ArtA խումբն իմ ստեղծագործական և երգեցողության խաչմերուկն է
«Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակից, ArtA խմբի հիմնադիր, երգիչ Աիդին Դավուդին ծնունդով Պարսկաստանից է: Նա 2005 թվականից բնակվում է Հայաստանում:
«Մասնագիտությամբ ես դասական կոմպոզիտոր եմ, Պարսկաստանում ավարտել եմ եվրոպական դպրոցի ժամանակակից դասական կոմպոզիցիայի բաժինը և հետաքրքրված էի ռուսական դպրոցի դասական կոմպոզիցիայով: Այդ պատճառով էլ դիմեցի Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիա, և նրանք ինձ անվճար ուսման հնարավորություն տվեցին: Բայց հայրս չթողեց, որ ես Մոսկվա գնամ, քանի որ նա մեծ հարգանք ուներ հայ մշակույթի նկատմամբ: Նա ասաց՝ «Սովետական շրջանում Հայաստանը եղել է արվեստի կենտրոն, Ռուսաստան գնալու փոխարեն՝ գնա Հայաստան»: Լսեցի նրան, եկա Հայաստան և տեսա, որ հայրս միանգամայն ճիշտ էր: Այստեղ էլ ընդունվեցի Կոնսերվատորիա…»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Աիդինը:
– Աիդին, մինչ Հայաստան գալն ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին:
– Քանի որ ես պատմություն առարկայից շատ լավ եմ, Հայաստանի մասին մինչ գալս շատ բաներ գիտեի: Չորս տարեկանից ես՝ դասական, պարսկական ժողովրդական երաժշտություն լսելուց բացի, մեծացել եմ նաև հայկական ժողովրդական երաժշտության ներքո: Հիշում եմ, որ փոքր տարիքում «Սուսերով պարի» ժամանակ ուրախանում էի: Եթե ես եկել եմ Հայաստան՝ իմանալով միայն «բարև», «գարեջուր», «այստեղ կանգնեք» բառերը և երեք ամսվա ընթացքում կարողացել եմ շատ լավ հայերեն սովորել, սա միանշանակ խորին զգացմունքս է դեպի Հայաստան` որպես դարձած հայրենիք:
– Եկար Հայաստան, ընդունվեցիր Կոնսերվատորիա, ավարտեցիր, իսկ հետո ի՞նչ եղավ:
– Ես Հայաստան եկա 16-17 տարեկանում՝ անչափահաս տարիքում, և չափահաս դարձա Հայաստանում, այսինքն՝ Հայաստանն ինձ համար հայրենիք դարձավ: Իմ առաջին լուրջ սերը եղել է հայուհի, իմ կյանքի ընկերները՝ Տիրան Կարապետյանը, Արտավազդ Բաղդասարյանը, Վլադիմիր Աղաջանյանը և Անդրե Վարդանյանը հայեր են: Նրանց հետ կարծես ընտանիք դարձանք: 2009 թվականին հրավիրվեցի «Նաիրի» ռոք խումբ, այնուհետև հիմնեցի ArtA խումբը, և Արտավազդը, Վլադիմիրը և Անդրեն համաձայնեցին դառնալ ArtA խմբի անբաժանելի մասը: ArtA-ն իմ ստեղծագործական և երգեցողության խաչմերուկն է հանդիսանում: Այն դասական սիմֆոնիկ ռոք խումբ է: Մի խոսքով` խումբը, իր արժեհամակարգը և իր երաժշտությունը կարծես իմ ստեղծած սեփական երեխան լինեն:
– Իսկ ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին:
– Մինչ նախագծին մասնակցելը «Նաիրի» խմբի հետ համագործակցելով՝ ես ռոք սիրողների կողմից արդեն ճանաչված էի: Ես գտա այն հնարավորությունը, որ այս նախագծի շնորհիվ ողջունեմ ռոք չսիրողներին: Ինքս դեմ լինելով մրցույթների ձևաչափին, քանի որ կարծում եմ, որ արվեստի մեջ առաջին, երկրորդ տեղ չկա, առանց մի վայրկյան մտածելու՝ որոշեցի մասնակցել այս նախագծին, քանի որ ամեն ինչ պրոֆեսիոնալ էր կազմակերպված: Եվ, ինչպես նկատում եք, ոչինչ ավարտված չէ, և «Հայաստանի Ձայնը» հնարավորություն է ստեղծում մասնակիցներին պարբերաբար ոչ մրցութային և գալահամերգային բեմեր բարձրանալ:
– ArtA խմբով ակումբներում համերգներ տալի՞ս եք:
– Մենք կտրականապես ArtA-ով ակումբներ չենք մտնում: Մեծ ձայնային ծավալ ներկայացնող խումբն ակումբում չի հնչի: Մի փակագիծ կարող եմ բացել. հիմա ես ռոք օպերա եմ գրում, կոչվում է «Kill the dragon» («Սպանիր վիշապին»): Այն ինձ հետ միասին կերգեն հայտնի դասական և ռոք երգիչները ողջ աշխարհից: Սպասվում է նաև ձայնասկավառակ, իսկ ինչ վերաբերում է համերգներին, ապա ասեմ, որ մայիսի 16-ին, 17-ին տեղի ունեցավ Arm Rock Competition-ը, որին մենք` որպես հյուր, խմբով ելույթ ունեցանք: Մայիսի 19-ին էլ «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակիցների հետ համերգ ունեցանք, որին կրկին խմբով ներկայացանք: Հուլիսի կեսերին էլ մեր խումբը Հայաստանը ներկայացնելու է Վրաստանում անցկացվող երաժշտական մեծ փառատոնին: Փառատոնին հանդես են գալու նաև հայտնի համաշխարհային խմբեր, և մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանը ներկայացնող խումբը մենք ենք և կատարելու ենք ամենածանր գործը` փառատոնի բացումը:
– Եթե անդրադառնանք Հայաստանին՝ քեզ այստեղ ինչպե՞ս ես զգում:
– Առանց որևէ կեղծ հաճոյախոսության՝ ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Իմ պարտքն եմ զգում Հայաստանին, որ ինչքան հնարավոր է լավ գործեր այստեղ կատարեմ:
– Մեզ բնորոշ դրական մի հատկանիշ կառանձնացնե՞ս:
– Շատ եմ սիրում, որ այստեղ առանց միմյանց ճանաչելու՝ կարող ենք իրար «եղբայրով», «քույրով» դիմել: Էներգետիկ դաշտի առումով՝ սա շատ դրական է: Ճիշտ է, շատ դեպքերում այս բառերը բացասական են ընկալվում, բայց գլոբալ առումով՝ «եղբայր», «քույր» բառերի շնորհիվ հարազատության դաշտ է ձևավորվում:
Առիթից օգտվելով` խորին շնորհակալությունս եմ հայտնում ժողովրդին, որ, ինչպես միշտ արվեստին երկրպագելով և նաև ինձ համարձակություն ներշնչելով, օրեցօր էլ ավելի առիթ է հանդիսանում, որ արվեստագետն իրեն բեմում լիարժեք զգա, քանի որ արվեստագետն առանց ժողովրդի ուշադրության՝ ոչինչ է: