Բաժիններ՝

5 բացահայտում «ՀայՌուսգազարդի» տնօրենի կողմից

«ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանը երեկ «Արմենիա» հեռուստաընկերության «ՌԷվևոլյուցա» հաղորդման եթերում, որքան էլ փորձում էր զգուշավոր լինել, այնուամենայնիվ, մի քանի բացահայտում արեց։

1. 180, թե 240՝ գինը դեռ պարզ չէ։  Պատասխանելով Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը գազ գնում Ռուսաստանից՝ Հարությունյանը պատասխանեց` 180 դոլարով։ Ճշտող հարցին ի պատասխան, թե ՊԵԿ-ի տվյալներով այդ գինը 240 դոլար է, և ինչպես կարելի է բացատրել այդ հակասությունը, Վարդան Հարությունյանը նշեց՝ այդ հակասության բացատրությունը կտրվի 2 շաբաթից։ Նաև ավելացրեց, որ այդ հարցը բանակցությունների գործընթացի մաս է կազմում։ Այսինքն՝ այնուամենայնիվ, կա մի մութ կետ գազի ներկայիս գնի հետ կապված, որի մասին հանրությանը դեռևս չեն տեղեկացնում։

2. Սուբսիդավորվում են բոլորը։ «ՀայՌուսգազարդի» տնօրենի հայտարարությունից պարզ դարձավ, որ կառավարությունը սուբսիդավորելու է ոչ թե բնակչությանը մատակարարվող գազի գինը, այլ՝ սահմանի վրա մատակարարվող գազի գինը՝ 270 դոլարը։ Մինչ ԶԼՄ-ները հարցին` ո՞ւմ է սուբսիդավորելու կառավարությունը, պաշտոնյաները չէին պատասխանում, Վ. Հարությունյանի պատասխանից պարզ դարձավ, որ սուբսիավորելու են բոլորին։ Այսինքն՝ Հայաստանին մատակարարվող գազի ողջ ծավալը։

Դա նշանակում է, որ կառավարությունը վճարելու է Հայաստանի առաքվող գազի 270 գնից 81 դոլարը։ Եվ եթե հաշվի առնենք, որ մատակարարման ծավալը տարեկան 1.6-1.7 միլիարդ խմ է, ապա սուբսիդավորման ենթակա գումարը կազմում է ավելի քան 130 միլիոն դոլար։ Թե որտեղից է կառավարությունը գումար հայթայթելու սուբսիդավորման համար, արդեն լուրջ հարց է, որի հասցեատերը սակայն, «ՀայՌուսգազարդը» չէ։

3. «ՀայՌուսգազարդը» բարեգործական կազմակերպությո՞ւն է։ Ընկերության ղեկավարը հարցազրույցի ընթացքում մի քանի անգամ ընդգծեց, որ իրենց ընկերությունը շահույթ հետապնդող ընկերություն է։ Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չէին դիմում հանձնաժողով՝ սակագինը վերանայելու հայտով, եթե 2010-ին և 2011-ին վնասներով էին աշխատում, ընկերության ղեկավարը մոտավորապես պատասխանեց՝ վա՞տ է, որ չենք դիմել, և բնակչությունը չի տուժել։ Ստացվում է՝ «ՀայՌուսգազարդը» մի կողմից շահույթի համար է աշխատում, մյուս կողմից՝ կամավոր վնասներ է կրել՝ հանուն բնակչության բարեկեցության։

4. Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չե՞նք զիջել։ Հարցին, թե հնարավո՞ր է սուբսիդավորման արդյունքում Հայաստանը այս անգամ էլ ինչ-որ բան զիջի «Գազպրոմին», ինչպես տարիներ առաջ զիջեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ու Իրան-Հայաստան գազամուղը, Վ. Հարությունյանը պատասխանեց՝ Հայաստանը դա չի զիջել, այլ վաճառել է։ Հետո ինքն էլ մանրամասնեց, որ կառավարությունը վաճառել է և այդ գումարն ուղղել սուբսիդավորմանը։ Այսինքն՝ գումարը ետ է գնացել գազի մատակարարին։ Ավելի պարզ ասած՝ ՀՀ կառավարությունը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի համար «քեշ» գումար չի ստացել։

5. Շնորհակալություն Սերժ Սարգսյանին, որ վիճակն ավելի տխուր չէ։ Սա շատ հետաքրքիր բացահայտում էր։ Մինչ այդ խոսակցություններր կային, որ բանակցություններ են գնում 240 դոլար գնի շուրջ։ Հետո պարզվեց, որ գազը գնվելու է շատ ավելի բարձր՝ 270 դոլարով։ Իսկ երեկ պարզվեց, որ գազի գինը կարող էր շատ ավելի բարձր լինել, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ՝ այդ վտանգը կանխվել է։ Այսինքն՝ փորձանքից ենք պրծել։

Կային նաև այլ մանր-մունր բացահայտումներ (օրինակ՝ որ սուրճի որակն այն չէ կամ որ նախորդ տարվա ձմեռը տաք է եղել), սակայն դրանք այնքան էլ մեծ նշանակություն չունեն։ Ինչևէ, կարելի է փաստել, որ «ՀայՌուսգազարդի» տնօրենն ավելի անկեղծ էր, քան ՀՀ կառավարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս