
Լախդար Բրահիմին ցանկանում է ձերբազատվել Արաբական պետությունների լիգայի պատվիրակի կարգավիճակից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մտադիր է ձերբազատվել ԱՊԼ-ից և մնալ որպես ՄԱԿ-ի պատվիրակ: Այսպիսի տեղեկատվություն է երեկ հայտնվել ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում:
Վերջին շաբաթներին դիվանագետներն ընդգծել են, որ Բրահիմին հիասթափված է ԱՊԼ-ի գործողություններից, քանի որ նա փաստացիորեն հաշվից հանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և փորձում է հասնել սիրիական ընդդիմությանը որպես «ժողովրդի օրինական ներկայացուցիչ» ճանաչելուն:
Դրա հետևանքով արդյունք չեն տալիս սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված Բրահիմիի ջանքերը, ինչպես նաև չի իրագործվում ԱՊԼ-ի բոլոր երկրներին հղած նրա կոչը՝ զերծ մնալ սիրիացի ապստամբներին ամեն տիպի օգնություն, այդ թվում նաև ռազմական, ցուցաբերելուց:
Բրահիմին կարծում է, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի կարգավիճակն իր առաքելությանը հնարավորություն կտա պահպանել չեզոքություն: Միևնույն ժամանակ Բրահիմին իր մանդատում փոփոխութուն կատարելու ցանկության մասին դեռ չի բարձրաձայնել: