Բաժիններ՝

Միգրացիա՞, թե՞ արտագաղթ. Գեղարքունիքը դատարկվում է մարզպետի ողջույնների ներքո

Գեղարքունիքում ապրիլ-մայիսը բավականին աշխույժ ժամանակաշրջան է. «խոպանչիներն» իրենց ընտանիքներին վերջին հրաժեշտն են տալիս ու մեկնում օտար երկրներ՝ գումար վաստակելու: Ամեն գիշեր մարզկենտրոն Գավառի Մշակույթի պալատի մոտից 2 մեծ ավտոբուսներ շարժվում են դեպի «Զվարթնոց» օդանավակայան, միկրոավտոբուսներն էլ «պարապ» չեն,  ու երբեմնի գյուղատնտեսական զարգացած մարզը վարուցանքի ամենաեռուն շրջանում գրեթե զրկվում է տղամարդու ուժեղ ձեռքից:

Օրերս մարզ կատարած մեր այցելության ժամանակ նման մի միկրոավտոբուս հանդիպեցինք. մոտ 15 հոգանոց խումբը մեկնում էր Վոլգոգրադ, որտեղ նրանց արդեն սպասում էր «բրիգադիրը»՝ շինարարական աշխատանքի պատվերով: Ամուսնուն ճանապարհող տիկին Սվետան, ով Գավառում մանրածախ առևտրով է զբաղվում, պատմեց, որ շուտով ինքն էլ է պատրաստվում մեկնել Հայաստանից, առավել ևս, որ երեխաները ևս Ռուսաստանում են. «Ոչ առևտուր կա, ոչ բան, մարդ չի մնացել, մեր սաղ թաղը դատարկվել ա: Ես էլ մնում եմ՝ որ ի՞նչ անեմ: Ինքը թող տեղավորվի, տուն գտնի, ես էլ կփակեմ խանութս ու կգնամ»: Տիկին Սվետան հայտնեց, որ անցած տարի էլ էին մեկնել արտագնա աշխատանքի, սակայն ձմռանը վերադարձել էին՝ հույսով, որ նախագահական ընտրությունների ժամանակ որևէ բան կփոխվի, ու անհրաժեշտություն չի լինի կրկին մեկնելու, սակայն ապարդյուն: «Եթե հաջողվի՝ ձմռանն աշխատանք ունենանք, էլ ետ չենք գա»,- ասաց տիկին Սվետան՝ հավելելով, որ երկիրը դատարկվում է, իսկ իշխանությունների «պետքն էլ չէ»:

artagaxt1

Նորատուս համայնքի բնակիչ, ազատամարտիկ Հարազատ Գրիգորյանն էլ պատմում է, որ ամբողջ գյուղի 80%-ն արտագնա աշխատանքի է մեկնում՝ Մոսկվա, Օրենբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ: Ընդ որում՝ եթե նախկինում գնում-գալիս էին, ապա այժմ մեծ մասը մնում է ու չի վերադառնում. «1600-ից ավելի տնտեսություն կար գյուղում, բայց հիմա այդքան չկա, տների մեծ մասը դատարկ է, դռները փակել, ընտանիքներով գնացել են»: Հ. Գրիգորյանի խոսքով՝ գյուղում աշխատատեղեր բացարձակապես չկան, մարդիկ որոշ չափով լճից են օգտվում, բայց ձուկ էլ չկա, միակ օգուտը խեցգետնի որսն է: Մի ժամանակ Նորատուսում մալուխի գործարան է աշխատել, սակայն 2000-ականների սկզբին սեփականատերն այն փակել է ու տեղափոխել Մերձմոսկվա, որտեղ հիմա շատ մեծ արտադրություն է հիմնել: «Փայ ուզեցին, դրա համար էլ փակեց ու գնաց: Ու ճիշտ էլ արեց: Վերջին տարիներին էլ ով փորձ է արել էստեղ բիզնես դնել, փայ են ուզել, դրա համար էլ ոչ մի բան չի աշխատում»,- ասաց Հ.Գրիգորյանը:

Կարդացեք նաև

artagaxt2

Նրա խոսքով՝ գյուղում հողերի ընդամենը 20%-ն է մշակվում. «Բերք չի լինում, կարտոֆիլից էլ օգուտ չկա՝ չարչարանքը շատ է, ջուր չկա: Մենք ծովին էլ ենք մոտ, գետն էլ գյուղի միջով է գնում, բայց ջրի խնդիր ունենք: Հողերը պարապ են մնացել, հողը բերրիությունը կորցրել է, գյուղապետարանի տված պարարտանյութն էլ որակ չուներ, չօգնեց: 3 հա հող ունեմ, ով կուզի՝ տամ իրան, օգուտ չկա: Անցած տարի ցորեն ցանեցի, թվում էր, թե 3 տոննա բերք կլինի, հավատո՞ւմ ես, 30 կգ բերք հելավ: Սաղ մեջը փուչ էր»:

Հ. Գրիգորյանն ասաց, որ ինքն էլ ճամպրուկային տրամադրություն ունի ու պատրաստվում է առաջիկա օրերին մեկնել Ռուսաստան. «Էստեղ ապագա չկա՝ ո՛չ մեզ համար, ո՛չ երեխեքի: Մի աղջիկս ընտանիքով Մուրմանսկում է, մեկն էլ Երևան է, տղես էլ հես ա ավարտում է Հյուսիսային համալասարանը, ու կգնանք Ռուսաստան՝ Մոսկվա: Տներում պատերն ենք երեսապատում, դաչաներում ենք աշխատում, կախված է բրիգադիրից: Մնամ ստեղ՝ ի՞նչ անեմ, հաց ունե՞մ ուտելու: Տղես համալսարանը ավարտեց, վերջացրեց, եկավ, ի՞նչ ա աշխատելու»:

Գեղարքունիքի մարզպետարանում վիճակագրություն չկա, թե քանի քաղաքացի է տարեկան մեկնում արտագնա աշխատանքի, քանիսն է վերադառնում, իսկ քանիսն իրենց ընտանիքներին են տանում: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ի պատասխան 168.am-ի հարցին, թե ի՞նչ պատկեր է մարզում, այս տարի ավելի շա՞տ են մեկնում արտագնա աշխատանքի, փորձեց իրավիճակն արդարացնել՝ օրինակ բերելով ամբողջ հանրապետության վիճակը և այն, որ դեռ խորհրդային տարիներին Գեղարքունիքից շատ էին մեկնում արտագնա աշխատանքի: Նա պնդեց, թե գնացողներն աշնանը վերադառնում են իրենց ընտանիքների մոտ:

«Կոնկրետ թիվը ես չեմ կարող ասել, բավականին շատ են,  հիմա արտագնա աշխատանքի մեկնողների ժամանակաշրջանն է: Դրա անհրաժեշտությունը կա, և ես գտնում եմ, որ ճիշտ են անում, որ գնում են: Ես կողջունեմ, եթե նրանց թիվն ավելանում է: Իսկ որ դռները փակում, գնում են ու չեն վերադառնում, դա մեր իրականությունն է: Դուք ինչի՞ համար եք ուզում մեր քաղաքացիների իրավունքների վրա բռնանալ: Դա նաև մեր Սահմանադրությամբ է ամրագրված՝ ցանկացած ոք ազատ է իր շարժի մեջ, ցանկացած ոք որտեղ ուզենա, ազատ է այնտեղ ապրել: Դա հասկանում եմ, դուք ի՞նչ եք ուզում, որ ես ի՞նչ ասեմ: Քայլ առ քայլ իշխանությունը փորձում է լուծել խնդիրները: Իհա՛րկե, դժվար է Գեղարքունիքի մարզում ապրելը և միայն գյուղատնտեսությամբ ապրելը, ընտանիքի հոգս հոգալն անհնարին է»,- ասաց Ռ. Գրիգորյանը ու շեշտեց, որ առանց սուբիսդավորման՝ հողագործությամբ զբաղվելը պարզապես շահավետ չէ:

Ռ. Գրիգորյանը հավաստիացրեց, թե մարզպետարանն ամեն ինչ անում է, որ աշխատատեղեր ստեղծվեն, պայմանավորվածություն է ձեռք բերվել գերմանական մի կազմակերպության հետ, որ առաջիկայում Գավառում, Մարտունիում և Վարդենիսում  կարի արտադրամասեր բացվեն՝ յուրաքանչյուրը 100-150 աշխատատեղերով: Չինական ընկերության հետ պայմանավորվածություն կա ինսուլինի ստացման համար գետնախնձորի ցանքատարածություններն ավելացնելու վերաբերյալ, մասնավորապես, Գեղարքունիքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել գետնախնձորի մշակությունը և հասցնել 3000 հեկտարի: Ըստ մարզպետի՝ հողերի 70-80%-ն օգտագործվում է, մարզի գյուղացիական տնտեսություններն ամբողջությամբ ապահովված են ազոտական պարարտանյութով ու դիզվառելիքով, այժմ շարունակվում է սերմացուի բաժանումը: Մեր հարցին՝ ցանքատարածությունների կրճատում նկատվո՞ւմ է, Ռ. Գրիգորյանը վստահեցրեց, որ ոչ, առավելագույնը 500-600 հեկտարի տարբերություն կա, իսկ հարցին, թե սերմացուի պահանջարկն անցած տարի և այս տարի որքա՞ն է եղել, մարզպետը այդպես էլ հստակ պատասխան չտվեց. «Կարող ա՝ 5 կիլոգրամի տարբերություն լինի, և Դուք փորձեք… հասկացաք, չէ՞»:

Ի հակադրություն մարզից զանգվածաբար մեկնողների՝ կան նաև եզակի դեպքեր, երբ տարիներ շարունակ Ռուսաստանում բնակված և աշխատած մարդիկ վերադառնում են հայրենի բնակավայր ու բիզնես սկսում: Զոհրակ Հակոբյանը 2003-2008թթ. Ուֆայում ամառային սրճարան ուներ, սակայն հետո միտքը «ծռվել» է, ու նա հետ է եկել Գավառ: Այստեղ հորից ժառանգություն ստացած սրճարանն անհրաժեշտ սարքավորումներով կահավորել է Peeple in need չեխական կազմակերպության աջակցությամբ ու հիմա տարածաշրջանում խեցգետնի «ամենահամեղ քյաբաբն ու քյուֆթան է մատուցում»:

artagaxt-kafe

«Էնտեղ ուրախ է, բայց անկայուն, իսկ էստեղ կայուն է: Բիզնեսը դեռ լավ է, բայց եթե արտագաղթն այս տեմպով շարունակվի, բարդ կլինի: Հիմնականում տեղացիները հյուրերին են բերում՝ խեցգետին ճաշակելու, բայց տեղացիները պակասում են, զբոսաշրջիկներն են ավելանում: Բիզնես անելն օրեցօր ավելի դժվարանում է, մարդիկ գնում են, ում գործերը լավ է լինում, ընտանիքն էլ է տանում: Սենց որ գնա, ու մարդիկ պակասեն, իմ բիզնեսն էլ իրան չի արդարացնի, կթողնեմ, ես էլ կգնամ: Ի՞նչ պիտի անեմ»,- ասաց Զ.Հակոբյանը:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միգրացիան այն երևույթն է, երբ անձն իր բնակության վայրը փոխում է 3 ամիս և ավելի ժամկետով. «Միգրացիա կամ արտագաղթ, նայած, թե ով ոնց կբնորոշի: Միգրացիան 2 ուղղություն ունի՝ ներս ու դուրս: Քանի որ հիմա, վերջին շրջանում մեզ մոտ գերակշռել է արտագաղթը, այս պահերին «միգրացիա» բառի տակ հասկանում են՝ արտագաղթ: Մեզ մոտ արտագաղթի պատճառների մեջ հիմնականը տնտեսական դրդապատճառներն են: Հարցումներ են կատարվել, և մարդիկ ամենաշատ պատճառ նշել են կա՛մ աշխատանքի բացակայությունը, կա՛մ բարձր վարձատրությամբ աշխատանքի բացակայությունը, կա՛մ մասնագիտական աշխատանքի բացակայությունը, կա՛մ գործարարությամբ զբաղվելու հետ կապված խոչընդոտները: Դրա համար միգրացիոն հոսքի մեջ գերիշխողը տնտեսական միգրացիան է»:

Հավելենք, որ այս տարվա հունվար-մարտին միայն ՀՀ քաղաքացիների ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) եղել է 35 հազ. 500 մարդ, որը մոտ 40%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Լեզվի իմացության և մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրների պատճառով հայերի մեծ մասը մեկնում է Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս