Քաղաքապետ. Վեհ է հնչում
«Բոլորս դեպի ընտրություններ» կարգախոսը կրկին ուժի մեջ է: Երևանյան բազմահարկ շենքերի մուտքերում կրկին քարոզչական թերթոններ, բրոշյուրներ ու նման նյութեր են թափված: Մասնակցության հայտ ներկայացրած բոլոր շտաբներն իրենց պարտականությունները կատարում են: Բոլոր բնակարանների բռնակներին իրենց քարոզչական նյութերը խցկել-ամրացնելով:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ բնակարանային գողերի համքարությունն ավելի տեղեկացված է, քան քաղաքական ուժերի շտաբները: Որովհետև «շտաբականները» բոլորովին տեղեկություն չունեն, թե որ բնակարաններն են դատարկ: Տեղեկություն չունեն, բայց բոլորիս կոչ են անում մասնակցել մայրաքաղաքային ընտրություններին: Հրավիրում են՝ մեր թանկ ու կրակ ժամանակներում տարիներով դատարկ բնակարանների դռներին իրենց գունագեղ ու թանկարժեք քարոզչանյութերը փակցնելով:
Ընտրական շտաբները դրանք տպելու փող ունեն: Բայց, ցավոք, փող չեն հատկացնում սոցիոլոգիական հետազոտություն պատվիրելու համար: Այլապես կիմանային, որ իրենց գործունեությունն ահագին անարդյունավետ է: Երևանցիների մեծ մասը տեղյակ չէ, թե այդ բուկլետներով ուր են հրավիրում իրենց. ում կամ ինչ ընտրելու: Տարիներ առաջ «Երևանի մասին» հատուկ օրենք ընդունելիս` այդ պահի իշխանությունները հասկացան, որ չի կարելի երևանցիներին թույլատրել ուղիղ քվեարկությամբ քաղաքապետ ընտրել: Ակնհայտ էր, որ ուղիղ ընտրություններով ընտրված Երևանի քաղաքապետը կարող էր լուրջ քաղաքական դեմք դառնալ: Այդ պարագային քաղաքապետն իր ստացած քվեներով կարող էր դառնալ ավելի ազդեցիկ քաղաքական առաջնորդ, քան նույնիսկ ՀՀ վարչապետը:
Ուղիղ ընտրությունների փոխարեն` երևանցիներին առաջարկվեց ընտրել քաղաքի ավագանի: Արդյունքում` բավական տարօրինակ պատկեր ստացվեց: Պատկեր, որի արդյունքում «Քաղաքակա՞ն է արդյոք քաղաքապետի պաշտոնը» հարցն ինքնին մետաֆիզիկական դարձավ: Քաղաքագիտության ու քաղաքական գործընթացների տրամաբանությամբ, այն, հարկավ, պիտի քաղաքական լինի: Բայց իրականում դարձավ տնտեսական գործչի խղճուկ պաշտոն: «Խղճուկ»՝ ունեցած լիազորությունների, տնօրինած ֆինանսական միջոցների չափի պատճառով:
Անկախ պաշտոնի թե օրենսդրական, թե ստվերային լիազորություններից: Հիմա ընտրություններին մասնակցող համարյա բոլոր քաղաքական ուժերն ընտրողներին համոզում են, որ իրենց հաղթանակի դեպքում կլուծեն մայրաքաղաքի բնակիչների բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները: Ոչ ոք նեղություն չի քաշում բնակչությանը բացատրելու, որ այս ընտրությունների հիմքում նման գործընթացի ռեսուրս չկա: Օրենսդրական ռեսուրս: Սա ապացուցվում է նաև այն փաստով, որ ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցած ոչ մի թեկնածու չառաջադրվեց և չհավակնեց Երևանի քաղաքապետի պաշտոնին: Քաղաքական ամբիցիաներ ունեցող գործիչների համար այդ պաշտոնը հրապուրիչ չէ: Հանրապետականներն այս հարցում, թերևս, ամենաազնիվն են:
Որքան էլ դա տարօրինակ թվա: Երբ պարզվեց, որ ԲՀԿ ընտրական ցուցակը ղեկավարելու է Վարդան Օսկանյանը, հանրապետական կուսակցության շատ անդամներ չկարողացան թաքցնել իրենց զարմանքը: Վարդան Օսկանյանը, ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ ամենևին տնտեսություն ղեկավարողի համբավ չունի: Չունի՝ ոչ հասարակական ընկալումներում, ոչ Հանրապետական կուսակցության անդամների: Նույնիսկ այն պարագային, երբ պարոն Օսկանյանի նկատմամբ հենց Հանրապետական կուսակցության օրոք է քրեական գործ հարուցվել: «Փողերի լվացում» տնտեսական գործունեություն հիշեցնող ձևակերպումով: Հանրապետականներն իրենց զարմանքով ապացուցեցին, որ մեր իշխանության պատկերացումներով քաղաքապետն ընդամենը տնտեսական որոշ լծակներ կարգավորողի պաշտոն է: Պաշտոն, որ թույլատրում է տնօրինել տարին տարվա վրա նվազող համայնքային գույքն ու տարածքները: Կամ հետևել սեփականաշնորհված-կառավարման հանձնված ջրմուղ-կոյուղու աշխատանքներին:
Մի քիչ էլ` տրանսպորտին ու աղբահանությանը: Ընդունեք, որ դրանցով զբաղվող պաշտոնյային քաղաքական գործիչ համարելը մեծ վերապահություն կլիներ: Հետևաբար` նախընտրական թոհուբոհի մեջ ներքաշված բոլոր քաղաքական ուժերի քաղաքացիական պարտք կատարելու հրավերքը միանշանակ չի ընկալվում: Քաղաքացիների համար այդպես էլ պարզ չէ՝ մասնակցեն ընտրություններին` որ ի՞նչ անեն: Որքան էլ որ քաղաքապետ բառը վեհ է հնչում:
«168 ԺԱՄ»