Բաժիններ՝

Երևանի իրական հնարավորությունները. ինչի՞ համար են պայքարում քաղաքական ուժերը

Այս օրերին, երբ ընթանում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ընտրարշավին մասնակցող 7 քաղաքական ուժերը, միմյանց հերթ չտալով` ներկայացնում են, թե ինչ պայծառ ապագա են բերելու մայրաքաղաքին, ինչպե՞ս են ծաղկեցնելու Երևանն ու դարձնելու համայն հայության մայրաքաղաք:

Այս 7 կուսակցություններից փոքր-ինչ տարբերվում է միայն ՀՀԿ-ն՝ այն առումով, որ կուսակցությունը ոչ միայն խոստանում է ավելի լավ Երևան կառուցել, այլ հընթացս փորձում է ապացուցել, որ իր իշխանության օրոք մայրաքաղաքն, այսպես թե այնպես, գեղեցկացել է, զարգացել և դարձել ավելի լավը: Ընդդիմախոսներն էլ հակադարձում են, որ ամեն ինչ արվում է կոսմետիկ` առանց լուրջ, խորքային զարգացումների: Նշում են, որ իրենք կարող են այդ փոփոխությունները դարձնել իրական, լուրջ ու մնայուն:
Սակայն ինչպե՞ս: Սկսենք ֆինանսներից, որովհետև լուրջ փոփոխությունների համար նախևառաջ լուրջ ֆինանսներ են պետք:
Ժամանակին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ասում էր` փողի վրա նստած` փո՞ղ ես ուզում:
Իրոք, Երևանը փողի կենտրոնն է: Հանրապետության ֆինանսական ռեսուրսների 80%-ը կենտրոնացած է մայրաքաղաքում: Սակայն խնդիրն այն է, որ այդ փողի տնօրինողը քաղաքապետարանը չէ: Փողի տնօրինողը կառավարությունն է, որը թույլ է տալիս, որ քաղաքային իշխանությունը փոքր-ինչ օգտվի դրանից: Սակայն շատ սահմանափակ չափով: Իսկ եթե ծախսերը չեն բավականացնում՝ պետական բյուջեից մի քիչ էլ են տալիս մայրաքաղաքին՝ դոտացիայի տեսքով:
Այսինքն` պետությունը քաղաքապետարանին է տրամադրել միայն շատ սահմանափակ թվով եկամտի աղբյուրներ՝ հողի հարկ, գույքահարկ և տարբեր տուրքեր: Հարկերի մեծ մասը գնում է պետբյուջե (այդ թվում` երևանցիների մուծած հարկերը): Դրա տրամաբանական բացատրությունն այն է, որ կենտրոնական իշխանությունը ցանկանում է պահպանել հավասարակշռությունը մայրաքաղաքի և մարզերի միջև: Այլապես՝ Երևանը կլողար փողի մեջ, իսկ մյուս շրջանները սովի կմատնվեին:
Մի խոսքով, քաղաքապետը ոչ թե նստած է փողի վրա, այլ՝ փողի կողքին:
Հիմա այս ամենը դիտարկենք կոնկրետ թվերով:
Երևան քաղաքի բյուջեն 2012 թվականի համար հաստատվել է 63.77 միլիարդ դրամի չափով (շուրջ 160 միլիոն դոլար): Ընդ որում, այդ 63.77 միլիարդից 16.7 միլիարդը հատկացվում է պետական բյուջեից՝ որպես դոտացիա:
2013 թվականի համար բյուջեի ծախսային մասը փոքր-ինչ ավելացել է, սակայն դոլարային արտահայտությամբ գումարը չի փոխվել: Ընդ որում, Երևանի 2013 թվականի բյուջեի եկամտային մասից ընդամենը 13.1 միլիարդն է ձևավորվում քաղաքապետարանին պատվիրակված հարկերի հաշվին:
Որպես օրինակ` նշենք, որ Կիևի բյուջեն 2012 թվականին կազմել է շուրջ 16 միլիարդ գրիվնա (շուրջ 2 միլիարդ դոլար), որի 45%-ը ձևավորվել է եկամտահարկի հաշվին (մեզ մոտ Երևանի բյուջեն եկամտահարկի հետ գործ չունի): Համեմատության համար նշենք նաև, որ Կիևի բնակչությունը 2.8 միլիոն է:
Ստացվում է, որ Կիևը բնակչության թվով Երևանին գերազանցում է 2.5 անգամ, իսկ բյուջեով` 12 անգամ: Մեկ կիևցու հաշվով Ուկրաինայի մայրաքաղաքի բյուջեն 692 դոլար է, մինչդեռ Երևանում այդ ցուցանիշն ընդամենը 140 դոլար է:
Սա օբյեկտիվ իրականություն է, որը դիտարկելով` հասկանալի է դառնում, որ «ավելի լավ Երևանը» նման թվերով երբեք չի կարող հասնել Կիևին: Որպեսզի պատկերն առավել պարզ դառնա, մենք կազմել ենք մի աղյուսակ, որտեղ բերված են ոչ միայն զարգացած երկրների մայրաքաղաքների բյուջեներն ու բնակչության թիվը, այլ նաև որոշ հարևանների:

qaxaqneri-byujener
Մոսկվան իր բյուջեով` 52 միլիարդ դոլար, տեղ է գտնում աշխարհի ամենախոշոր բյուջե ունեցող քաղաքների շարքում: Սակայն մենք զիջում ենք ոչ միայն մեգապոլիսներին, այլ անգամ մեր հարևաններին: Թբիլիսիի բյուջեն շուրջ 440 միլիոն դոլար է: Մինսկինը` 1.9 միլիարդ դոլար: Դրա համար էլ այս քաղաքներում ավելի լուրջ ու մնայուն փոփոխություններ են նկատվում, քան Երևանում:
Ի՞նչ կարող ենք անել մենք մեր խղճուկ 66 միլիարդ դրամով: Մի զգալի մաս գնում է համակարգի աշխատողների վարձատրությանը: Մեկ այլ զգալի մաս` շենք-շինությունների կամ շարժական գույքի պահպանման ծախսերին, տրանսպորտին, գումարներ են տրամադրվում սոցիալական ոլորտին, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներին, և այլն: Սրանք անհրաժեշտ՝ նվազագույն ծախսերն են: Այլ կերպ ասած՝ յոլա գնալու ծախսերը: Սակայն այդ ծախսերը փակելուց հետո տակը փող այլևս չի մնում: Ու նման պայմաններում խոսել գլոբալ ծրագրերի, լուրջ նախագծերի մասին` առնվազն միամտություն է: Որովհետև մեր սիրելի մայրաքաղաքն ունի խղճուկ բյուջե: Հետևաբար նաև խղճուկ հնարավորություններ: Դրա համար էլ արձանները կավից են և շուտ են կոտրվում, մենք էլ ուրախանում ենք արհեստական կանաչից սարքված ֆլամինգոներով և նկարազարդ պատերով։ Որովհետև մնայուն արժեքներ ստեղծելու դեպքում աղբը չի հեռացվի շենքերից, ճանապարհների փոսերն էլ չեն վերացվի:
Իսկ ինչպես են պատրաստվում նման պայմաններում Երևանը շենացնել ավագանու ընտրություններին մասնակցող տարբեր ուժերը: Անկեղծ ասենք, իրենք էլ չեն պատկերացնում:
Կկրճատեն անարդյունավետ ծախսերը: Լավ, ենթադրենք, որ քաղաքի ներկայիս իշխանությունն անարդյունավետ է ծախսում եղած միջոցները. նստարանը ձեռք է բերում ավելի թանկ, քան հնարավոր էր: Նաև ենթադրենք, որ մեկ այլ ուժ լրիվ արդար ու արդյունավետ է գործելու և մաքսիմալ արդյունավետ է ծախսելու սահմանափակ ռեսուրսները: Միևնույն է` դա լուրջ ազդեցության չի հանգեցնի. խղճուկ 66 միլիարդը շարունակելու է մնալ 66 միլիարդ: Ասում են` կավելացնե՞նք այդ 66 միլիարդը: Դա էլ միանշանակ չէ: Որովհետև, եթե գնալու են տեղական տուրքերի կամ գույքահարկի դրույքաչափերի ավելացմանը, դա կբերի հակառակ արդյունքի: Իսկ այլ կերպ ավելացնել քաղաքի եկամուտները` օրինակ, որոշ հարկատեսակներ բերել քաղաքային իշխանության տիրույթ, դա արդեն լուրջ հարց է և քաղաքի ավագանու լիազորություններից դուրս:
Պարզ ասած, հարկման բազան նույնն է, չի աճում: Քաղաքային տնտեսությունը չի աճում, իսկ քաղաքապետարանն այդ սահմանափակ ռեսուրսից կարողանում է քամել այնքան, որքան կարողանում է (կամ` որքան թույլ են տալիս):
Նշենք, որ այս դաժան իրականությունը, թերևս, ամենից լավ պատկերացնում էր Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Լինելով բիզնեսմեն, կառավարիչ` նա տեսնում էր, որ ծիծաղելի ռեսուրսներով լուրջ պրոյեկտներ անել հնարավոր չէ: Եվ ձգտում էր այդ բացը լրացնել մասնավորի հետ համագործակցությամբ: Այսինքն` փողը` մասնավորից, գաղափարն, աջակցությունն ու գովազդը` քաղաքային իշխանություններից:
Սակայն նման նախաձեռնությունը կարող է հաջողություն ունենալ միայն մեկ դեպքում. երբ բիզնեսի համար գործունեության նորմալ պայմաններ են ստեղծված, և, երբ այդ բիզնեսը վստահում է իշխանությանը: Չէ՞ որ քաղաքային իշխանությունը ողջ պետական իշխանական համակարգի մի մասնիկն է, իսկ քաղաքային տնտեսությունը` ողջ տնտեսության բաղադրիչը: Իսկ եթե հանրապետական մասշտաբով խնդիրներ կան, եթե բիզնեսն իրեն լավ չի զգում և արտահոսում է, ապա անհնար է, որ քաղաքային մակարդակում ամեն ինչ լավ լինի:
Կարճ ասած` ավելի լավ Երևան, փոխված Երևան, բարեկեցիկ Երևան ունենալու համար համար նախ` անհրաժեշտ է ունենալ ավելի լավ երկիր` ավելի լավ քաղաքական, տնտեսական, իրավական և, որ պակաս կարևոր չէ` բարոյական դաշտով:
Իսկ ամենակարևորը` քաղաքացու` երևանցու գործոնն է: Որովհետև մինչև քաղաքացին չվստահի իր իշխանությանը, քաղաքն իրոք չհամարի իրենը, իսկ իրեն՝ քաղաքի մի մասնիկ, նա ոչ մի մասնակցություն չի ունենա քաղաքի շենացմանն ու սրտացավ չի լինի: Իսկ քաղաքացուն այսօր ոչ ոք չի կարևորում:
Ամփոփելով այս ամենը՝ կարելի է ասել, որ իրականում Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դերը չափազանցված է. քաղաքային իշխանությունները չափազանց քիչ լիազորություններ և հնարավորություններ ունեն` լուրջ հարցեր լուծելու համար: Հարցերը պետք է լուծել երկրի մասշտաբով. այդ դեպքում քաղաքի հարցերը լուծելը շատ ավելի հեշտ կլինի:

Հ.Գ. Վերը նշված տվյալները Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը կարող է օգտագործել նրա գործունեությունը, ավելի ճիշտ` անգործությունն արդարացնելու համար: Սակայն որպեսզի երիտհանրապետականները չոգևորվեն ու այս թվերով չսկսեն «կառուցել» իրենց ֆեյսբուքյան պատերը, նշենք, որ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքում նույնիսկ այդ սուղ միջոցները տնօրինել է այնքան անարդյունավետ, որ նրա կարգախոսն այս ընտրություններում իրականում պետք է լիներ` «Ավելի վատ Երևան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս