Ամերիկացին փորձում է 15 միլիոն դոլարով վաճառել Coca-Cola-ի պատրաստման գաղտնիքը
Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակիչ Կլիֆ Կլուջը փորձում է 15 միլիոն դոլարով վաճառել իր իսկ հայտնաբերած Coca-Cola գազավորված ըմպելիքի պատրաստման հին եղանակը:
Նա հայտարարել է, որ ձեռք է բերել Ջորջիա նահանգի հայտնի քիմիկոս, Coca-Cola-ի պատրաստման հեղինակ Ջոն Փեմբերթոնի փաստաթղթերի արկղը, որում հայտնաբերել է հանրահայտ ըմպելիքի պատրաստման եղանակը՝ թվագրված 19-րդ դարով:
Կլուջը դա Ebay-ում հանել է էլեկտրոնային աճուրդի: Մեկնարկային գինը 5 միլիոն դոլար է: Նրանք, ովքեր ցանկանում են առանց սակարկման գնել դա, ստիպված կլինեն վճարել 15 միլիոն դոլար:
Կլուջը ներկայացրել է նաև պատրաստման եղանակի լուսանկարը, որում մանրամասն ներկայացված են Coca-Cola-ի բաղադրատարրերը: Սակայն Կլուջը փոխակերպել է դրանց անուններն ու չափաքանակը՝ գաղտնիքի չբացահայտման համար:
Ամերիկացի դեղագործ Ջոն Փեմբերթոնը Coca-Cola-ն հնարել է 1886 թվականին: Դրա պատրաստման եղանակը ցայժմ գաղտնի է պահվում: Համարվում է, որ այն ցայժմ պահվում է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մետաղյա պահարանում և գտնվում է դիտարկման ներքո:
Հայտնի է, որ ժամանակի ընթացքում փոփոխության են ենթարկվել ըմպելիքի բաղադրատարրերը, և որ ներկայիս Coca-Cola-ն տարբերվում է բնօրինակից: Օրինակ, 1903 թվականին ըմպելիքի բաղադրատարրերից հանվել է կոկաինը: