Ինչպես է Հայաստանը վերածվում ավտոմեքենաների գերեզմանոցի
Հայաստանցիները գնալով ավելի շատ են սկսում նախապատվությունը տալ էժան և հնամաշ ավտոմեքենաներին. այս տարվա առաջին եռամսյակում նման մեքենաների ներմուծումը զգալիորեն ավելացել է։
Այսպես, մաքսային պետական կոմիտեն երեկ տվյալներ է հրապարակել է ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման վիճակագրություն 2013թ. I եռամսյակի համար, որտեղ կարելի է տեսնել, որ մինչև 5000 դոլար արժողությամբ մեքենաների ներմուծման ծավալները մեծացել են։
Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան էր ներմուծվել մինչև 5000 դոլար արժողությամբ 3787 մեքենա, ապա այս տարի դրանց թիվը հասել է 5121-ի՝ աճելով 1334-ով կամ 35%-ով։
Միջին գնային կատեգորիայում (5-10 հազար, 10-15 հազար և 15-30 հազար դոլար) նույնպես աճ է գրանցվել, սակայն ոչ այնքան, որքան էժան մեքենաների դեպքում։
Իսկ թանկարժեք՝ 30 000 դոլար և ավելի արժողությամբ մեքենաների ներմուծման ծավալները նվազել են շուրջ 30%-ով՝ 567-ից հասնելով 399-ի։
Ի դեպ, հին մեքենաների քանակի ավելացումը նկատելի է առանց այս թվերի՝ հենց փողոցում։
Երևույթի կոնկրետ պատճառները դժվար է նշել, թեպետ չի բացառվում, որ սա կարող է կապ ունենալ բնակչության ընդհանուր գնողունակության անկման հետ։
Պարզապես նշենք, որ ՀՀ ֆինանսական բլոկի պատասխանատուները ավտոմեքենաների մաքսազերծման բարձր դրույքաչափերը բացատրում էին այն հանգամանքով, որ չեն ցանկանում թույլ տալ, որպեսզի Հայաստան ներկրվեն մեծ քանակով հին մեքենաները՝ երկիրը վերածելով մեքենաների գերեզմանոցի։ Ինչպես տեսնում ենք, դրույքաչափն այս դեպքում դեր չի խաղում։
Ավելացնենք նաև, որ ընդհանուր առմամբ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 8299 մեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6858-ի դիմաց։ Այս տարվա ընթացքում մեքենաների մաքսազերծման արդյունքում պետբյուջե է վճարվել 8.6 միլիարդ դրամ (նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 8.18 միլիարդ դրամ)։
Այսինքն՝ ներմուծված մեքենաների քանակն աճել է 21%-ով, իսկ պետբյուջե վճարված հարկերն ու տուրքերը՝ ընդամենը 5.1%-ով։ Պատճառն այն է, ինչի մասին վերևում նշեցինք. ներմուծված մեքենաների արժեքը պակաս է եղել։