
Ռեյհանլըի ահաբեկչությունն իրականացրել է սիրիական ընդդիմությունը. Red Hack

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Red Hack ցանցահենների խումբն ուշագրավ փաստաթղթեր է հրապարակել՝ կապված մայիսի 11-ին Ռեյհանլում տեղի ունեցած պայթյունների հետ, որոնց հետևանքով զոհվել է 51 մարդ:
Այդ փաստաթղթերը պատկանում են Ժանդարմերիայի հետախուզական բաժանմունքին: Այդ փաստաթղթերում ամենաուշագրավ նախադասությունն այն է, որ Թուրքիայի դեմ ուղղված գործողության նախապատրաստման մասին թուրքական հետախուզությունն իրազեկվել է ապրիլի 25-ին:
Բացի այդ, դրանցում խոսք է գնում, որ Թուրքիայի դեմ ուղղված այդ գործողություններում ներգրավված է Սիրիայում գործող ամենաազդեցիկ զինված ընդդիմադիր խմբավորումներից «Ջեբհաթ Ալ Նուսրան», որի զինյալները պայթուցիկով են բեռնելու երեք ավտոմեքենա և ուղարկելու են Թուրքիա:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ ամենը «կեղծիք» է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պայթյուններից հետո հայտարարել էր, որ այդ ահաբեկչությունը «կազմակերպել» են Սիրիայի հատուկ ծառայությունները: