
Գազի գինը կդառնա 156 դրամ. ՀԾԿՀ ներկայացուցիչ

ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում արդեն սկսել է քննարկել «ՀայՌուսգազարդ» ընկերության՝ բնական գազի սակագնի վերանայման հայտը։ Ինչպես այսօր «Մեդիակենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ նշեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, ամսական 10,000 խմ-ից պակաս սպառում ունեցող բաժանորդների համար 1 խմ գազի սակագինը կկազմի 156 դրամ։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի թանկացմանը տեղեկացել է մայիսի 14-ին: Հաշվի առնլով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց՝ 156 դրամ»:
Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդը» մայիսի 14-ին գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել ՀԾԿՀ-ին` խնդրելով ամսական մինչև 10 000 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը 132 000 դրամից դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Փաստորեն, վերջնական տարբերակով հանձնաժողովը կհաստատի 156 000 դրամ՝ 18%-ով ավելի բարձր գործող սակագնից։