
Թուրքիայում ձերբակալվել է Red Hack-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցած սպան

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ձերբակալվել է թուրքական ցանցահենային խմբավորմանը գաղտնի փաստաթղթեր հանձնելու մեջ կասկածվող ժանդարմերիայի սպան:
Այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ Հուսեին Չելիքը. «Դա հաքերային հարձակման արդյունք չէ: Ժանդարմերիայի շարքային ծառայողն իր բջջային հեռախոսով լուսանկարել է դրանք և ուղարկել է նրանց: Երբ դա հայտնի դարձավ, նա ձերբակալվեց»:
Թուրքական Red Hack ցանցահենային խմբավորումը մայիսի 22-ին հրապարակել էր Ժանդարմերիայի հետախուզական դեպարտամենտին պատկանող փաստաթղթեր, որոնց համաձայն, Սիրիայում գործող և «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» հակակառավարական խմբավորումը պլանավորել էր պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի միջոցով ահաբեկչություն իրականացնել Թուրքիայում:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերն իր հերթին հայտարարել է, որ այդ փաստաթղթերը չեն ստացվել Ժանդարմերիայի կայքը կոտրելու միջոցով: