Կարկտահարության պատճառով միրգը թանկ կլինի. Գյուղատնտեսության նախկին նախարար
Արմավիրի մարզն ապահովում է հանրապետության գյուղարտադրության մոտ 30%-ը, և կարկտահարության պատճառով բերքի վերացման հետևանքով հատկապես մրգի գների բարձրացում է սպասվում: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանը:
Նրա կարծիքով, կառավարությունն առաջին հերթին՝ պետք է կարողանա գյուղացիների վերցրած վարկերի կապակցությամբ բանկերի հետ համաձայնության գալ ու 1 տարով երկարաձգել վարկերի մարման ժամկետը, որովհետև առանց դրա գյուղացին չի կարող վարկը փակել. «Երկրորդ քայլը՝ պետք է տուժած գյուղացիներին ապահովեն պարարտանյութով, բայց ոչ միայն ազոտական, այլ նաև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութեր տալ, որովհետև ազոտական պարարտանյութը միայն նպաստում է բերքի ավելացմանը, իսկ այս դեպքում հողն ամբողջովին զրկվել է իր բոլոր սննդատարրերից: Այս պահին գյուղապետարաններին պետք է կարողանան դոտացիա տալ, որ հողի հարկից ազատեն տուժածներին, նաև պետք է հողերն ավելի շատ ջրել, ու ջրի վարձի բեռը պետք է ինչ-որ կերպ մեղմեն»:
Ըստ Դ.Զադոյանի՝ այստեղ խնդիրն այն է, որ հանրապետությունում կիրառվող հակակարկտային համակարգը սպառված է, Հայաստանում իրեն չի արդարացնում և չի կարող արդարացնել:
«Հատկապես Արարատյան դաշտավայրի համար հակակարկտային կայանների կիրառումն արդարացված չէ, քանի որ Արարատյան դաշտավայրում կարկտային ամպերը կուտակվում են Մասիսի փեշերին, որտեղ իրավունք չունենք կրակել, իսկ երբ կարկտաբեր ամպը ձևավորված գալիս է մեզ մոտ, ու այդ ժամանակ ենք կրակում, մենք ընդամենն արագությունն ենք փոխում, ու ոչ մի օգուտ չի տալիս: Դրան էլ եթե գումարենք հայկական մենթալիտետը, որ մի գյուղապետ իր հակակարկտային կայանն ունի, մյուսը՝ իր, դրանք էլ եթե ոչ համակարգված են կրակում, ապա ոչ ճիշտ ժամանակին կրակելու դեպքում հակառակ արդյունքն է ստացվում, և մեծ քանակությամբ կարկուտ է առաջանում: Եթե ոչինչ չանեին, չկրակեին, վնասն ավելի քիչ կլիներ»,- ասաց Դ.Զադոյանը:
Նախկին նախարարի խոսքով՝ կարկուտից պաշտպանվելու համար այսօր ամբողջ աշխարհն ավելի արդյունավետ համակարգից՝ ցանցերից է օգտվում: Այն սկզբնական շրջանում մի փոքր ավելի թանկ է, բայց տարեցտարի գյուղերում խաղողի և պտղատու այգիները ցանցապատելու դեպքում կմնան միայն բանջարաբոստանային կուլտուրաները, որը փոքր մաս է կազմում, ու ամեն տարի չէ, որ կարկուտ կարող է գալ: