
Մոտ ժամանակներս Վանո Մերաբիշվիլիի դեմ կներկայացվեն նոր մեղադրանքներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի դեմ մոտ ժամանակներս կներկայացվեն նոր մեղադրանքներ: Այս մասին այսօր հայտարարել է Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազ Իլյա Ջալագանիան:
Մերաբիշվիլին ձերբակալվել է այսօր, նրա նկատմամբ ներկայացվել է երեք հոդվածով մեղադրանք՝ կապված կոռուպցիոն գործունեության երկու դրվագի հետ: Ջալագանիան հավելել է, որ Մերաբիշվիլիի նկատմամբ նոր մեղադրանքներից մեկն առնչվում է 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում անցկացված ակցիայի մասնակիցներին բռնի ցրելու հետ, ինչն արվել է անմիջապես Մերաբիշվիլիի հրահանգով:
Ջալագանիան հիշեցրել է, որ այդ ակցիայի բռնի ցրման հետևանքով զոհվել էր երկու մարդ և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել բազմաթիվ մարդիկ: Ջալագանիան ընդգծել է, որ Մերաբիշվիլիի անունը շոշափվում է նաև 2006 թվականին «Վրաստանի ազգային բանկի» 28-ամյա աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործում:
Գիրգվլիանիի դիակը հայտնաբերվել էր Թբիլիսիի արվարձաններից մեկի գերեզմանոցում: Դա տեղի էր ունեցել թբիլիսյան բարերից մեկում գրանցված վեճից հետո, որում, ՆԳՆ-ի բարձրաստիճան անձանցից բացի, գտնվել է նաև Վանո Մերաբիշվիլիի կինը: Վանո Մերաբիշվիլին տվյալ ժամանակ հանդիսացել է ներքին գործերի նախարար: