Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սաակաշվիլին ԱՄՆ-ում մասնակցելու է մի շարք կարևոր հանդիպումների և անցկացնելու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Մասնավորապես, նա ներկա է գտնվելու Դալասում Ջորջ Բուշի նախագահական կենտրոնի բացմանը, Արիզոնա նահանգում մասնակցելու է սենատոր Ջոն Մաքքեյնի նախաձեռնած ֆորումին:
Բացի այդ, պլանավորված է, որ Սաակաշվիլին հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ով իր այդ պաշտոնում առաջին անգամ կհանդիպի Վրաստանի նախագահի հետ: Պլանավորված է նաև Սաակաշվիլիի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի նախագահի ամերիկյան այցը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ: