Թուրքիան պատրաստ չէ պատերազմել Սիրիայի դեմ. Սիրիայի փոխվարչապետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստ չէ պատերազմել Սիրիայի դեմ, իսկ նրա առաջնորդների ռազմաշունչ հայտարարությունները միտված են սիրիական ընդդիմության մարտական ոգին բարձրացնելուն: Այսպես է կարծում Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը.

«Ես չեմ կարծում, թե Թուրքիան պատրաստ է պատերազմ մղել, այնտեղ արդեն 30 տարի է, ինչ ընթանում է ներքին պատերազմ: Հնարավոր են նաև երկրի ներսում այլ պատերազմներ՝ կապված Թուրքիայի սոցիալական ու միջդավանաբանական պառակտման հետ:

Պատերազմի մասին խոսակցություններն անհրաժեշտ են սիրիական զինված ընդդիմության մարտական ոգին բարձրացնելու համար, որոնց թուրքերը չեն կարողանում տալ ավելի վաղ խոստացածը: Այդ ամենը վիրտուալ է: Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը թուրքերին հնարավորություն չի տալիս գնալու քաղաքական լուրջ քայլերի»:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում գրանցված երկու պայթյունների հետևանքով զոհվել է 46 և վիրավորվել է 155 մարդ: Թուրքիան դրա պատասխանատվությունը դրել է Սիրիայի վրա, ով կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Ի դեպ, ուշագրավ է, որ Ռեյհանլըի պայթյունները տեղի ունեցան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ամերիկյան այցի (մայիսի 16) հենց նախաշեմին, ով արդեն իսկ դրանցում մեղավոր է համարել Սիրիային՝ խոստանալով տվյալ հարցը քննարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ համոզելու համար, որ եկել է գործի անցնելու ժամանակը:

Տեսանյութեր

Լրահոս