ՄԱԿ ԱԽ-ը դատապարտել է Թուրքիայում իրականացված ահաբեկչությունները
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում այս տարվա մայիսի 11-ին իրականացված ահաբեկչության կազմակերպողներին ու կատարողներին:
ՄԱԿ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք նախապատրաստել, կազմակերպել, ֆինանսավորել և հովանավորել են ամեն տիպի դատապարտման արժանի ահաբեկչական այդ ակտերը:
Դրանում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն ամենալուրջ ձևով դատապարտում է այդ սարսափելի գործողությունները: Փաստաթուղթը բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում:
Ադրբեջանական մամուլը հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ-ն այդ հայտարարությունն ընդունել է ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ Ադրբեջանի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Ռեյհանլըում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել էր 46 մարդ: Հետաքրքիր է, թե ինչու ՄԱԿ ԱԽ-ը նույն կերպ չի դատապարտում Իրաքում, Սիրիայում և այլ երկրներում իրականացված նմանատիպ կամ էլ շատ ավելի ծանր ահաբեկչությունները: