեմ ենք գնում մեր առաջ դրված բարոյական սկզբունքներին և հանուն ռեյտինգի վնասում ենք: Շատ դժվար է գայթակղությանը դիմանալ այն դեպքում, երբ դու տիրապետում ես որևէ ինֆորմացիայի: Ասեմ, որ երբեմն մենք դիմանում ենք գայթակղությանը և չենք հրապարակում:

– Ի՞նչ եք կարծում` հանրային դեմքերն իրենց նկատմամբ հնչող քննադատությունների նկատմամբ վերաբերմունքը փոխե՞լ են:

– Գուցե սկզբում եղան մի քանի հոգի, ովքեր շատ վատ արձագանքեցին, չնայած դրանից ոչինչ չփոխվեց: Ինձ նույնիսկ սպառնացել են, զանգել են իմ տնօրինությանը, և փորձել են փակել հաղորդումը… սա նորմալ է:

Վերջերս ես լսում եմ այնպիսի կարծիքներ, թե մեր հաղորդումը սկսել է հանրային դեմքերին ավելի քիչ քննադատել: Ես դա չեմ նկատում, մենք շարունակում ենք աշխատել նույն սկզբունքով: Անգամ, եթե ոչ գիտակցված կերպով մենք ավելի մեղմ ենք, նկատելի է, որ մեր տեսակետը հիմա ավելի հասուն է, քան նախկինում:

– Իսկ Ձեր կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ վատագույն մրցանակները ստացած երգիչ-երգչուհիների մոտ որակական փոփոխություններ նկատո՞ւմ եք:

– Դա կախված է անհատից: Պարզ է, որ իրենց անվան կողքին որպես պիտակ ավելանում են, օրինակ, «տարվա վատագույն երգչուհի», «տարվա վատագույն երգիչ», պիտակները, այլ հարց է` իրենք դա որպես պիտակ ընկալո՞ւմ են, թե՞ ոչ: Ոմանց մենք համոզում ենք, որ բարձրանան բեմ և արժանապատվորեն ստանան իրենց մրցանակները, ոմանք ծիծաղով ստանում են մրցանակները, բայց դուրս գալուն պես՝ արտասվում… շատ անհատական է: Ես ինքս երբեք չէի բարձրանա բեմ և չէի ստանա վատագույնի մրցանակ: Մարդը` որպես հանրային դեմք, պետք է այնքան կայացած լինի և այնքան հասուն` որպես մեդիադեմք, որ կարողանա պարտության մրցանակները լսարանի առջև արժանապատվորեն ստանալ: Ես գուցե դրան պատրաստ չեմ:

– Ձեր հաղորդման նկատմամբ քննադատություններ հաճա՞խ են հնչում:

– Այո: Պարզ է, թե ինչու մեր հաղորդման հասցեին պետք է հնչեն քննադատություններ, և դա չկանխատեսելը մեր կողմից անմիտ կլիներ: Եթե մենք բացասական տեսանկյունից անդրադառնում ենք Միհրան Ծառուկյանին և Արամեին, պարզ է, որ նրանց դեռահաս երկրպագուները պետք է մեզ բոյկոտեն:

– Կցանկացա՞ք ինչ-որ բան ավելացնել:

– Կուզենամ ասել, որ մենք հետևորդներից բացի՝ ունենք նաև մեծ թվով արձագանքողներ, ովքեր տարբեր դիտարկումներ են անում, առաջարկում շտկել թերացումները, և այլն: Հետադարձ կապը զանգվածային լրատվամիջոցի պարագայում ամենակարևոր բանն է, և ես պետք է շնորհակալ լինեմ յուրաքանչյուր արձագանքի, դիտարկման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս