Բաժիններ՝

Անդրեասյան եղբայրները «թռչում» են Հոլիվուդ

Կաննի 66-րդ կինոփառատոնի շրջանակներում «Ռուսական տաղավարի» ներկայացման ժամանակ պրոդյուսերներ Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը և Գեորգի Մալկովը հայտարարել են կինոարդյունաբերական նոր՝ Glacier Films ընկերության հիմնադրման մասին: Այն ստեղծվելու է ամերիկացի եղբայրներ, պրոդյուսերներ Թոուվ և Հեյդեն Քրիստենսենների հետ միասին: Մոտ ապագայում ընկերությունը պլանավորում է նկարահանել 11 ժապավեն. առաջինի նկարահանումները կսկսվեն հենց ամռանը:

Անդրեասյան եղբայրները Ռուսաստանում հանդիսանում են 2010թ. ստեղծված Enjoy movies ընկերության սեփականատերերը: Այս ընկերությունն արտադրել է այնպիսի հաջողված դրամարկղային ժապավեններ, ինչպիսիք են՝ «Հղի տղամարդը», «Մայրիկները», «Ինչ են անում տղամարդիկ»: 2012թ. այս ընկերությունը ռուսաստանյան պրոդյուսերական կենտրոնների և կինոընկերությունների ցուցակում առաջին տեղն էր զբաղեցնում:

Kinopoisk.ru կայքին տված հարցազրույցում Ղևոնդ Անդրեասյանը պատմել է, որ հոլիվուդյան նախագծի ստեղծման գաղափարն իրենք դեռ վաղուց են ունեցել: «Ի դեմս Քրիստենսեն եղբայրների՝ մենք ձեռք բերեցինք «A» կարգի հոլիվուդյան աստղ-գործընկեր և փորձառու պրոդյուսերներ, որոնց մասնակցությունը մեր համատեղ ընկերությունում հնարավորություն կտա բանակցություններ վարել հոլիվուդյան դերասանների և միջազգային դիստրիբյուտորների հետ, ինչպես նաև՝ ներգրավել հաջողված հոլիվուդյան ֆիլմերում աշխատանքային փորձ ունեցող մի խումբ մասնագետների»,- ասել է Ղ. Անդրեասյանը:

Նոր ստեղծվելիք ընկերության առաջին ֆիլմը կոչվելու է «Կողոպուտ ամերիկյան ձևով»: Նկարահանումները կսկսվեն հունիսի 18-ին, Նոր Օռլեանում, իսկ դերասանական կազմը կհրապարակվի պաշտոնական պայմանագրերի կնքումից հետո:

Գեորգի Մալկովի խոսքով, Glacier Films ընկերությունն իրենց հնարավորություն կտա դուրս գա միջազգային շուկա: «Մեծ բյուջեով դիտարժան կինո նկարահանելու համար պետք է հասկանալ՝ ինչպես վերադարձնել գումարները: Եվ այստեղ միայն մեկ հնարավորություն կա՝ միջազգային դիստրիբյուցիան, իսկ դա նշանակում է, որ ֆիլմը պետք է լինի «հոլիվուդյան»՝ աշխահահռչակ դերասանների մասնակցությամբ և պետք է լինի հետաքրքիր՝ անկախ նրանից, թե ինչ ազգության պատմություն է ներկայացնում»,- ասել է պրոդյուսերը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս