Բաժիններ՝

«Wikipedia-ն արտացոլում է, թե տվյալ երկրում ինչպես են արժևորում գիտելիքը»

Հայերեն Wikipedia-ի խմբագիր-ադմինիստրատորներից մեկը` Վաչագան Ղռաթյանը, ներգրավված է նախագծի աշխատանքներում դեռևս 2007թվականից: Այն ժամանակ հայկական Wikipedia-ն գտնվում էր բացարձակ աղքատիկ վիճակում, սակայն տարիների ընթացքում այն զարգացել է: Ներկայում արդեն Wikipedia ազատ հանրագիտարանում կա 45.400 հայերեն հոդված: Հայկական Wikipedia-ի ստեղծման և հեռանկարների մասին է մեր զրույցը Վ. Ղռաթյանի հետ:

– Նախ` հետաքրքիր է, թե ինչ փուլում է այժմ Wikipedia-ում հայերեն հոդվածների ավելացման գործընթացը, շա՞տ են հոդվածներ գրողները, թե՞ ակտիվություն չկա:

– Ակտիվություն կա, բայց այն բավական փոքր է, ճիշտ է, նախորդ տարիների հետ համեմատած` հոդվածների քանակի աճը, իհարկե, զգալի է, սակայն նույնիսկ այդ դեպքում դա շատ քիչ է` համեմատած նրա հետ, թե ինչ ենք մենք ակնկալում, կամ ինչն է բավարար արագ զարգացող Wikipedia ունենալու համար: Կարծում եմ` այս ամենը գալիս է գիտակցության պակասից, այսինքն` շատ քիչ մարդիկ գիտեն, որ իրենք կարող են գրել կամ խմբագրել որևէ հոդված: Սակայն, եթե մեզանից ամեն մեկը հայերեն լեզվով մի փոքր բան ավելացնի ազատ հանրագիտարանում, մենք շատ ավելի հարուստ Wikipedia կունենանք: Հետաքրքիրն այն է, որ շատերը մտածում են, որ կա հատուկ ինչ-որ կամավորների խումբ, ովքեր աշխատում և ստեղծում են հայերեն հոդվածները ու, եթե ինչ-որ նյութ չեն գտնում, մի բան էլ ասում են, ուրեմն նրանք լավ չեն աշխատում:

Մինչդեռ Wikipedia-ի գաղափարն այն է, որ ամեն մեկս ավելացնենք ինչ-որ բան: Այսինքն` ոչ մեկն ինչ-որ կամավորների խումբ չի նշանակել, ովքեր աշխատում են: Օրինակ, ես եթե ինչ-որ բան եմ փնտրում և այն չեմ գտնում Wikipedia-ում, հասկանում եմ, որ գոնե մի քանի նախադասությամբ պետք է գրեմ այդ մասին:

– Այժմ մոտավորապես քանի՞ ակտիվ հեղինակ ունենք:

– Այժմ ունենք մոտ 200 հոգի, ովքեր ժամանակ առ ժամանակ որևէ բան են ավելացնում, իսկ շատ ակտիվ խմբագրողները մոտավորապես 10-ն են:

– Մշտապես խոսում են այն մասին, որ հանրագիտարանում Հայաստանը` հայերեն բովանդակությամբ, տարածաշրջանում զիջում է իր դիրքերը, իսկ որակի առումով կարծես թե մեր հոդվածներն ազատ հանրագիտարանում ավելի լավն են: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Խնդիրներից մեկը հենց դա է, որ երբ խոսում են հայերեն Wikipedia-ի մասին, համեմատում են այն` հիմնականում հիմնվելով հոդվածների քանակի վրա, որն իրականում շատ խաբուսիկ ցուցիչ է, քանի որ մարդիկ, ովքեր հաճախ շատ մեծ թվով հոդվածներ են ավելացնում, սակայն իրականում դրանք գրեթե ոչ մի բովանդակություն չունեն, ու այդպիսով`ավելացնում են Wikipedia-ում իրենց հոդվածների քանակը: Համեմատելով, օրինակ, տարածաշրջանի երկրների հետ` մենք մոտավորապես միջին դիրքում ենք, բայց համեմատելով զարգացած երկրների հետ` մենք դեռ շատ-շատ հետ ենք: Այս ամենը մեզ չի բավարարում: Հասարակության շատ ավելի լայն շրջանակներ է պետք ներգրավել, որպեսզի մենք արագ զարգանանք և իսկապես հարուստ տեղեկություններ ունեցող Wikipedia ունենանք:

– Ինչո՞վ է այդ ամենը պայմանավորված, ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի հայերեն Wikipedia-ի հատվածն ավելի մեծ լինի: Գուցե մեր խմբագիրների տարի՞քն է մեծացել, կամ երիտասարդներին շահագրգռող ինչ-որ ծրագի՞ր չկա…

– Ընդհանուր առմամբ, Wikipedia-ն արտացոլում է հասարակության զարգացածությունը. եթե հասարակության մեջ շատ են այն մարդիկ, ովքեր արժևորում են գիտելիքը և ցանկություն են զգում իրենց գիտելիքները կիսելու ուրիշների հետ, այդ դեպքում, բնականաբար, խմբագիրների թիվը մեծ է, իսկ եթե հասարակության մեջ գիտելիքն առանձնապես չի արժևորվում, այդ դեպքում, բնականաբար, խմբագիրները քիչ են: Իրականում հակադարձ էֆեկտն է նաև լինում ազատ հանրագիտարանը, և այն արտացոլում է իրականությունը և նաև նպաստում է գիտելիքի զարգացմանը: Կարծում եմ` այժմ Wikipedia-ն արտացոլում է մեր այսօրվա իրականությունը, և որքան մենք ավելի շատ զարգանանք, և որքան ավելի շատ մեր հասարակության մեջ արժևորվի գիտելիքը, այդքան ավելի շատ խմբագիրներ կունենանք և այդքան ավելի շատ ակտիվություն կտեսնենք:

– Ովքե՞ր են այսօր հոդվածներ ավելացնում ազատ հանրագիտարանում, ի՞նչ տարիքի են նրանք, կամ արդյո՞ք նոր սերնդի ներկայացուցիչների շարքում կան մարդիկ, ովքեր պատրաստ են Wikipedia-ում ավելացնել հոդվածներ` նրանց փոխարինելով:

– Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև մի կողմից` իրականում դժվար է իմանալ, թե ինչ մարդիկ են, որովհետև նրանք կեղծանուններով են ներկայանում, շփվում ես նրանց հետ Wikipedia-ում` հաճախ չիմանալով, թե ովքեր են: Անցած տարիների ընթացքում, սակայն, մի շարք միջոցառումների ընթացքում, ես սկսեցի իրականում ճանաչել այդ մարդկանց, և պետք է նշել, որ Wikipedia-ում տարիքային մեծ բազմազանություն կա. նույնիսկ 10-11 տարեկան են ամենաերիտասարդ խմբագիրները և շատ ակտիվ խմբագրումներ են կատարում, նրանց խմբագրումները որակ ունեն, այսինքն` անպիտան բաներ չեն, որոնք պետք է ստիպված լինենք ջնջել:

Միևնույն ժամանակ, կան նաև բավական մեծ տարիքի մարդիկ` 50-ամյա և ավելի մեծ: Այսինքն` այս ամենը ցույց է տալիս, որ Wikipedia-ն կենսունակ նախագիծ է, և այնտեղ ներգրավված են բոլոր տարիքային խմբերը: Նշեմ նաև, որ Wikipedia-ում ունենք գիգանտներ, ովքեր մի քանի հազար հոդվածի հեղինակ են, որոնց թիվը, սակայն, ազատ հանրագիտարանում շատ չէ:

– Հայաստանում ստեղծվում է Wikimedia հիմնադրամ, մայիսի 14-ին այն արդեն նաև պետական գրանցում է ստացել` հասարակական կազմակերպություն: Ըստ Ձեզ` արդյո՞ք այն կնպաստի, որպեսզի շատ հոդվածներ գրվեն կամ ակտիվություն ցուցաբերվի Wikipedia-ում:

– Wikimedia Հայաստանը նպատակ ունի կազմակերպել մի շարք միջոցառումներ, Workshop-եր, կոնֆերանսներ, որոնք կխթանեն ազատ բովանդակության տարածումը: Ես անձամբ մեծ հույսեր եմ կապում Wikimedia Հայաստանի գործունեության հետ, հուսով եմ, որ կկազմակերպվեն արդյունավետ միջոցառումներ, որոնց արդյունքում էական որակական փոփոխություններ կլինեն:

– Մի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ որոշակի նախագիծ էր նախատեսվում, որը նպատակ ուներ հայաստանյան դպրոցներին քաջալերելու, որպեսզի դպրոցականներն ավելի ակտիվ լինեն ու այդպիսով` նպաստեն ազատ հանրագիտարանում հայերեն հոդվածների և Wikipedia-ում հայերի ակտիվացմանը: Այդ ծրագրերից ի՞նչ նորություններ կան:

– Եթե չեմ սխալվում` այդ ամեն ինչը երկար ժամանակ քննարկման փուլում է, և առայժմ որևէ հստակ ծրագիր չկա: Նշեմ, սակայն, որ այժմ մենք մի ֆոտոմրցույթ ենք կազմակերպում, որն անմիջապես հենց Wikipedia-ի քույր նախագծերից մեկին է վերաբերում, որի ընթացքում անհրաժեշտ է նկարել հուշարձանները և դրանք տեղադրել Wikipedia-ում: Մենք, այս միջոցառումը կազմակերպելով, հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ խթան կհանդիսանա Wikipedia-ում հայերի ակտիվացմանը: Տեսնենք:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս