
Մեսրոպ Մեսրոպյանը ՀԾԿՀ-ն դարձրել է կառավարության կցորդ ու քաղաքական պատվեր է կատարում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրենսդրորեն անկախ կառույց է։ Այն ոչ մեկին, առավել ևս՝ կառավարությանը ենթակա չէ։ Հաշվետու է միայն Ազգային ժողովին՝ կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացնելու ձևով։
Բայց դա չի խանգարում, որ անկախ համարվող այս հանձնաժողովը դառնա կառավարության կցորդ ու կատարի քաղաքական պատվեր։ Դրան ականատես դարձանք հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ հայտնի իրադարձություններից հետո ՀԷՑ-ը պետք է խլել Սամվել Կարապետյանից։
ՀԷՑ-ը խլելու գործին անմիջապես միացավ «անկախ» հանձնաժողովը։ Անհասկանալի պատճառաբանությամբ, մերժեց ընկերության առաջարկությունը՝ ներդրումներն ավելացնելու վերաբերյալ։ Պարզվեց՝ հանձնաժողովը չի կարող թույլ տալ անհրաժեշտությունից ելնելով՝ լրացուցիչ ներդրումներ կատարել, դրանց հաշվին ցանցի տեխնիկական վերազինում իրականացնել, որովհետև դա կարող է հանգեցնել պլանային անջատումների ավելացմանն ու խնդիրներ կառաջացնի էներգահամակարգի անվտանգության, հուսալիության, ինչպես նաև ընկերության ֆինանսական կայունության համար։
Նման ավելի մեծ անհեթեթություն դժվար էր պատկերացնել՝ ներդրումներն ավելացնելու ընկերության առաջարկը մերժելու համար։ Բայց «անկախ» հանձնաժողովը որոշեց հետ չմնալ քաղաքական իշխանությունից և մերժեց ընկերության նախաձեռնությունը՝ ցույց տալով իր հավատարմությունը ՀԷՑ-ի դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին։
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ հանձնաժողովն ու հանձնաժողովի նախագահը պատրաստ են շատ ավելի խորը ներքաշվել սկսված քաղաքական պրոցեսների մեջ ու գործիք դառնալ կառավարության ձեռքում՝ ՀԷՑ-ը խլելու օպերացիան ավարտին հասցնելու համար։
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, երբ ժամանակին նոր-նոր առաջադրվել էր ՀԾԿՀ նախագահի թեկնածուի պաշտոնում, անդրադառնալով ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ խոսակցություններին, ասում էր՝ ՀԷՑ-ը խլել եզրույթն ինձ համար անընդունելի է, խլելս ո՞րն է։ ՀԷՑ-ը խլել, մասնատել, տեղը չգիտեմ ինչ անել, ես տենց օրակարգ չունեմ: Այսօր տեսնում ենք, թե Մեսրոպ Մեսրոպյանն ինչպես է մտել իշխանության օրակարգի մեջ ու անկախ հանձնաժողովը դարձրել կառավարության կցորդ՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաղորդման հիման վրա՝ ՀԾԿՀ նախագահը, միանձնյա որոշմամբ, վարչական վարույթ հարուցեց ՀԷՑ-ի դեմ, ու սեփականատերերից վերցվեց ընկերության կառավարումը։ Ավելին՝ ՀԷՑ-ին զրկեց բողոքարկելու դեպքում որոշումը կասեցնելու հնարավորությունից։ Այն պարագայում, երբ կարող էր ժամանակավոր կառավարիչ նշանակելու փոխարեն, այլ կանխարգելիչ միջոցներ կիրառել, ասենք՝ թույլ տալ ընկերության սեփականատիրոջն ու ղեկավարությանը՝ վերացնել ենթադրյալ խախտումները։
Բայց հանձնաժողովի նախագահը նախընտրեց հենց այն տարբերակը, որի մասին ի սկզբանե հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել էր, որ առաջին քայլով վերցնելու է ընկերության կառավարումը։
Դեռ չվերցրած՝ նույնիսկ հաթաթաներ էր տալիս ընկերության ղեկավարությանն ու աշխատողներին, անհնազանդներին աշխատանքից ազատելու, պատժելու, հնազանդվողներին՝ պարգևատրելու մասին էր խոսում։
Որտեղի՞ց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանին այդքան վստահություն, որ անկախ հանձնաժողովի նախագահը կայացնելու է հենց Նիկոլ Փաշինյանի սրտի որոշումն ու ՀԷՑ-ում լիազոր կառավարիչ է նշանակելու, այն է՝ կառավարության կողմից ներկայացված ենթադրյալ, երբեմն՝ անորոշ փաստերի հիման վրա։ Ինչպե՞ս կարելի է ենթադրությունների հիման վրա ընդունել, որ վտանգված է համակարգի անվտանգությունը։ Եթե անգամ համարենք, որ կառավարության ներկայացրած հաղորդման մեջ բարձրացված հարցերն իրականում կան՝ դրանք գտնվում են բացառապես հանձնաժողովի գործունեության դաշտում, ու դրանց պատասխանատուն հանձնաժողովն է, որը պարտավոր էր ժամանակին միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման խնդիրներ չլինեն։
Եթե չի ձեռնարկել՝ նշանակում է՝ թաքցրել է կամ միտումնավոր ստեղծել է մի իրավիճակ, որպեսզի հետագայում այսպիսի խնդիրներ առաջադրի սեփականանատիրոջը։
Վերջին տարիներին հանձնաժողովն արձանագրել է, որ համակարգում լուրջ բարելավումներ ու առաջընթաց կա, կրճատվել են պլանային անջատումների տևողությունն ու վթարների վերականգնման ժամկետները, կատարվել են միլիոնավոր դոլարների ներդրումներ, նվազել են կորուստները։ Այս բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովն է մոնիտորինգ իրականացնում։ Բայց հանկարծ կառավարությունից իմանում է, որ այդպես չէ, որ ընկերության ներկայացրած տեղեկության հավաստիության վերաբերյալ կասկածներ կան։ Այսքան տարի հանձնաժողովը կասկածներ չի ունեցել, թերություններ չի բացահայտել, կառավարությունում որոշել են, որ կասկածներ կան, իսկ հանձնաժողովի նախագահը դա հալած յուղի տեղ է ընդունել։
ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու ու կառավարիչ նշանակելու վերաբերյալ կառավարության փաստարկները երբեմն այնքան թույլ են ու անհիմն, որ դրանք շատ դեպքերում տեղում կարող էին հերքվել, եթե կառավարությունը կամ «անկախ» հանձնաժողովի նախագահը նպատակ ունենային ու բարեհաճեին հասկանալ պատճառները։ Երբ համակարգի վրա միանգամից նման ճնշում են ավելացնում՝ պետք է նախապես մտածեին հետևանքների մասին ու քայլեր ձեռնարկեին, այդ թվում՝ հավելյալ ներդրումներ կատարելու հնարավորություններ ստեղծելու միջոցով, և ոչ թե՝ այն շարժառիթ դարձնեին քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար։ Ներդրումներ թույլ չեն տալիս անել, որպեսզի սակագները չբարձրանան, բայց ուզում են, որ ցանցի որակը բարելավվի։
Բոլորն էլ հասկանում են, որ այս ամենը քաղաքական պրոցես է, որքան էլ դա փորձեն այլ հիմնավորումներով փաթեթավորել։ Զավեշտ է, որ այդ պրոցեսին միացել է նաև անկախ համարվող հանձնաժողովն ու դրա նախագահը, որոնք, առանց ավելորդ սեթևեթանքի, ստանձնել են կառավարության ու քաղաքական իշխանության պատվեր կատարողի դերը։ Այդպիսի անկախ հանձնաժողով վաղուց արդեն որևէ մեկին պետք չէ ու պետք է հրաժարվել դրա կարգավիճակից։ Կարող է հանգիստ լինել կառավարության կամ վարչապետին ենթակա մարմին։ Միևնույն է՝ դրանց մեծ բան չի փոխվի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ