
Թուրքիան ու Ճապոնիան ստորագրել են Սինոպի ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ճապոնիան երեկ ստրագրել են Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման մասին պայմանագիրը: Սինոպում կառուցվելիք այդ ատոմակայանի նախագիծը գնահատվում է 22 միլիարդ դոլար:
Համապատասխան պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Էրդողանը հայտարարել է, որ այդ քայլը շատ կարևոր է Թուրքիայի համար.
«Մենք արդեն իսկ Ռուսաստանի հետ ունենք ատոմակայանի նախագիծ, որը պետք է իրագործվի Մերսին նահանգի Աքքույու վայրում: Այժմ էլ մենք Ճապոնիայի հետ քայլ ձեռնարկեցինք մեկ այլ ատոմակայան կառուցելու համար»:
Պլանավորված է, որ Սինոպի ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 4500-5000 մեգավատտ: Այն կառուցելու է ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումը (Mitsubishi Heavy Industries և Areva):
Սինոպի ատոմակայանի կառուցումը մեկնարկելու է 2017 թվականին, այն էլեկտրաէներգիա կսկսի արտադրել մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ):
Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պլանավորել են մինչև 2030 թվականը Թուրքիայում արտադրված էներգիայի նվազագույնը 15 տոկոսը ստանալ միջուկային էներգիայի հաշվին: