
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալուն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, անդրադառնալով ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալուն, նշել է՝ խորապես ցավում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել կրկին դուրս բերել Ամերիկայի Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի դեկտեմբերի վերջին։
«Այս որոշումը հակասում է բազմակողմանիության հիմնարար սկզբունքներին և կարող է հատկապես ազդել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեր բազմաթիվ գործընկերների վրա, որոնք ձգտում են իրենց օբյեկտները ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում, ստանալ ստեղծագործ քաղաքի կարգավիճակ և ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններ»,-նշել է նա և հավելել՝ որքան էլ ցավալի է եղել ԱՄՆ նախագահի հայտարարությունը, այն իրենց համար սպասելի է եղել, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է եղել դրան։
Օդրի Ազուլեն ընդգծել է, որ վերջին տարիներին իրականացրել են զգալի կառուցվածքային բարեփոխումներ և դիվերսիֆիկացրել իրենց ֆինանսավորման աղբյուրները: Կազմակերպության ջանքերը 2018 թվականից ի վեր փոխհատուցել են ԱՄՆ ֆինանսական ներդրման նվազման միտումը, որը ներկայումս կազմում է կազմակերպության ընդհանուր բյուջեի 8 տոկոսը՝ համեմատած Միավորված ազգերի կազմակերպության որոշ կառույցների 40 տոկոսի հետ: «Միևնույն ժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեն շարունակել է կայուն աճել: Այսօր կազմակերպությունն ավելի կայուն ֆինանսական վիճակում է՝ շնորհիվ անդամ պետությունների մեծ թվի և մասնավոր դոնորների շարունակական աջակցության: Կամավոր ներդրումները կրկնապատկվել են 2018 թվականից ի վեր»,-տեղեկացրել է գլխավոր տնօրենը։
Ազուլեն շեշտել է, որ այս փուլում կազմակերպությունը չի քննարկում անձնակազմի կրճատման հարցը։
Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2017 թվականին կազմակերպությունից դուրս գալու սկզբնական որոշմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակտիվացրել է իր ջանքերն այն ոլորտներում, որտեղ իր գործողությունները կարող են նպաստել խաղաղությանը և ցույց է տվել իր մանդատի կենտրոնական նշանակությունը։
«Կազմակերպությունը հաջողությամբ ավարտել է իր պատմության մեջ ամենամեծ օպերացին՝ Մոսուլի հին քաղաքի վերակառուցումը, որը սկսվել էր 2018 թվականին, ընդունել է արհեստական բանականության էթիկական չափանիշների վերաբերյալ առաջին և միակ համաշխարհային նորմատիվ փաստաթուղթը և մշակել է լայնածավալ ծրագրեր՝ աջակցելու մշակույթին և կրթությանը կոնֆլիկտային իրավիճակներում, լինի դա Ուկրաինայում, Լիբանանում, թե Եմենում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև ակտիվացրել է իր աշխատանքը կենսաբազմազանության և բնական ժառանգության պահպանման, ինչպես նաև աղջիկների կրթության ոլորտում»,-մանրամասնել է Ազուլեն։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների՝ կազմակերպությունից դուրս գալու պատճառները մնում են նույնը, ինչ յոթ տարի առաջ, չնայած իրավիճակը կտրուկ փոխվել է այդ ժամանակվանից ի վեր՝ քաղաքական լարվածությունը մեղմացել է, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր ներկայացնում է եզակի հարթակ՝ կոնկրետ և գործողությունների վրա կենտրոնացած բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։
«Այս պնդումները նաև չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող իրական աշխատանքին, մասնավորապես՝ Հոլոքոստի կրթության և հակասեմիտիզմի դեմ պայքարի ոլորտներում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ գործակալությունն է, որը լիազորված է լուծել այս խնդիրները, և նրա աշխատանքը միաձայն ճանաչել են ոլորտի առաջատար կազմակերպությունները, ինչպիսիք են Վաշինգտոնում Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանը, Համաշխարհային հրեական կոնգրեսը և դրա ամերիկյան բաժինը, ինչպես նաև Ամերիկյան հրեական կոմիտեն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցել է 85 երկրի՝ համապատասխան գործիքներ ներդնելու և մանկավարժներին վերապատրաստելու հարցում՝ Հոլոքոստի և ցեղասպանությունների մասին դասավանդելու, ինչպես նաև Հոլոքոստի ժխտման և ատելության խոսքի դեմ պայքարելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշարունակի իրականացնել այս առաջադրանքները՝ չնայած ռեսուրսների անխուսափելի կրճատմանը»,-վստահեցրել է կազմակերպության գլխավոր տնօրենը։
Ազուլեն շեշտել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծվել է աշխարհի բոլոր ազգերին միավորելու համար, և Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ եղել է և միշտ կլինի կազմակերպության ողջունելի անդամ։
«Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր բոլոր ամերիկացի գործընկերների հետ մասնավոր հատվածում, ակադեմիական և ոչ առևտրային կազմակերպություններում, և կշարունակենք մեր երկխոսությունը վարչակազմի և Կոնգրեսի հետ»,-եզրափակել է Օդրի Ազուլեն։
Հուլիսի 22-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Թրամփը նման քայլեր էր ձեռնարկել նաև իր նախագահության առաջին ժամկետում և դուրս էր եկել, այդ թվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կլիմայի շուրջ համաձայնագրից։ Նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո վերադարձրել էր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ և կլիմայի շուրջ համաձայնագիր։
Այժմ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ դուրս է բերում երկիրը համաշխարհային կառույցներից։ Նա արդեն որոշում է կայացրել երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից, կասեցնել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ֆինանսավորումը։