Քաղաքական բոյկոտն իրավական կատեգորիա չէ
Սահմանադրական դատարանն ապրիլի 16-ին բավականին ուշագրավ որոշում կայացրեց, որն անսպասելի էր թե դիմող և թե պատասխանող կողմերի համար: Այն նաև առաջացնում է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի որոշ դրույթների վերանայման անհրաժեշտություն:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությունը նախօրեին տեղեկացրել էր, ՍԴ-ն, ելնելով ԱԺ-ի երեք տասնյակից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշեց, որ նրանց կողմից վիճարկվող ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:
Դիմող կողմը գտնում էր, որ այս դրույթը, որով սահմանվում է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, այն է՝ քվորումն ապահովված է, արտահերթ նիստի կամ նստաշրջանի մասով հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին: Ըստ դիմողի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու մասին Սահմանադրության 70-րդ հոդվածով սահմանված իրավունքն իմպերատիվ և բացարձակ հնարավորություն է ընձեռնում քաղաքական փոքրամասնությանը: Իսկ արտահերթ նիստի կայացման համար քվորումի սահմանումը հակասում է նաև Սահմանադրության 71-րդ հոդվածին, քանի որ այն քվորումի պահանջ է սահմանում միայն օրենքների և Ազգային ժողովի որոշումների ընդունման դեպքում:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու առիթ էր հանդիսացել ԱԺ-ի քաղաքական մեծամասնության կողմից քաղաքական փոքրամասնության նախաձեռնությամբ հրավիրված 2012թ.-ի նոյեմբերի 21-ի խորհրդարանի արտահերթ նիստի տապալումը:
Այդուհանդերձ, նախօրեին ՍԴ-ն իր որոշման մեջ անդրադարձավ պատգամավորների կողմից չվիճարկված, սակայն, ըստ դատարանի, համակարգային առումով փոխկապակցված ԱԺ կանոնակարգ-օրենքի մեկ այլ՝ 99-րդ հոդվածի 4-8 մասերի դրույթների սահմանադրականությանը: ՍԴ-ն որոշեց, որ այդ դրույթներն այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ԱԺ-ի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի, ճանաչել Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր:
Այս հոդվածների անդրադառնալու առիթ էր հանդիսացել պատասխանող կողմի՝ ԱԺ քաղաքական մեծամասնության ներկայացուցչի, բացատրությունը, թե իրենք քաղաքական փոքրամասնության նախաձեռնությամբ հրավիրված նիստը բոյկոտել են քաղաքական դրդապատճառներով: ՍԴ-ն ուսումնասիրել էր ԱԺ կանոնակարգ-օրենքն ամբողջությամբ և գտել, որ քաղաքական բոյկոտն իրավական առումով անհիմն է, քանի որ կանոնակարգ-օրենքի 99-րդ հոդվածով հստակ սահմանում են քվեարկությանը չմասնակցելու երկու հնարավոր դեպքեր՝ երբ պատգամավորը հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ և երբ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես են եկել տվյալ քվեարկությանը խմբակցության նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ: Հետևաբար՝ մյուս բոլոր բացակայություններն անհարգելի են և պետք է ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածով սահմանված կարգով առաջացնեն իրավական հետևանքներ: Այն է՝ ԱԺ-ի մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարում են:
Դատարանը միաժամանակ արձանագրեց, որ իրոք առկա է ԱԺ-ի քաղաքական փոքրամասնության իրավունքների պաշտպանության խնդիր, ինչը պայմանավորված է ոչ թե վեճի առարկա՝ քվորումի պահանջը սահմանող դրույթով, այլ ԱԺ կանոնակարգ-օրենքի 99-րդ հոդվածի 4-8 մասերի իրավակարգավորումներով:
Ըստ ՍԴ-ի, գործնականում, անկախ հարգելի բացակայությունների վերաբերյալ օրենքով նախատեսված հիմքերի, ԱԺ-ին կանոնակարգ-օրենքի 99-րդ հոդվածով, որով սահմանվում է նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը, իրավասություն է վերապահվում որոշումով լուծել հարգելի կամ անհարգելի համարելու հարցը: Դա, ՍԴ-ի գնահատմամբ, ըստ էության, դառնում է պատգամավորական մեծամասնության կամաարտահայտումը: Դատարանը գտավ, որ նման պայմաններում մեծ վերապահումով կարելի է խոսել պատգամավորական փոքրամասնության իրավունքների պաշտպանվածության կամ Սահմանադրության 67-րդ հոդվածի վերոհիշյալ դրույթի ուղղակի գործողության մասին:
ՍԴ-ի ուշադրության կենտրոնում հայտնված ԱԺ կանոնակարգ-օրենքի 99-րդ հոդվածի 4-8 մասերով, մասնավորապես, սահմանվում է, որ նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում: Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին: Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՍԴ-ն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գտավ, որ այս դրույթները հակասահմանադրական են այնքանով, որ պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ԱԺ-ի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի:
Գայանե Մելիքյան
«Փաստինֆո»