
Աննա Վարդապետյանը ստախոս է. Հովհաննես Խուդոյան
Նիկոլ Փաշինյանը քրեականացրել է Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունը. այն, ինչ կարելի էր իրեն, այլևս որևէ մեկին չի կարելի, ըստ Փաշինյանի. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով «18 արդարների դատ» անվանումը ստացած քրեական գործին, նման տեսակետ հայտնեց գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ այս գործով, բացի Բագրատ սրբազանից, կալանավորված են նաև Տավուշի թեմը ներկայացնող Լիդյա Մանթաշյանը, արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմի նահատակ Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը, գնդապետ Մախսուդյանը, այլ անձինք:
Բագրատ սրբազանն ու գործով անցնող մյուսները մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնազավթման մեջ։
«Իրականության մեջ Բագրատ սրբազանն ու մյուսները պլանավորել են փողոցային պայքար, պարզապես այս անգամ մի քիչ ավելի լավ են նախապատրաստվել։ Այս իշխանությունը, հասկանալով, որ այդ աշխատանքներն արդյունք են տալիս և հնարավոր է փողոցային պայքար գեներացնել, իրականացրեց նման օպերացիա»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով՝ ինչպես ՀՀ գլխավոր դատախազի, այնպես էլ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից արվել են հայտարարություններ, որոնք այս պահի դրությամբ անգամ ապացուցված չեն։
«Իրենց խնդիրը ոչ թե արդարադատություն իրականացնելն է, այլ ընդդիմադիր գործիչներին հետապնդելը։ Տարբերություն չկա այդ անձերի միջև. մենք չենք խոսում անհատների մասին, մենք խոսում ենք նիկոլփաշինյանների մասին՝ լինի նստած Գլխավոր դատախազության, թե Քննչական կոմիտեի շենքում։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրն իր բովանդակությամբ մի Նիկոլ է։ Նրանք բոլորը կատարում են նույն պլանը, չեն խուսափում ստից, մանիպուլյացիաներից, արդար մարդկանց հետապնդելուց։ Ինչ վերաբերում է Աննա Վարդապետյանին, ապա նա ստախոս է, ստել է իր հայտարարություններով»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նրա փոխանցմամբ՝ իրավապահ համակարգի հրապարակած մոնտաժված ձայնագրությունների, ապա այդ ձայնագրությունների հիմքով հայտարարություններ արած Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ մեղադրանքն առանց ապացուցելու դակելուց հետո, ուշագրավ է, որ այդ նույն իրավապահ համակարգը և նույն մարդիկ պահպանում են լռություն ու չեն արձագանքում հրապարակված չմոնտաժված, կոնտեքստից չկտրված ձայնագրությանը։
«Հրապարակված չմոնտաժված ձայնագրությունը ցույց տվեց, որ անմեղ քաղաքացիներին գնդակահարելու մասին հրապարակումն ակնհայտ սուտ է, զրպարտություն։ Դա արվեց ոչ թե դեղին մամուլի էջերով, այլ Հ1-ով, և անողը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, ապա Քննչական կոմիտեի ղեկավարը, և այդ ստի համար մինչև այժմ որևէ մեկը ներողություն չի էլ խնդրել»,- ասաց փաստաբանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։