Associated Press-ը ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել է իր լրագրողների հեռախոսազրույցները գաղտնալսելու մեջ
Ամերիկյան Associated Press (AP) լրատվական գործակալությունը ԱՄՆ արդարադատության նախարարությանը մեղադրել է իր լրագրողների հեռախոսազրույցները գաղտնալսելու մեջ: Այս մասին նշված է գործակալության տարածած այսօրվա հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում է, որ խոսքը գնում է լրատվական գործակալության աշխատանքին մասշտաբային ու աննախադեպ միջամտության ցուցաբերման մասին: AP-ն հայտարարել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները 2012 թվականի ապրիլ-մայիսին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում հետևել և գաղտնալսել են գործակալության աշխատակիցների անձնական ու գործնական հեռախոսազանգերը:
Ընդհանուր առմամբ, գաղտնալսվել է գործակալության ու նրա լրագրողների կողմից օգտագործվող 20 հեռախոսագիծ: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որքան աշխատակիցների հեռախոսներ են գաղտնալսվել, սակայն խոսքը կարող է գնալ ավելի 100 լրագրողի մասին, որոնք գործում են տվյալ քաղաքներում:
Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնել պատճառը, թե ինչու են գաղտնալսվել AP-ի հեռախոսազանգերը: Ավելի վաղ հաղորդվում էր, թե Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հետաքննում է AP-ի՝ 2012 թվականի մայիսի 7-ի հրապարակումը, որն առնչվում էր ԱՄՆ մեկնող ինքնաթիռներից մեկում «Ալ Քաիդայի» պլանավորած ահաբեկչության կանխմանը: