ԵՄ-ը «կանաչ լույս» է վառել սիրիացի ապստամբների վերահսկած տարածքներից նավթի ներկրման առջև
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը որոշել է մեղմել Սիրիայից նավթի ներկրման հանդեպ սահմանած պատժամիջոցը: Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվել է «կանաչ լույս» վառել սիրիացի ապստամբների կողմից վերահսկվող տարածքներից նավթի արտահանման առջև:
Բացի այդ, որոշվել է, որ եվրոպական երկրները սիրիացի ապստամբներին կհատկացնեն նավթի ու գազի արդյունահանման տեխնոլոգիա: 2011 թվականի սեպտեմբերին ԵՄ-ի անդամ երկրներն արգելք դրեցին Սիրիայի նավթային ոլորտում եվրոպական ներդրումներ կատարելու վրա:
Նույն թվականի դեկտեմբերին նրանք բեռնարգելք դրեցին այդ երկրից նավթի ներկրման վրա, որը Սիրիայի իշխանություններին ապահովում էր արժութային բոլոր մուտքերի մինչև 1/3-ով: