Ընտրակաշառքը՝ պաշտոնական վիճակագրության տվյալներում

Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ մեծ ծավալների ընտրակաշառք է բաժանվում։ Սակայն այդ մասշտաբները տարբերվում են։ Օրինակ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի բաժանումը համատարած բնույթ էր կրում։ Կոպիտ խախտումներ չեղան. իշխանությունները նախընտրեցին հարցերը լուծել շուկայական մեխանիզմներով։ Իսկ այս տարվա փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, հակառակը՝ գումար չէր բաժանվել (համեմատաբար քիչ էր բաժանվել)։ Որոշ վերլուծաբաններ դա բացատրում էին ԲՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու հանգամանքով։ Այսինքն՝ ԲՀԿ-ն չէր մասնակցում նախագահական ընտրություններին, դրա համար էլ ընտրակաշառք բաժանելու անհրաժեշտություն չկար։ Ինչևէ, ընտրակաշառքի մասշտաբների պատճառները դժվար է հստակ նշել։ Սակայն վերը նշված ենթադրությունները՝ դրանց իրական չափերի մասին, անուղղակիորեն հաստատվում են նաև պաշտոնական թվերով։

Երբ ընտրությունների ժամանակ մեծ գումարներ են բաժանվում, դա արտացոլվում է բանկային համակարգի վիճակագրական տվյալներում։ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցներում կա մի տող՝ «բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավալը»։ Ընտրությունների ժամանակ՝ քարոզարշավի ընթացքում, այդ թիվը կտրուկ մեծանում է, քանի որ կաշառող ուժերը գումարները հաշիվներից դուրս են բերում, սարքում 5000, 10 000 դրամանոցներ և բաժանում ընտրողներին։
Նախորդ ընտրությունների ժամանակ այս օրինաչափությունը միշտ աշխատել է։ Բացառություն չեն եղել նաև 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները։ Այսպես. 2012 թվականի մարտի վերջին բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավալը եղել է 321.7 միլիարդ դրամ, իսկ ապրիլի վերջին՝ 337.1 միլիարդ դրամ։ Այսինքն՝ քարոզարշավի մեկ ամսվա ընթացքում կանխիկ փողն ավելացել է 15.4 միլիարդ դրամով (շուրջ 40 միլիոն դոլար)։
Իհարկե, այն ամբողջությամբ չի ծախսվել ընտրակաշառքի վրա, սակայն դրա մի զգալի մասն, անշուշտ, ծառայել է այդ նպատակին։
Ինչ վերաբերում է այս տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ապա այստեղ պատկերն այլ է։ Դեկտեմբերի վերջին կանխիկ փողի ծավալը եղել է 384 միլիարդ դրամ, հունվարի վերջին՝ 351.7 միլիարդ, փետրվարի վերջին՝ 342.2 միլիարդ։ Այսինքն՝ հունվարի ընթացքում կանխիկ փողի ծավալը նվազել է 32 միլիարդ դրամով, իսկ փետրվարի ընթացքում՝ 9.5 միլիարդ դրամով։
Համապետական վերջին մի քանի ընտրությունների ընթացքում նման բան չի եղել, որ կանխիկ դրամի ծավալն ընտրությունների ժամանակ նվազի, այն էլ՝ այսքան մեծ չափով։ Այսքանից հետո շատերին հետաքրքիր կլինի՝ իսկ ի՞նչ է կատարվում հիմա՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում։ Փող բաժանվո՞ւմ է, թե՞ ոչ։ Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այս անգամ կրկին վերադարձել են ընտրակաշառքի ժամանակները։ Այսինքն՝ կրկին մրցակցություն կա։ Սակայն վիճակագրության մեջ դա առայժմ չի արտացոլվում։ Հիմնական շարժը տեղի է ունենում այժմ՝ ապրիլ ամսվա ընթացքում։ Իսկ պաշտոնական վիճակագրությունն ապրիլյան ցուցանիշները դեռ չի ամփոփել։
Ինչևէ՝ երկար սպասելու հարկ չի լինի։ Ընդամենը մեկ ամիս հետո պարզ կդառնա, թե ընտրարշավին մասնակցող ուժերը որքանով են «քեշի» կարիք ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս