Բաժիններ՝

Սեփական տատիկին լուցկիներ վաճառելով դարձավ աշխարհի ամենաժլատ միլիարդատերը

Ասում են, եթե Եվրոպայում շրջագայելիս հանդիպել եք տարօրինակ մի ծերունու, որը համեստորեն է հագնված (և նույնիսկ` շատ վատ), ապրում է էժանագին հյուրանոցներում, ապա շատ հնարավոր է, որ դուք հանդիպել եք աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին` IKEA կահույքային հսկա արտադրության հիմնադիր Ինգվար Կամպրադին:

1926 թ. Շվեդիայի փոքրիկ գավառներից մեկում` Սմալանդիայում, մի տղա է ծնվում` Ինգվար Կամպրադը: Ժամանակին Սմալանդիան առևտրային երկիր է եղել, սակայն 19-րդ դարից վերջինիս նկատմամբ հետաքրքրությունն առևտրականների մոտ նվազել է: Բնակիչներն արտագաղթել են. մնացել են միայն նրանք, ովքեր պատրաստ են եղել քրտնաջան աշխատել և մշակել ոչ բերրի, բայց հայրենի հողը: Այդ մարդկանց շարքում էր Կամպրադների ընտանիքը:

Ingvar Kamprad-hin

Ֆինանսական ծանր պայմաններն Ինգվարի պապին ստիպել են ինքնասպան լինել: Տատը մնացել է միայնակ` պարտքերի, սնանկացող ֆերմայի և երեխաների հետ: Այդ կնոջ մեծ ջանքերի շնորհիվ ընտանիքը ոտքի է կանգնել: Հավանաբար, կամքի մեծ ուժը և համառ աշխատանքի ձգտումն Ինգվարը ժառանգել է հենց նրանից:

Կարդացեք նաև

Ինգվարը եղել է այն հազվադեպ երեխաներից, ովքեր երբեք չեն հանձնվում. առևտրի ոգին մանուկ հասակից ապրել է նրա մեջ: Բիզնեսի առաջին փորձը նրա համար եղել է լուցկիների տուփերի, այնուհետև` բացիկների, իր իսկ բռնած ձկների, հավաքած հատապտուղների և այլնի վաճառքը: Հարկ է նշել, որ ապագա միլիարդատիրոջ առաջին գնորդներից մեկը հենց իր տատն է եղել: Վերջինս ողջ կյանքի ընթացքում պահել է թոռնիկից գնած բոլոր իրերը: Կամպրադի պատմությունն իսկապես դասական «ամերիկյան» (ավելի ճիշտ` շվեդական) երազանքի օրինակ է, ապացույց այն բանի, որ բիզնեսում մեծ բարձունքների կարելի է հասնել ոչ միայն Նյու Յորքում, կոշկակարությունից սկսելով, այլև` ցանկացած այլ վայրում. միայն թե լինեն համառությունն ու ցանկությունը: Եվ տաղանդը: Այս պատմության հերոսը ծնվել է որպես առևտրի իսկական հանճար: «Ես հաճույք եմ զգում` բիզնեսով զբաղվելով»,- խոստովանում է Կամպրադը:

Լուցկիների և մանր-մունր այլ իրերի վաճառքից հետո Ինգվարը դպրոցում սկսեց գնել սրիչներ, մատիտներ, լուցկիներ և այլն ու վերավաճառել 5 անգամ թանկ գնով: Փողը նա կուտակում էր: Մինչ նրա դասընկերները ֆուտբոլ էին խաղում և ժամադրության էին գնում, Ինգվարը մտածում էր` ինչպես ընդլայնել բիզնեսը: Եվ արդեն 15 տարեկանում իր խնայած փողերի վրա ավելացնելով հոր տված գումարները (իսկ վերջինս համոզված էր, թե դրանով որդին պետք է ուսում ստանա)` տղան բացեց  սեփական ֆիրման, որը զբաղվում էր ցանկացած մանր իրերի առևտրով:

Ապագա հսկա ընկերության անվանումը ծնվեց միայն 1943թ., երբ 17-ամյա ձեռնարկատերն իր ֆիրման գրանցեց «Ինգվար Կամպրադ, Էլմտարյուդ Ագունարյուդում» (IKEA) անունով: Էլմտարյուդը հոր ֆիրմայի անունն էր, իսկ Ագունարյուդը` տեղական բողոքական խմբավորումներից մեկը (թեև շվեդերեն «ikea» նշանակում է` «ժամանակավորապես վաճառքում չկա»):

Սկզբում ընկերությունը կահույքի հետ ոչ մի կապ չուներ. վաճառում էր տարբեր իրեր, ինչ-որ պահի նույնիսկ ապրանքների կատալոգ էր թողարկել, իսկ պատվերներն ընդունում էր փոստով: Ամենադժվարը` առաքման հարցը, Կամպրադը հեշտությամբ լուծել էր` պայմանավորվելով կաթ մատակարարող մի տեղացու հետ:

Հաճախորդներին գրավելու նպատակով պատանի ձեռնարկատերը խոստացել էր, որ նա, ով կգա իր խանութի բացմանն, անվճար բլիթ և սուրճ կստանա: Այդ մեխանիզմն աշխատեց. հազարից ավելի մարդ էր եկել շնորհանդեսին: Իսկ արագ սննդի գաղափարը Կամպրադը հետագայում հիշեց. տարիներ անց IKEA-ի յուրաքանչյուր խանութ պարտադիր ուներ իր ռեստորանը:

Ingvar

1950-ականներին Կամպրադը սկսում է կահույքով հետաքրքրվել և պատահաբար գնում է փոքր կահույքի ֆաբրիկա, որը վաղուց չէր աշխատում: 1951թ. նա թողարկում է կահույքի առաջին կատալոգը, որն այժմ լույս է տեսնում 110 մլն տպաքանակով և թարգմանվում է 34 լեզուներով: Երկու տարի անց բացվեց առաջին IKEA խանութը (ընդ որում, այժմյան դեղին և կապույտի փոխարեն` ի սկզբանե ֆիրմային գույները եղել են կարմիրն ու սպիտակը):

IKEA-ի համար սկզբում շատ ծանր էր. տեղացի կահույքագործները փորձեցին դեմպինգ իրականացնել` արհեստականորեն իջեցնելով արտադրանքի գները: Այդ ժամանակ Կամպրադի մոտ հանճարեղ միտք հղացավ` կահույքը վաճառել հավաքած և փաթեթավորած վիճակում: Ընկերության ծախսերը նվազեցին, ապրանքների գներն ընկան: Բնականաբար, դա IKEA-ի հաջողության միակ գրավականը չէր: Կամպրադը ստեղծեց այն, ինչի տակ այսօր հասկացվում է «շվեդական ոճ»` հարմարավետ, ռացիոնալ և ոչ թանկ: Օրինակ, վաճառել ոչ միայն սեղանիկը, այլև` բազկաթոռը և բազմոցը դրա հետ միասին: Միգուցե հենց սրանց շնորհիվ է, որ այսօր IKEA-ն ավելի քան 150 խանութ ունի ամբողջ աշխարհում:

«Ամենաաղքատ» միլիարդատերը

Իր ամբողջ կյանքում Ինգվար Կամպրադն այդպես էլ «նոր շվեդ» չդարձավ: Նա հարստությունը դիտարկում է ոչ թե որպես անձնական կյանքը բարելավելու, այլ` որպես բիզնեսի զարգացման միջոց:

Կամպրադի ժլատության մասին լեգենդներ են շրջանառվում: Նա ճանապարհորդում է ամենաէժան ավիատոմսերով, ապրում է 3-աստղանի հյուրանոցներում, փորձում է լավ սնվել հյուրանոցային նախաճաշերի ժամանակ, որպեսզի մինչև երեկո չսովածանա: 23 մլրդ դոլար կարողություն ունեցող այս մարդը շատ հաճախ երթևեկում է հասարակական տրանսպորտով, սննդամթերքը գնում է գյուղական էժան շուկայից: Նրա որդի Մատիասն ուսանողական տարիներին վաստակում էր հայրական ագարակում փայտ կոտրելով: Ընդ որում, հայրը նրան ավելի քիչ էր վարձատրում, քան վարձու բանվորին: Իսկապես, ինչո՞ւ վճարել ավելին, եթե կարելի է հարազատի հետ ավելի էժան գնով փոխհամաձայնության գալ: Ինստիտուտն ավարտելուց հետո Մատիասն աշխատում էր IKEA-ում և այնքան քիչ էր վարձատրվում, որ նրա կնոջ խոսքերով, ընտանիքը հազիվ էր «ծայրը ծայրին հասցնում»:

127_1Ingvar_Kamprad_kopia_

«Մարդկության ծանրագույն հիվանդություններից մեկը ռեսուրսները խնայողաբար չօգտագործելն է»,- սա Ինգվար Կամպրադի սիրած միտքն է:

IKEA ընտանիքի սիրված հայրը

Կամպրադին լավ ճանաչողները համոզված են, որ նա հիանալի մարկետոլոգ է և շատ խելացի անձնավորություն, ով երբեք չի սխալվում: Հարկ է նշել, որ Ինգվարը միակ մասնագիտական կրթությունը ստացել է Գյոթեբորգի առևտրային դպրոցում: Համալսարանական դիպլոմի բացակայությունը, սակայն, Կամպրադի մոտ միշտ փոխլրացվել է էնտուզիազմով: «Եթե Դուք աշխատելիս էնտուզիազմ չեք ապրում, ապա համարեք, որ Ձեր կյանքի առնվազն մեկ երրորդն ապարդյուն է անցել»,- ասել է Ինգվարը:

kamprad

Ingvar1

Նրան իր աշխատողները շատ են սիրում: Այսօր էլ` 87 տարեկան հասակում, Կամպրադը կարող է իր խանութներից ցանկացած մեկում (տարեկան մոտ 20 խանութում) վերահսկողություն իրականացնել: Եվ դա աշխատակիցների կողմից դիտվում է ոչ թե որպես իրենց նկատմամբ անվստահություն, այլ` որպես IKEA ընտանիքի սիրված հոր այց:

Կամպրադը զուրկ չէ նաև թերություններից. միլիարդատերն ամբողջ կյանքի ընթացքում, մեղմ ասած, անտարբեր չի եղել ալկոհոլի նկատմամբ: Ավելին, շվեդ լրագրողներից մեկը, չափազանցելով, նկատել է, թե Կամպրադը տառապում է ալկոհոլիզմով, և նույնիսկ փախչում է գործերից` հարբելու նպատակով:

1994 թ. թերթերից մեկը բացահայտել էր, որ Կամպրադը պատանեկան տարիներին համակրել է նացիստներին: Տարիներ անց բիզնեսմենը խոստովանել է այդ փաստը և հրապարակայնորեն ներողություն է խնդրել:

 

Հաջողությունը սկզբունքների մեջ է

Ինգվար Կամպրադի և IKEA-ի հաջողության գաղափարախոսությունն ուսումնասիրվել է շատ տնտեսագետների կողմից: Թեև այդ հետազոտությունների հեղինակները Կամպրադի հիմնական սկզբունքները որոշակի գումարի դիմաց են հրապարակում, ինքը` բիզնեսմենը, դա անվճար է անում: Ձեզ ենք ներկայացնում այդ սկզբունքներից մի քանիսը, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ կլինեն նաև հայ գործարարներին:

– Պետք չէ ակնթարթային փոխհատուցում ակնկալել, պետք է հաշվի առնել, որ  ներդրման արդյունքը կգա երկար ժամանակ անց,

– Պետք է մտածել ոչ թե շահաբաժինների, այլ` ներդրումների մասին,

– Շահույթը ոչ թե քաղցր կյանք է, այլ` ռեսուրսներ,

– Մի վախեցիր գործընկերներիդ հետ խորհրդակցելուց, բայց միևնույն ժամանակ մի փախչիր անձնական պատասխանատվությունից,

– Միշտ եղիր վճռական, անվճռականությունը ոչ մի դեպքում չես թաքցնի,

– Նույնիսկ ամենայուրահատուկ որոշումը ոչինչ չարժե, եթե դրա գինը չգիտես,

– Կարգապահությունը պետք է պահպանել, սակայն այն չպետք է վերածել շղթաների,

– Սխալներ չի անում միայն նա, ով քնած է,

– Երջանկությունը ոչ թե մեկ նպատակի հասնել է, այլ` ճիշտ ուղին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս