Վ. Այվազյան. «Տեղյակ պահողը քննարկողը պետք է լինի, ինչը պետք է տեղյակ պահեն՝ որ քննարկո՞ւմ են… հա քննարկում են, հետո՞
Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը երեկ սենսացիոն բացահայտում է արել. «Պարզվեց, որ հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը, և այդ փաստաթղթերի փաթեթում կա հղում, կցված է պայմանագիր, ըստ որի՝ գազի նոր գինն ուժի մեջ է ապրիլի 1-ից սկսված: Փաստորեն գազի գնման պայմանագիր նոր սակագներով կնքվել է ապրիլի 1-ին»:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ ՀԱԿ պատգամավորի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: «Ազգաբնակչությունը, իրավաբանական անձինք լավագույն դեպքում ոչ շուտ հուլիս ամսից եք ճարելու»:
Մեր հարցին, թե ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ապրիլի 1-ին ձեռք չի բերվե՞լ, ինչպես հայտարարեց Լևոն Զուրաբյանը, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Նման պայմանավորվածություն չկա: Առաջին անգամ հայտը հանրային հանձնաժողովը ստացել է մայիսի 14-ին»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավորի այն հայտարարությանը, թե լուրջ հիմքեր կան հայտարարելու, որ սակագների բարձրացման գործարքը կնքվել էր դեռևս հոկտեմբերի 24-ին, «համենայնդեպս՝ կար պայմանավորվածություն՝ առնվազն ռուսական կողմի հետ», ինչը, Լ. Զուրաբյանի հավաստմամբ, իշխանությունը թաքցրել է նախագահական ընտրություններում՝ բացասական ազդեցությունը կանխելու համար, Վարդան Այվազյանն այսպես արձագանքեց.
«Էնքան բան է հնարավոր… Շատ հնարավոր է, որ իրենք այդ ինֆորմացիան ապատեղեկատվության համար են ասում… Հնարավորությունները շատ են, բայց ես սիրում եմ փաստերով խոսել: Մայիսի 14-ին հանձնաժողովը ստացել է հայտ, քննարկում ենք անցկացրել ու դրա արդյունքում իրենք պետք է գազի գին ձևավորեին: Ներկայացրած ժամկետից հետո, երբ իրենք պետք է պաշտոնական հրապարակում կատարեն, գազի գինն ու էլէկտրոէներգիայի գինը մեկ ամիս հետո ուժի մեջ կմտնի: Հակառակ դեպքում՝ գազի գինն այլ տարբերակով վճարման ենթակա չէ: Այսօր էլ ենք մենք վճարելու 131 դրամով, հունիս ամսին էլ… մինչև հանրային խորհուրդը չհրապարակի»:
Վարդան Այվազյանի խոսքով՝ եթե պայմանավորվածություն ձեռք բերվեր ապրիլի 1-ին, ապա հիմա արդեն հասարակությունը գազի գնի համար կվճարեր նոր սակագներով: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ հանրային խորհուրդը հայտը ստացել է մայիսի 14-ին, իսկ բանակցություններ, քննարկումներ այսօր էլ են ընթանում:
«Հենց այսօր գազի նոր գնի հետ չկապված նոր քննարկում է գնում: Քննարկում է գնում, որ գազի գինը գոնե հինգ տարի անփոփոխ թողնեն»,- նշեց նա՝ ավելացնելով, որ անցյալ տարի ևս գազի գնի փոփոխման մասին քննարկումներ եղել են:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեք բարձրաձայնել, որ հնարավոր է գազի գնի փոփոխություն լինի, Վ. Այվազյանը պատասխանեց. «Տեղյակ պահողը քննարկողը պետք է լինի: Ի՞նչը պետք է տեղյակ պահեն՝ որ քննարկո՞ւմ են… հա քննարկում են, հետո՞»: