
Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է և մեղադրվում է երեք հոդվածով

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ և «Միասնական ազգային շարժում» կուսակցության գործող գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին:
Այսօր նրան կանչել են Իմերեթիայի դատախազություն և հարցաքննելուց հետո ձերբակալել են: Այս մասին հայտնել են ՄԱՇ-ի ներկայացուցիչները: Մերաբիշվիլիի դեմ ներկայացվել է երեք մեղադրանք՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 164-րդ, 182-րդ և 332-րդ հոդվածներով: Հարցաքննումից հետո դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ գործն առնչվում է Մերաբիշվիլիի կոռուպցիոն գործունեության երկու դրվագի:
Դրանցից մեկը գրանցվել է 2012 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վրաստանի վարչապետն Աշխատանքի, սոցիալական պաշտպանության ու առողջապահության նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի հետ մեկտեղ ՄԱՇ-ի ավելի քան հազար ակտիվիստների ապօրինի ձևակերպել է որպես աշխատողներ, որոնք միայն զբաղվել են ՄԱՇ-ի քարոզչությամբ և դրա դիմաց պետբյուջեից ստացել են 5.2 միլիոն լարի:
Երկրորդ միջադեպն առնչվում է Կվարիատի գյուղում «Միջազգային ինվեստիցիոն ընկերությանը» պատկանող ամառանոցի խլմանը: Հետաքննությունը հաստատել է, որ Մերաբիշվիլին 2009 թվականին ահաբեկման միջոցով բռնի խլել է այդ ամառանոցը և օգտվել դրանից մինչև 2013 թվականը: Նախնական տվյալներով՝ նրան սպառնում է 7-12 տարի ազատազրկում: