Արմեն Մովսիսյանը վստահեցնում է՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը չի վաճառվի
Հայաստանը չի պատրաստվում վաճառել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը` վերջնական սպառողի համար գազի սակագնի սուբսիդավորման նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հարցին, թե այդ դեպքում կառավարությունն ինչ միջոցներով է սուբսիդավորելու ռուսական գազի 30%-ը, նախարարը պատասխանել է, որ այս ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Իսկ հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը 2012-ի կտրվածքով կազմել է $232,4, Մովսիսյանը նշեց, որ բանակցությունները ռուսական կողմի հետ երկար շարունակվել են, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ռուսական գազը Հայաստան կառաքվի $180-ով:
Նշենք, որ մոտավոր հաշվարկներով` Հայաստան առաքվող գազի սակագնի 30%-ի սուբսիդավորման համար կպահանջվի մոտ 140 մլն դոլար: