
Նեթանյահուն և նրա չարագործների ցանցը վաղուց գերազանցել են Հիտլերին. Էրդողան

«Նեթանյահուն և նրա չարագործների ցանցը վաղուց գերազանցել են Հիտլերին բարբարոսությամբ։ Նույնիսկ Եվրոպայում Հոլոքոստի ժամանակ նման անմարդկային պատկերներ չեն ի հայտ եկել, ինչպես Գազայում»։ Այս մասին սոցցանցերում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մարդկային արժանապատվության գոնե մի կաթիլ անգամ ունեցող ցանկացած ոք չի կարող ընդունել, լռել կամ համաձայնել այս դաժանության հետ, երբ ամեն օր տասնյակ անմեղ մարդիկ են մահանում, որովհետև չեն կարողանում գտնել մի կտոր հաց կամ մի կում ջուր։ Գազայում տեղի ունեցած ցեղասպանության մասին լռող յուրաքանչյուր ոք դառնում է մարդկության դեմ Իսրայելի կատարած հանցագործությունների մեղսակից։ Մինչ մարդկությունը մահանում է Գազայում, մինչ նորածիններն ու փոքր երեխաները մահանում են, մինչ մարդիկ մահանում են՝ փորձելով մի պարկ ալյուր ձեռք բերել, մեզանից ոչ մեկը չի կարող լռել դրա մասին, և մենք չենք լռելու», – նշել է Թուրքիայի նախագահը։
Այնուհետև Թուրքիայի նախագահը հիշեցրել է նորածինների «կտրված գլուխները, ձեռքերն ու ոտքերը», չթաղված դիակները և «մայրերի աղեկտուր ճիչը»։
«Այս մռայլ օրերին, երբ սկսվել են զանգվածային մահեր սովից, ես միջազգային հանրությանը կոչ եմ անում միավորվել մարդկության կողքին։ Եկեք, եկեք բոլորս միասին կանգնենք այս վայրենության դեմ։
Եկեք, եկեք ասենք, որ մեզ բավական է այս ճնշումը, այս դաժանությունը։ Եկեք, եկեք թույլ չտանք, որ մարդկության մի բուռ թշնամիներ, որոնք կուրացած են իշխանության ծարավից, շարունակեն անարգանքով պղծել մարդկության անունը», – գրել է նա։