Վլադիմիր Մալյավին. Չժուան-Ցզի

Հեղինակի կողմից

Այս գիրքը կարող է այնքան էլ սովորական չթվալ ստեղծագործական կենսագրության ժանրի ուսումնասիրությունների համար, որոնք միավորում է «Արևելքի գրողներն ու գիտնականները» շարքը: Ընթերցողն այստեղ ուղղակի իմաստով ոչ կենսագրություն կգտնի, ո՛չ անձնական դրամա, ո՛չ էլ գաղափարների ավարտուն համակարգի շարադրանք, ո՛չ էլ նույնիսկ մտքի ձեռքբերումների տարեգրություն` իր ճշմարտության որոնումների հավերժորեն անավարտ տվայտանքների մեջ: Մասամբ դրա մեղավորը հին չինացի փիլիսոփա Չժուան-ցզիի մասին տեղեկությունների աղքատիկությունն է: Բայց հիմնական պատճառը հենց Չժուան-ցզիի ստեղծագործական ժառանգության կամ նրանց. ովքեր թաքնված են այդ անվան տակ, կենսակերպի առանձնահատկություններն են:

Կարիք չկա պարզաբանելու, որ հնամենի հեղինակը, և, առավել ևս, արևելյան հեղինակը, չուներ և իր պատմական յուրօրինակության շնորհիվ չէր կարող կենսագրություն ունենալ, ինչը կհամապատասխաներ անկրկնելի-անհատական անձնավորության և նրա ստեղծագործության մասին ժամանակակից պատկերացումներին: Չժուան-ցզիի և նրա մտքի այդ «անկենսագրականությունը» չի կարելի ժամանակավրեպություն համարել և, առավել ևս, շփոթել անդեմության հետ:

Կյանքում կա մի ոլորտ, ուր և ոչ մի մարդ չի կարող վերևից նայել այլոց: Դա մարդկանց փոխըմբռնման ոլորտն է, առանց որի չի կարող և փոխադարձ հարգանք լինել: Մենք պետք է հասկանանք Չժուան-ցզիի ստեղծագործությունը ոչ միայն` որպես վաղուց անցած ժամանակների փաստաթուղթ, այլ նաև` որպես մարդու վկայություն ինքն իր մասին, գուցե թե տարօրինակ մեզ համար, բայց, ի վերջո, ոչ ավելի սահմանափակ ու պայմանական, քան մեր պատկերացումը հենց մեր մասին:

Թեպետ մեր ժամանակներում արվեստի և գիտության պատմությունը շատ հաճախ հանգեցնում են գաղափարների և մեթոդների պիոներների թվարկմանը, մենք պետք է մտածենք և այն մասին, որ ստեղծագործությանն ուղղված այդպիսի հայացքը պայմանավորված է առանձնահատուկ և միակ հնարավոր մշակույթի բնույթով, որ ստեղծագործությունն իր ակունքներով և նշանակությամբ չի կարող համընդգրկուն չլինել, և կենսունակ միտքը մենության մեջ չի ծնվում:

Նրան, ով փակվում է ինքն իր մեջ, հետապնդում է օտար և թշնամական տարերքին կուլ գնալու ահը: Այդ պատճառով նա վախենում է վստահել իր երազներին և, հետևաբար, ազատ լինել դրանց հանդեպ: Սակայն մենք պետք է մտածենք և այն մասին, որ մարդն ինքը կարող է իրեն ազատել այդ վախերից: Պետք է մտածել այն մասին, որ մարդը դատապարտված չէ ընտրելու անանուն տեղեկատվությունների փոփոխությունների սառցե անապատի, ուր ոչինչ տեղի չի ունենում և չի կարող տեղի ունենալ, և հակամարտող կյանքերի ճակատագրական-քայքայիչ բախումների միջև:

Չժուան-ցզիի ժառանգությունը միտված է այդ` միմյանց ենթադրող կեղծ հաղորդակցման ծայրահեղությունների հաղթահարմանը: Այն խոսում է անանցանելիի և անկրկնելիի, անհատականի և հաղորդակցման բնական փոխշփման մասին: Այն խոսում է գոյության երաժշտական լիության մասին, ուր ինքնաճանաչողությունն անբաժան է դառնում համաշխարհային կենաց փոխմասնակցությունից, և ընդհանրականը չի իշխում մասնավորի վրա, համանման այն բանին, ինչպես երաժշտությունը, ժողվելով հնչյունները մի ամբողջության մեջ, բացահայտում է դրանցից յուրաքանչյուրի աննմանությունը: Այդ պատճառով էլ, ձգտելով յուրատիպ լինել, Չժուան-ցզին անկեղծորեն, անընդօրինակելի անհատական է և իր յուրաքանչյուր մտքում և ձայներանգում, յուրաքանչյուր պատկերում, եզրում, սյուժեում, քանզի նա խոսում է ուզածդ բան լինելու ազատության, լինելու ազատության մասին:

Նրա ստեղծագործությունը հիշեցնում է այն մասին, որ օտար մշակույթի ուսումնասիրությունը ոչ այնքան հաստատված հայացքների ամրագրման, որքան դրանք վերանայելու համար է: Նրա ետևում չի կանգնած «գրողը» կամ «գիտունը», որ ստեղծվել է` ըստ ժամանակակից պատկերացումների նմուշօրինակի և կամ դրանց բանավիճային դիմակայությունը ցուցանելու համար: Նրա ստեղծագործությունը յուրօրինակ հայելի է, որն օգնում է մարդուն ճանաչել իր գոյության լիության անհայտ պատկերը, մարդկային ինքնաճանաչողության դիալեկտիկորեն անհրաժեշտ (Արևմուտքում ոչ պակաս, քան Արևելքում) պահը:

Այդ դեպքում Արևելքը դադարում է աշխարհագրական քարտեզի վրա նիշ լինելուց և դառնում է մարդու հոգևոր բնապատկերի ուղենիշը: Ուղենիշ, որը ցուցանում է մարդու բոլոր պատկերների տակ թաքնված նրա կրկնակին` անորսալի և, դրա հետ մեկտեղ, չթույլատրող մարդուն կորցնելու իր միասնության գիտակցությունը:

Դա մարդու այնպիսի կերպար է, որը, Չժուան-ցզիի խոսքերով ասած, «չի կարող լինել» և «չի կարող չլինել»: Հնարավոր է, ինչ-որ մեկին այդ կերպարը չափազանց խուսափուկ և երկիմաստ թվա: Դրա հետ կարելի է համաձայնել: Բայց ոչ պակաս հիմնավորված կարելի է պնդել, որ ավելի մշտատև բան չկա, քան անմշտատևությունը, և ավելի ողջամիտ բան էլ չկա, քան պարադոքսը: Դե, և ինչպե՞ս փնտրես մեն-միակ մարդու «ճիշտ» կերպարը: Չէ՞ որ նույնիսկ բոլոր կրոնների հաստատած սրբազան իրականության ներկայությունը, որ չի ընդունում «մարդկային մեղսավորությունը» կամ դաժանությունը, ինչն ընդունված է կոչել «անմարդկային», գիտակցվում են` որպես մարդապատկան բաներ:

Թույլ տալ, որ իրագործվի աշխարհի բոլոր ձայների երկխոսությունը, թույլ տալ ամեն ինչին լինել այն, ինչ այն կա, և դրանում անսահմանորեն գերազանցել ինքդ քեզ` ահա մարդու առաքելությունը և տիեզերքի մարդկային սկիզբը` Չժուան-ցզիի պատկերացմամբ:

Սակայն, թեպետ Չժուան-ցզին ընդունում էր փորձի բոլոր ձևերի համարժեքությունը, թեև նրա ժառանգությունը մեկնաբանվել և մեկնաբանվում է մեր օրերում բյուրավոր տարակերպ ձևերով, Չժուան-ցզիի պատգամները ոչ մի ընդհանուր բան չունեն ինտելեկտուալ ամենաթողության հետ` անսասան և չարագույժ: Որքան էլ անորոշ է Չժուան-ցզիի դիրքորոշումը, այն հնարավորինս որոշարկված է փոխշփման ճշմարտության մեջ: Եվ այդ ճշմարտությունը բացահայտելը կնշանակի` ինքդ քեզ փոխել: Քանզի, ինչպես ասել է հնամենի հեղինակը, յուրաքանչյուր քնած ունի իր աշխարհը, բայց լոկ քնից արթնացածներն են ապրում մի ընդհանուր աշխարհում:

Անօգտակարի օգտակարության մասին

Չժուան-ցզիի դիմակները, մարդու կերպարանքները
Malyavin (3)Հույները մեզ թողել են Ժամանակի Գետի և անանց Ճշմարտության, որպես ինչ-որ հավերժորեն հիշատակելի մի բանի, որ ընդմիշտ կենում է մոռացության հոսքում, հակադրությունը: Սակայն անդունդը դրանց միջև երբեմն այնքան էլ անհաղթահարելի չի թվում, նույնիսկ ի հեճուկս բանականության փաստարկների` երևակայությունը կարող է մեզ հուշել, որ անպարագրելի հեռանկարում ժամանակը խտանում է ի հավերժություն, գետը թափվում է օվկիանոս, ավելի ճիշտ, վերադառնում է դեպ իր ակունքը: Ժամանակի աշխատանքն, ըստ էության, երկիմաստ է` Լեթայի անաղմուկ շիթերն անդադար լվանում են «ակնթարթների պղտորությունը»` մերկացնելով անհունի անսասան հանգիստը, և անդադրում թաքցնում են անհունն անցողիկի խռովահույզ ալյաց տակ:

Պատմության մեջ կան անուններ, որոնց նշանակությունը կռահվում է լոկ ժամանակաց անսահման հեռանկարում: Առեղծվածային անուններ, ոչ թե նրանց հետ կապված իրավիճակների շնորհիվ, այլ այն պատճառով, որ դրանք անպարագրելիորեն գերազանցում են դրանց, ամենայն ինչից գերիվեր այն պատճառով, որ դրանք բացում են ժամանակի քողն անցողիկի և առօրյայի մեջ, այս աշխարհի փոշում: Անուններ, որ մտնում են պատմության մեջ` որպես հավերժության ուղենիշներ:

Դրանց տերերն անցնում են աշխարհի առաջ չհասկացված, իսկ հաճախ և` աննշմար: Նրանց մեջ այլ, աշխարհիկ ուղիներից հեռու ճակատագիր է, որքան որ քիչ բան են նշանակում նրանք իրենց սերնդի համար, այնքան առավել նշանակալի են բոլոր ժամանակների համար: Որովհետև, ինչպես ասել է բանաստեղծը. նրանց «ծոցն է հոսեցրել ժամանակն այն ամենը, որ ընթացել է ալեհատի ետքից»: Այդ անունների մեջ կա և այսպիսինը` Չժուան-ցզի:

Չժուան-ցզիի անունն է կրում հին Չինաստանի ամենամեծ փիլիսոփայական տրակտատներից մեկը, որ դասական ավանդույթի հիմքում է ընկած: Հիմքեր չկան կասկածելու, որ Չժուան-ցզին (նրա իսկական անունն էր Չժուան Չժոու)` իրական պատմական դեմք է: Բայց տեղեկություններն այս մարդու մասին ծայրաստիճան աղքատիկ են և սերում են աղբյուրներից, որ որպես հուշագրային վկայություններ` այնքան էլ վստահություն չեն ներշնչում:

Հին չինական գրականության մեջ համառոտ և միակ կենսագրական տեղեկությունը Չժուան-ցզիի մասին իր «Պատմական գրառումներում» տեղադրել է հին Չինաստանի հանրահայտ պատմիչ Սիմա Ցյանը: Ըստ Սիմա Ցյանի տեղեկությունների` Չժուան-ցզին ապրել է մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կեսում և մահացել է հաջորդ հարյուրամյակի սկզբում: Այն ժամանակ, որ ավանդաբար կոչվում էր «Մարտնչող թագավորությունների» («Չժանգո») դարաշրջան, հին Չինաստանի տարածքում գոյություն ունեին մի քանի ինքնուրույն պետություններ: Չժուան-ցզին ծնունդով Սուն փոքրիկ թագավորությունից էր, որ տեղակայված էր Խուանխեի հարթավայրի հարավային մասում, այն ժամանակվա չինական օյկումենայի (մարդաշխարհ) համարյա ամենակենտրոնում:

Եթե Սիմա Ցյանին հավատանք, Չժուան-ցզին երիտասարդ տարիքում լաքե ծառերի պլանտացիաների տեսուչ է եղել, իսկ հետո չկամենալով իրեն կաշկանդել տիրակալական ծառայությամբ, գործից ազատվել է և ապրել «ազատ փիլիսոփայի» կյանքով: Նույնիսկ իր ժամանակի գիտուն այրերի շրջանում նա առանձնանում էր «գիտելիքների համընդգրկունությամբ» (հատկանշական է, որ Սիմա Ցյանը տվյալ դեպքում գործածում է բարբառային «կույ» խոսքը, որ սերում է հարավչինական գրական ավանդույթից): Ահա, ուրեմն, և այն ամենը, ինչ մենք գիտենք Չժուան-ցզիի մասին Սիմա Ցյանի խոսքերից` պատմիչի ըստ ծառայության պարտավորության:

Դրան կարելի է հավելել, որ վաղնջական տարեգրություններն իրոք որ հիշատակում են Սուն թագավորության մեջ Չժուան երևելի տոհմի մասին: Վերջինս դեռևս 7-6-րդ դարերի սահմանագծին ջախջախվեց այն բանից հետո, երբ նրա առաջնորդները մասնակցեցին պալատական հեղաշրջման անհաջող փորձին, և այդ ժամանակից ի վեր ընդմիշտ վերացավ քաղաքական բեմից: Ըստ այն դարաշրջանի սովորույթների` մեր փիլիսոփան պիտի համարվեր տապալված տոհմի շառավիղ:

Բոլոր այլևայլ տեղեկությունները դաոս փիլիսոփայի մասին (այդ թվում և` Սիմա Ցյանի հաղորդածները) արդեն վերաբերում են նրա գրական կերպարին, որպիսին նա ձևավորվում է իրեն վերագրվող տրակտատի տեքստից: Իհարկե, այդ կերպարը գրականորեն խորհրդանշական է:

Սակայն ոչ մի «գրական» միտումնավոր խորիմաստ բան նրանում չկա: Չժուան-ցզին մշտապես դրսևորվում է որպես հասարակ, համեստ, իսպառ սնապարծությունից զերծ մի մարդ: Նա ապրում է աղքատության մեջ և նույնիսկ «սանդալներ է հյուսում», բայց իրեն նեղված չի զգում և ծիծաղելով հրաժարվում է դառնալ ամենազոր տիրակալի խորհրդատուն: Նա զրուցում է աշակերտների, ընկերների հետ, մեկ էլ տեսար` ճամփեզրի առվի մեջ ընկած գանգի հետ, ձուկ է բռնում, ծիծաղում, պատմում է իր երազների մասին, հիանում է ջրի մեջ կայտռող ձկներով, կարճ ասած, ապրում է ժուժկալ և Վարպետի կոչման չի հավակնում:

Մեծամտության, գիտական պարծենկոտության, հոգու պաղության և ոչ մի նշույլ: Չժուան-ցզին ապրում է իր հաճույքի համար և պնդում է, որ աշխարհն իրեն բերկրեցնում է: Նա ուրախ է նույնիսկ այնժամ, երբ թաղում է կնոջը և մահանում է ինքը: Նրա հեգնական և, այդուհանդերձ, ընկերական ժպիտը երբեք թույլ չի տա հնամենի դաոսի դեմքը վերածելու անմասն և անհոգի «արևելյան իմաստունի» դիմակի:
Չժուան-ցզին խորհրդավորություն չի խաղում:

Սակայն նա զինաթափելու աստիճանի անանուն է: Մենք ոչինչ չգիտենք ո՛չ նրա միջավայրի, որում նա ծնվել ու մեծացել է, ո՛չ նրա ուսուցիչների և աշակերտների մասին: Այդ ամենի մասին չգիտեր արդեն Սիմա Ցյանը արդեն Չժուան-ցզից երկու դար անց: Իհարկե, հնամենի փիլիսոփային պարուրող անանունության քողը հարիր է ավանդույթին, բայց և որոշակի իմաստով դաոս փիլիսոփայի աշխարհայացքի պտուղն է: Իսկապես, հենց Չժուան-ցզիի աշխատություններից այնքան էլ հեշտ չէ որոշել նրա փիլիսոփայության մշակութային զուգահեռները: Օրինակ, Չժուան-ցզին սիրում է դիմել երաժշտական փոխաբերությանը, բայց (ի տարբերություն Կոնֆուցիոսի և այլ հին հեղինակների) ոչինչ չի խոսում այն մասին, թե որ երաժշտությունն է իր սրտով:

Malyavin (2)

Նրա զրույցները ժանրերի և ոճերի այնչափ մոլեգին խառնուրդ են, որ կարելի է լոկ ապշել, թե որ գրական ավանդույթը կարող է իր մեջ ներառել այդքան բազմադեմ գրողի: Չժուան-ցզին մեկ անգամ չէ, որ խոսում է իր իդեալական միջավայրի մասին, բայց մեզ մնում է սոսկ կռահել, թե նա հասարակության որ տեսակը նկատի ունի: Ավելի հաճախ նա խոսում է «իսկական մարդու» իր իդեալի մասին, բայց ամեն ինչ նույնքան մշուշոտ է: Ի՞նչ կարելի է ասել, օրինակ, այսպիսի դիմանկարի առթիվ. «Հնության իսկական մարդիկ չգիտեին, թե ինչ բան է կյանքից բերկրելը և մահից երես թեքելը, չէին հպարտանում լույս աշխարհ գալու համար և չէին դիմադրում աշխարհից հեռանալուն:

Վերացած գալիս էին նրանք, վերացած գնում էին` հասու չլինելով սկզբին, մտքով ձգտելով վերջին, ուրախանալով այն բանից, որ տրված է իրենց, և ինքնամոռաց վերադառնալով իրենց բնույթին: Այդպիսի մարդկանց բանականությունը խորասուզված է մոռացության մեջ, կերպարանքն անվրդով է, մարմինը` վսեմաշուք: Զովաշունչ, հանց աշունը, և ջերմին, հանց գարունը, նրանք իրենց զգացողություններում հետևում էին տարվա եղանակների ընթացքին: Նրանք անսահման ներդաշնության մեջ էին աշխարհի հետ, և անհայտ է, թե որտեղ է նրանց սահման դրված…»:

Չժուան-ցզիի հերոսները նույնիսկ ոչ այնքան տարօրինակ են, որքան հենց անհայտ մարդիկ են, դե, թեկուզ այն պատճառով, որ «անհայտ է, թե որտեղ է նրանց սահման դրված»: Բայց և, ընդ որում, հենց նույն պատճառով, ո՞վ կասի, թե նրանք հավերժորեն անհասկանալի կամ անըմբռնելի մարդիկ են: Չէ՞ որ նրանք` սահման չունենալով, կարող են ամենուր լինել:

Դե մի՞թե և մենք` ինքներս, չենք կարող այլ դառնալ, համանման այն բանին, ինչպես արթնացող մարդը նման չէ նրան, ում նա տեսել է երազում:
«Եվ դու և ես` դա լոկ երազ է,- ասում է Չժուան-ցզին իր պերսոնաժներից մեկի շուրթերով: -Ահա անհեթեթ զրույցներ: Բայց եթե նույնիսկ տասը հազար սերունդ անց հանդիպես իմաստունի, ով գիտի դրանց իմաստը, ապա կթվա, թե մի գիշեր է անցել…»:

Որքան էլ երկար լինի երազը, արթնացող մարդու համար այն խտանում է ակնթարթում: Բայց ո՞վ գիտի, արդյոք արթնացումն ամեն անգամ հերթական երազի հրավեր չէ՞: Ինչ էլ որ գոյություն ունենա աշխարհի երեսին, միշտ էլ պարզվում է, որ կա ևս մի բան: Ամեն ինչ հնարավոր է: Չկա ավելի տափակ ճշմարտություն և, այդուհանդերձ, առավել ունակ դառնալու, լուրջ ընկալելու դեպքում` անսպառ խորհրդածության աղբյուր: Չէ՞ որ այն ուսուցանում է ըմբռնել անսահման հնարավորությունների անսահման աշխարհը:
Ոչ, Չժուան-ցզիի դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, նույնիսկ, եթե նա երբեմն հասարակ մեկն է թվում: Փորձենք գտնել դաոս իմաստունի առեղծվածի բանալին իր անունը կրող գրքի տեքստում:

Այս գիրքը լինելիության երկար ճանապարհ է անցել: Կայսերական գրապահոցի կատալոգում, որը կազմվել է մեր դարաշրջանի շեմին, հիշատակվում է 52 գծից բաղկացած «Չժուան-ցզի» տրակտատը: Երեք հարյուրամյակ անց կային ցուցակներ, որոնք 26 թե 27 գլուխ էին պարունակում: Իսկ տրակտատը վերջնական տեսքի է բերել 3-4-րդ դարերի սահմանագծին` նրա դասական մեկնիչ Գո Սյանը, ով դրանում 33 գլուխ է առանձնացրել, դրանք բաժանելով երեք կատեգորիայի` «ներքին», «արտաքին» և «խառը»: Գո Սյանի իրականացրած խմբագրումը համընդհանուր ճանաչման է արժանացել: Տրակտատի հնագույն հայտնի տարբերակները ներկայացված են ձեռագիր հատվածներով, որ վերաբերում են Թան դարաշրջանին (7-9-րդ դարեր): Իսկ ամենահուսալիները գրքի ամբողջովին պահպանված տարբերակներից կարելի է համարել նրա տպագիր հրատարակությունները, որոնք հայտնվել են 11-12-րդ դարերում:

Միամտություն կլինի մտածելը, թե հնագույն արտագրողները մեզ են հասցրել համարյա անանուն իմաստունի ժառանգությունը` չկորցնելով և չեղծելով նրա և ոչ մի խոսքը: Հնագույն չինական գրականության մեջ կա մոտավորապես 60 հղում «Չժուան-ցզիի» հատվածներին, որոնք բացակայում են գրքի գոյություն ունեցող տարբերակներում: Հայտնի են նաև որոշ անհետացած գլուխների անուններ, և մնում է միայն հուսալ. որ դրանք, դե, թեկուզ մասնակիորեն, մտել են մինչև մեր ժամանակները պահպանված տեքստերի կորպուսի մեջ:

Միանգամայն բացառիկ դժվարութուններ են կապված տրակտատի բանասիրական քննության հետ: Չժուան-ցզին Կոնֆուցիոսը չէ` ինչպես իր խառնվածքով, այնպես էլ և` իր դիրքով չինական ավանդույթում: Նրան վերագրվող դիրքը գրավել է ոչ այնքան մանրակրկիտ գրասերների ուշադրությունը, որքան միստիկների և բանաստեղծների, ովքեր դրա մեջ ոչ թե տափակ պարզություն են փնտրել, այլ ստեղծագործական ներշնչանք: Ըստ էության, լուրջ խմբագրական աշխատանքը նրա վրա սկսվել է սոսկ անցած հարյուրամյակից և դեռևս հեռու է եզրափակումից, քանզի այդ դասական հուշարձանը տուժել է անհայտ բանաքաղների և արտագրողների սխալներից, ինչպես հին չինական գրականության և ոչ մի այլ ստեղծագործություն: Սակայն գլխավոր բարդությունները ստեղծում են Չժուան-ցզիի լեզվի ոճական յուրահատկությունները, որ հագեցած են բարբառային տարրերով, հազվագյուտ բառերով, մեզ անհայտ սյուժեների հղումներով և այլ մեկնաբանման համար բարդ հռետորական հնարքներով: Չափազանց բարդացնում է գործը և Չժուան-ցզիի գրելաեղանակը` յուրատիպ, նույնիսկ բացառիկ խոսքի վարպետի չինական ավանդույթում, որ բառարանային նորմերից և քերականական կանոններից վեր է:

Արդյունքում` տրակտատի մեկնիչը չափազանց հաճախ ստիպված է որոշել, թե արդյոք գործ ունի արտագրողի հերթական սխալի՞, ավելի ուշ շրջանի ընդմիջարկողի հերթական սխալի՞ հետ, և կամ թե փիլիսոփա-բանաստեղծի բառակերտվածքի՞ հետ: Շատ հաճախ Չժուան-ցզիի թարգմանիչը ստիպված է ինչ-որ բաներ վերաշարադրելու, ժամանակ առ ժամանակ դեմ առնելով նախադասությունների, որոնց կարելի է վերագրել ճիշտ հակառակ իմաստը: Ընթերցողը, ով չի զլանա կարդալ «Չժուան-ցզիի» միակ ամբողջական ռուսերեն թարգմանությունը, որ իրագործել է Լ.Դ.Պոզդնեևան, կհամոզվի, թե որքան բարդ է Չժուան-ցզիի խելքի մոտ մեկնությունը, միաժամանակ մտահոգվելով բնագրին հարազատ մնալու և ռուսաց լեզվի կանոնների մասին:

Առանձին խնդիր է տրակտատի մեզ հասած տեքստի վավերականության հարցը: Չինաստանում այն վաղուց է դրված, և հին չինացի մեկնիչները քիչ ջանք ու ժամանակ չեն վատնել` փորձելով հաստատել, թե ինչն է գրքում պատկանում հենց Չժուան-ցզիին: Հիմա նրանց փնտրտուքների մեջ խորանալու կարիք չկա: Տրակտատի «արտաքին» և «խառը» բաժիններում կան ոչ քիչ հատվածներ, որոնք աներկբա վկայություններ են պարունակում դրանց ավելի ուշ ժամանակների ծագման մասին, դիցուք` մինչև մ.թ.ա. 2-րդ դարը: Սակայն տեքստի վավերականության համապարփակ չափանիշները դրանց հեղինակների անձնական հայացքների և տպավորությունների վրա հիմնված կամայական հաշվարկներից այն կողմ չեն անցնում:

Տրակտատի թվագրման փորձը մի շարք լեզվաբանական հատկանիշներով, որ ձեռարկել էր չինագետ Ա.Մ.Կարապետյանցը, հիմք է տալիս խոսելու գրքի «ներքին» բաժնի առավել ակնհայտ ոճական միեղենության մասին: Սակայն և դրա այլ բաժիններում էլ չկան տեքստեր, որ ակնհայտորեն դուրս են մնում Չժուան-ցզիի հիմնած գրական ավանդույթից:
Ակներև է, որ Չժուան-ցզիին վերագրվող գրքի վավերականության խնդիրը հազիվ թե լուծելի է զուտ բանասիրական միջոցներով:

Գիտենալով վաղնջական չինական մտքի ընդհանուր պատկերը, մենք կարող ենք, իհարկե, խոսել Չժուան-ցզիի վրա այլ փիլիսոփայական դպրոցների ազդեցության մասին, առավել ևս, որ Չժուան-ցզին հիանալիորեն տեղյակ էր դրանց: Բարդությունը, սակայն, այն է, որ դեռևս ոչ մեկին չի հաջողվել բացահայտել պատմական երևույթի էությունը` պատկերելով այն միայն ցաքուցրիվ գործոնների ներգործության արդյունքով: Սակայն, գուցե թե, ուղին մեզ հուշի հենց Չժուան-ցզիի՞ դիրքորոշումը:

Դաոս փիլիսոփայի մասին դասական կարծիքը պահպանվել է նրա գրքի վերջին գլխում, ուր կա նաև հին Չինաստանի փիլիսոփայական ուսմունքների ամփոփումը: Մենք այնտեղ կարդում ենք. «Աղոտ, անպարագրելի, ձևազուրկ, առանց միակերպության փոխակերպությունների մեջ կենող: Կյա՞նքն է արդյոք, մա՞հն է արդյոք: Երկինքն ու Երկիրը միաձույլ են ինձ հետ: Պայծառատես ոգին շարժունակ է` ո՞ւր է այդպես առեղծվածորեն սլանում, ուրկի՞ց է այդքան հանկարծ հայտնվում: Իրաց ողջ բազմազանությունը` հանց փռված ցանց, և չկա սկիզբ դրանում: Հներն ուսուցանում են և այդպիսի հայացք աշխարհին: Չժուան Չժոուն ընկալեց այդ խրատները և հետևեց դրանց: Անհատնելի զրույցներում, խելահեղ խոսքերում, հանդուգն ու անսահման արտահայտություններում նա իրեն ազատ էր արձակում, ոչնչով չսահմանափակելով իրեն, և իրաց վրա որոշակի հայացք չունենալով: Նա համարում էր, որ աշխարհը թաղվել է ապականության մեջ, և ինքը նրա հետ խոսելու բան չունիգ Նա թափառում էր Երկնքի և Երկրի ոգու հետ, բայց իրաց բազմազանությանը վերից չէր նայում, չէր դատում «ճշմարիտի» և «կեղծի» մասին և առօրյա աշխարհում պահպանում էր առաքինությունը: Թեպետ նրա գրերը պաճուճագեղ են, դրանց հանդգնությունն անվնաս է:

Թեպետ նրա զրույցները խառնափնթոր են, դրանց անկարգությունը հաճույք է պատճառում: Դրանցում թաքչած է իմաստի անսպառ լիությունը: Վերևում նա ճամփորդում էր այն բանի հետ, ինչն արարում է իրերը, ներքևում ընկերություն էր անում այն բանի հետ, որ գերազանցում է կյանքն ու մահը, և ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Իր հիմքում նա անընդգրկելի, ընդարձակ ու անմիջական է: Իր ակունքում նա անհատակ խորն ու անկապանք է, կարելի է ասել, որ ամենայն ինչ ընդգրկել և կատարելության է հասել: Եվ, այդուհանդերձ, նրա փոփոխություններն ու իրաց ըմբռնման համապատասխանության ճշմարտությունն անսահման է ու անորսալի: Որքան անպարագրելի է այն, որքան մթին: Անհնար է սպառել այն:

Կասկած չկա, որ այս ոգեշունչ կարծիքի հեղինակը Չժուան-ցզի մասին լսելով չէ, որ գիտեր:

Այդքան համարձակ ու այդքան ճշմարտացի Սուն դարաշրջանի փիլիսոփայի մասին ոչ մեկը չէր գրել: Այստեղ յուրաքանչյուր խոսքը խորհրդածությունների համար հարստագույն սնունդ է տալիս: Բայց ամենայն վերլուծությունից առաջ այդ հյութեղ բնութագիրը հրավիրում է իրաց վրա ընդարձակ հայացքի, ներթափանցման առ մտքի «անպարագրելի հիմքը», հասու լինելու նրա զրույցների «մտքի անսպառ լիությանը» ցանկացած տեսանկյան հաղթահարմանը: Արդյոք նմանատիպ բան հնարավո՞ր է:
Որպեսզի հասկանաք Չժուան-ցզիի մտքերի «անպարագրելի հիմքը», հասու լինեք նրա զրույցներ «մտքի անսպառ լիությանը», յուրատեսակ ջանք է պետք: Դրա համար ինչ-որ գաղափար, միտք կամ տեսակետ հասկանալը բավական չէ, որ «Երկնքի և Երկրի ընկերը» չուներ «իրաց վրա որոշակի հայացք»:

Չժուան-ցզիի գիրքը բնակեցված է միմյանց բնավ չնմանվող մի քանի տասնյակ պերսոնաժներով, բայց մենք այստեղ չենք գտնում դաոս գրողի պրոտագոնիստին: Այդ գրքում հնչում են հարյուրավոր տարբեր ձայներ, բայց մենք դրանց մեջ չենք լսում հեղինակային ձայնը: Չժուան-ցզիի մտքի ընթացքը ներկայանում է որպես անհայտ կերպարի, քմածին և նույնիսկ անհեթեթ դիմակների պատկերասրահ, և այդ դիմակներն իրենց անհեթեթությամբ հիշեցնում են այն մասին, որ իրենք լոկ դիմակներ են: Այդ հոսքը, այսպիսով, ներկայանում է ոչ միայն` որպես անսահման ու անկանոն գրգռահարույց թեթև խաղ, բայց և ինքնաժխտումների անհատնում հերթագայություն, այսինքն, կարծես թե սխալների, վրիպանքների, «ստեղծագործական ձախողումների» արտահայտություն: Չժուան-ցզին խաղում է ամենքի և ամեն ինչի հետ, իսկ խաղն անլուրջ և անօգուտ զբաղմունք է համարվում:

Եթե մենք չենք ուզում Սուն թագավորության փիլիսոփային համարել անպատասխանատու ծաղրաբան կամ անհմուտ մտածող, որ անդադար հակասում է ինքն իրեն (իսկ այդպես էին իրոք գնահատում Չժուան-ցզիին շատերը հենց Չինաստանում), մենք պիտի ջանանք գտնել իմաստը հենց անիմաստության, նրա «խելահեղ զրույցների» անիմաստության մեջ:
Չժուան-ցզիի ժառանգության գնահատականն, ի վերջո, կախված է այն բանից, թե մենք ինչ ենք փնտրում` արդյո՞ք մենք կբավարարվենք եղածի հայեցումով, թե՞ միշտ կփնտրենք այլ մի բան: Արդյո՞ք մենք կբավարարվենք ուսմունքի և նրա գաղափարական «ազդեցությունների» և «փոխառությունների» գաղափարական խաղի հայեցումով, թե՞ կձգտենք մեզ տրված մտքի ձևերի ողջ հանրագումարի ամբողջական ընկալմանը, դրանցից յուրաքանչյուրի ներունակ արժեքի ընդունմանը, դրանց միասնական հեռանկարի բացահայտմանը, ինչը որ կախված չլինի սուբյեկտիվ գործոններից:

Արդյո՞ք մենք ի վերջո կձգտենք ավարտուն «փիլիսոփայական համակարգի» բացահայտմանը, որի ետևում կեցած է վարկածային, միշտ վարկածային, իհարկե, անհատական հեղինակը, կամ ականջալուր կլինենք անմիջականորեն կենսալի մտքերի աճին, դրանց ազատ և անվերջանալի հոսքին, որ ենթադրում է գաղափարների և թեմաների մշտատև վերաձևակերպում, երկխոսության առկայությունը և դրանում ազատ մասնակցության հնարավորությունը յուրաքանչյուրի համար: Այստեղ ընտրությունը վերաբերում է ոչ միայն Չժուան-ցզիի ստեղծագործության գնահատականին: Այն ուղղակի կապ ունի ամբողջությամբ վերցված մտածողության խնդիրների և բնույթի ըմբռնման հետ: Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք մենք կբավարարվենք մտքի զննմանը ենթակա պահերով, թե՞ կփնտրենք մտքի «ծննդաբերական պահը», նրա, այսպես ասած, նախապատմությունը, այն համակող պատմությունը:

Կարծում ենք, որ երկրորդ մոտեցումն ավելի գերադասելի է, համենայնդեպս, երկու պատճառով: Առաջին` այն համահունչ է հենց Չժուան-ցզիի դիրքորոշմանը, ով չի կամենում իրավազուրկ անել աշխարհի ձայներից և ոչ մեկը: Նա ինքն էլ խոսում է տարբեր ձայներով: Եվ դա սոկրատյան երկխոսություն չէ, որն ավելի շուտ ինտելեկտի դիմակավորված մենախոսություն է: Սա իսկապես երկխոսություն է, տարբեր փորձերի բախում, որն ամենևին չի եզրափակվում պայմանական ճշմարտության ծնունդով: Չէ՞ որ Չժուան-ցզին, ինչպես մենք արդեն գիտենք, «իրաց վրա որոշակի հայացք չուներ»: Հիմքեր կան ենթադրելու, որ դաոս փիլիսոփայի հավատամքը սկզբունքորեն չի հանգեցվում մեկ հայտարարի, ինչ-որ «գաղափարների համակարգի»:

Օրինակ, Չժան Ցզունգունը իր Չժուան-ցզիի փիլիսոփայությանը նվիրված` վերջերս հրապարակած ուսումնասիրության մեջ բավական համոզիչ կերպով ցույց տվեց, որ դաոս փիլիսոփայի գրքում առկա են միանգամայն տարբեր և նույնիսկ իրար բացառող աշխարհայացքային դիրքորոշումներ, դրանում կարելի է հայտնաբերել և՛ բնազանցություն, և՛ բնազանցության ժխտում, մոնիզմ և պլյուրալիզմ, օբյեկտիվ աշխարհի իրականության հաստատում և դրա հանգեցումը սուբյեկտին: Մենք պետք է կամ Չժուան-ցզիի գիրքը համարենք հակասական մտքերի կուտակում, կամ դրանում փնտրենք ինչ-որ գերհամակարգ, որ ընդգրկում է նույնիսկ անհամակարգայնությունը: Պարզ է, որ հեռանկարային է միայն երկրորդ ուղին:

Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս