Բաժիններ՝

Ապահով Հայաստանի անապահով գյուղացիները

Կիրակի օրը հերթական տարերային աղետը հսկայական վնաս պատճառեց առանց այն էլ չափազանց վատ պայմաններում ապրող հազարավոր գյուղացիական տնտեսությունների: Կարկուտը մի քանի րոպեում ոչնչացրեց Արմավիրի և Արագածոտնի մարզերի երկու տասնյակի չափ գյուղերի ցանքատարածություններն ու այգիների բերքը: Արմավիր մարզի Ալաշկերտ, Հայկավան և Մրգաշատ գյուղերի հուսահատ ու անօգնական գյուղացիները փակեցին մի քանի գյուղամիջյան ճանապարհներ` ստիպելով, որ իրենց կիրակնօրյա հանգիստը թողած` աղետի վայր գան Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Ալաշկերտցիների պահանջով` գյուղնախարարը մտել է խաղողի այգիները, որպեսզի անձամբ համոզվի, որ դրանք առաջիկա երկու տարիներին այլևս բերք չեն կարող տալ: Խնդիրն այն է, որ աղետից տուժած գյուղերը հիմնականում մասնագիտացած են խաղողագործության մեջ, իսկ խաղողի վնասված վազերը կարող են վերականգնվել առնվազն երկու տարվա ընթացքում, եթե այդ ընթացքում նոր կարկուտ չլինի: Կարկտահարված դաշտեր այցելելուց հետո Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ գյուղնախարարը խոստացել է զբաղվել գյուղացիական տնտեսություններին աջակցելու խնդրով:

Երեկ արդեն գյուղացիներին բաժանվել են հարցաթերթիկներ, որտեղ նրանք պետք է լրացնեն, թե ինչ գյուղատնտեսական կուլտուրաներ են իրենք մշակել, ինչ տարածության վրա, և որքան է կազմում իրենց վնասը:
Հազարավոր գյուղացիական տնտեսություններ հայտնվել են անելանելի և անլուծելի խնդրի առաջ. նրանք զրկվել են իրենց եկամտի միակ միջոցից: Գյուղացիներն իրենց հողերը մշակելու համար վարկեր են վերցրել, շատ դեպքերում` մի քանի բանկերից և վարկային կազմակերպություններից:

Բացի այդ, նրանցից շատերը պարտքով թունաքիմիկատներ, պարարտանյութ և դիզվառելիք են վերցրել, որի դիմաց պետք է վճարեին բերքն իրացնելուց հետո: Բայց ամենակարևորը` իրենց ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար մարդկանց միջոցներ են պետք, որը չկա և չի լինի առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Իսկ այդ մեկ տարին ինչ- որ կերպ ապրել է պետք:

Գյուղացիները ձևակերպել են իրենց ընդհանրական պահանջները՝ պետական միջամտության արդյունքում սառեցնել կամ վերաֆինանսավորել իրենց վարկերը, տրամադրել հողի և ջրի վարձի չվճարման արտոնություն և ամենակարևորը` սահմանել նպաստ, որը պետք է լինի այնպիսին, որով գյուղացիները հնարավորություն ունենան ապահովել իրենց ֆիզիկական գոյությունը:

Որքանով են իրատեսական այս պահանջները, կամ որքանով է իրատեսական, որ կառավարությունը կընդառաջի գյուղացիների պահանջներին: Միանգամից ասենք, որ այս պահանջների նույնիսկ չնչին մասի բավարարումն անհավանական է, քանի որ խոսքը տասնյակ միլիարդների լրացուցիչ ծախսերի մասին է: Ինչպե՞ս կարող է կառավարությունը պահանջել, որ բանկերը սառեցնեն գյուղացիական տնտեսություննների կողմից վարկերի սպասարկումը: Բանկերը մասնավոր հաստատություններ են, որոնք ունեն սեփական շահերը, և պարտավոր չեն իրենց վրա վերցնել գյուղացիների կրած վնասները: Այլ հարց է, որ կառավարությունն` ինքը, վերցնի այդ վարկերի սպասարկման բեռը, ինչն անիրատեսական է: Նույնքան անիրատեսական է, որ կառավարությունն այդքան մեծ թվով գյուղացիական տնտեսությունների համար նպաստ նշանակի:

Առավելագույնը, որ կարելի է սպասել, դա մեկանգամյա օգնություն է, որոշակի գումարի կամ, ավելի հավանական է, սերմերի կամ այլ գյուղատնտեսական նշանակության ապրանքների տեսքով, հիմնականում` անպետք: Հնարավոր է, որ այս աղետից ինչ-որ մարդիկ իսկապես օգուտ ստանան, բայց ոչ` գյուղացիները: Օրինակ կառավարությունը կարող է «Ֆլեշ» ընկերությանը մի քանի միլիարդ փոխանցել` գյուղացիներին հավելյալ մատչելի դիզվառելիք մատակարարելու համար: Այդ դիզվառելիքը գյուղացիներին պետք չէ, դրանով խաղողի վազերը չես վերականգնի, բայց դա ոչ մեկի չի հետաքրքրում:

Հայաստանում ամեն տարի և նույնիսկ տարին մի քանի անգամ կրկնվում են այսպիսի տարերային աղետները` մարդկանց պատճառելով նյութական վնասներ և դառնալով բազմաթիվ մարդկային ողբերգությունների պատճառ: Թվում է, թե պետությունը պայքարում է այս աղետի դեմ, ամեն տարի տեղադրելով և շահագործելով հակակարկտային կայաններ, դա ներկայացնելով` որպես մեծ աջակցություն գյուղատնտեսությանը: Բայց հակակարկտային կայանների արդյունավետությունը չափազանց ցածր է, դրանք չեն երաշխավորում կարկուտի բացառումը:

Օրինակ` Ալաշկերտ գյուղում, որը կարկուտից ամենաշատ տուժած գյուղն է, եղել է մեկ հակակարկտային կայան, և գյուղացիները նկատել են, որ դրա շրջակա հողատարածքներն ամենաշատն են տուժել կարկուտից: Գյուղացիների մի մասը պնդում է, որ այդ կայանը մի քանի անգամ կրակել է ու խափանվել:

Հակակարկտային կայանների տեղադրումն ու սպասարկումը հսկայական եկամուտներ է ապահովում ինչ-որ մարդկանց, և չնայած ցածր արդյունավետությանը` դրանց տեղադրման և շահագործման համար միջոցներ են հատկացվում: Ամեն հաջորդ կարկուտից հետո նոր թափ են ստանում հակակարկտային կայաններ տեղադրելու և դրանց քանակն ավելացնելու կոչերը` առանց հաշվի առնելու դրանց տված արդյունավետությունը:

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը անցել է կարկուտից պաշտպանվելու անհատական համակարգերի ներդրմանը: Խոսքը հակակարկտային ցանցերի տեղադրման մասին է, որը 100 տոկոսով ապահովում է դաշտերի պաշտպանությունն այդ բնական աղետից: Դա, իհարկե, համեմատաբար մեծ ծախսերի հետ է կապված, բայց ավելի քիչ է, քան բերքի 100 տոկոս ոչնչացումը: Ինչո՞ւ Հայաստանում չեն փորձարկում նման համակարգեր: Պատճառը ոչ թե գումարի սղության, այլ գործող տրամաբանության մեջ է:

Հայաստանում նման տեխնոլոգիայի կիրառումը տեսականորեն բացառվում է, քանի որ այստեղ ամեն ինչ գնում է դեպի միջնադար. հողի մեխանիզացված մշակմանը փոխարինել է առավելապես ձեռքի աշխատանքը, նույնը վերաբերում է հողերի ոռոգմանը, բերքահավաքին և գյուղատնտեսական մյուս աշխատանքներին: Մի՞թե միջնադարում կարելի է ակնկալել նանոտեխնոլոգիաներով պատրաստված հակակարկտային ցանցերի կիրառում: Համաձայնեք, որ դա իսկապես անիմաստ պահանջ է: Դա նույնն է, եթե միջնադարյան գյուղում հիդրոպոնիկայով բանջարեղեն աճեցնելու տնտեսություն հիմնվեր: Քանի որ մենք վերջնականապես չենք կորցրել մեր բանականությունը, չենք կարող նման անիրատեսական բաների մասին մտածել կամ գիտաֆանտաստիկ բաներ պահանջել:

Այնպես որ, հայ գյուղացիները պետք է երջանիկ լինեն, որ իշխանավորները նրանց գոնե լսել են և խոստացել օգնել: Այդ երջանկությունը նրանց պետք է հնարավորություն տա հաղթահարելու աղետի վնասները և ապրելու մինչև հաջորդ տարի, երբ հնարավոր է, որ կարկուտ կամ այլ բնական աղետներ չլինեն: Ի վերջո, 21-րդ դարում ապրող հայ գյուղացին ոչնչով լավ չէ 5 դար առաջ ապրած հայ գյուղացուց:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս