Անահիտ Բախշյան. Մենք գիտենք՝ ինչ խողովակներով են գումարները գնում գեներեալների գրպանները

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով այս օրերին Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող ազատամարտիկներին, ասաց. «Քիչ առաջ ազատամարտիկների մոտ էի, հետաքրքրվեցի՝ ի՞նչ ընթացք պետք է ունենա, ինչքա՞ն պետք է մնան: Կառավարութունը խոստումներ է տվել նրանց և իմացա, որ այսօր ավարտելու են ցույցը: Իրենց մարդկային որակը, արժեքները տեսնելով՝ երկրում ավելի ցցուն դարձավ երկու բևեռների տարբերությունը՝ մարդիկ, ովքեր կամավոր գնացել են երկիրը պաշտպանել են, բայց այսօր սոցիալական այնպիսի խնդիրներ ունեն, որը պետությանը պատիվ չի բերում ու ամոթ է, իսկ նրանց կողքին կան կանգնած մարդիկ, ովքեր իբրև կռվել են: Այս ֆոնի վրա մեր իրականության ամենացավոտ խնդիրն է այսօր ազատամարտիկների բարձրացված ձայնը»:

Ա. Բախշյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն ու գործող նախագահը այս խնդիրը լուծելու համար պետք է օպտիմալ և գլոբալ լուծումներ գտնեն:

Իսկ ազատամարտիկները, ըստ նրա, պետք է նորմալ, մարդավայել ապրեն:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր ընդհանուր սոցիալական ֆոնի վրա ցցուն է դարձել ազատամարտիկների հարցը: Այն մարդը, ով պահանջ ունի, նրա հավաստմամբ, պետք պետությունն առաջին հերթին օգնի: Բայց, պատգամավորի խոսքով, իրենք մշտապես բնակարաններ են տվել  ազատամարտիկներին, առաջին հերթին՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, երկրորդ հերթին՝ ազատամարտիկներին: Բայց միաժամանակ նշեց, որ սոցիալական խնդիրը չի լուծվում բնակարան տալով.

«Իսկ եթե ազատամարտիկը վիրավոր է և այլն, թոշակ կամ գումար պետք է վճարվի, որ գոյությունը պահպանեն: Իրենք ոչ թե խնդիր են դնում որ բնակարան չունեն, այլ որ սոցիալական խնդիր ունեն: Մարզպետներն են օգնում…»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ա. Բախշյանն ընդհատեց Ս.Ավետիսյանի խոսքը՝ ասելով. «Վա՜յ, վա՜յ, մարզպետները… մեկ էլ Արագածոտնի մարզպետը պետք է զբաղվի հա՞ դրանով: Կառավարությունը նրանց շնորհիվ է պաշտոնի եկել»:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ միջոցների սղության պատճառով իրենք չեն կարողանում խնդրին պատշաճ լուծում տալ, սակայն Ա. Բախշյանը չհամաձայնեց. «Այդ մեկը չասեք: ՀՀԿ-ն իրավունք չունի ասելու՝ միջոցներ չկան: Մենք գիտենք, ինչ խողովակներով են գնում գումարները գեներեալների գրպանները: Ասում եք՝ սահմանափակ են, բայց միայն կենսաթոշակային ոլորտի բացահայտումների միլիոնները կարող էին գնալ ազատամարտիկներին»:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում այս հարցը կլուծվի: Իսկ Բախշյանն էլ նշեց, թե անգամ ազատամարտիկները չեն հավատում, որ հարցը կլուծվի:

Տեսանյութեր

Լրահոս