Վիտամինների կարևորությունը
Բուժիչ նամակներ
Հարյուր երեսուներեք տարի առաջ ռուս կենսաբան Նիկոլայ Լունինը փորձնական եղանակով ապացուցեց, որ բացի սպիտակուցներից, ճարպերից և ածխաջրերից, կան նաև մարդու բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ այլ ակտիվ նյութեր։ Մոտ երեսուն տարի անց` 1911թ., հայտնաբերվեց այդ նյութերից առաջինը. լեհ կենսաբան Կազիմիր Ֆունկը նկարագրեց C վիտամինը, որը նման չէր որևիցե հայտնի քիմիական տարրի. նյութն անվանվեց «vita+amaine»=«կյանք+ազոտ պարունակող միացություն»։ Սակայն շուտով պարզվեց, որ C վիտամինում ազոտ չի պարունակվում, և նոր նյութը կոչվեց` vitamine։
1929թ. Ֆրեդերիկ Խոպկինսկիին և Քրիստիան Էյխմանին շնորհվեց Նոբելյան մրցանակ` վիտամինների հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքների համար։
Հայտնի է, որ B խմբի և C վիտամինները լուծվում են ջրի մեջ, դրանք չեն առաջացնում զգալի կուտակումներ օրգանիզմում, իսկ ճարպում լուծվող A, D, E, K վիտամինները կարող են կուտակվել ճարպային հյուսվածքում կամ լյարդում։
Վիտամինների էներգետիկ արժեքը զրոյական է, սակայն առանց դրանց մասնակցության` կխախտվի օրգանիզմի բնականոն նյութափոխանակությունը։ Վիտամինները կամ դրանց սինթեզման համար անհրաժեշտ հումքը մարդը ստանում է սննդի հետ։
Օրգանիզմում վիտամինների հավասարակշռության բալանսի խախտումը կարող է ախտորոշվել որպես`
1. Հիպովիտամինոզ` վիտամինների սակավություն,
2. ավիտամինոզ` վիտամինային անբավարարություն,
3. հիպերվիտամինոզ` վիտամինների ավելցուկ (A, E, D, K)։
Յուրաքանչյուր վիտամին լուծում է օրգանիզմում որոշակի, կոնկրետ խնդիրներ` մասնակցում է կարևորագույն կենսաքիմիական ռեակցիաների կայացմանը։
Վիտամին K
Անցյալ դարի 30-ականների սկզբին նկատվել է, որ եթե թռչնի, խոշոր և մանր եղջերավորների սննդակարգում բացակայում է կանաչ տերևաբանջարային կերը, ապա կենդանիների մոտ առաջանում է ներքին արյունահոսություն։ 1940թ. շվեյցարացի բժիշկ Կարերան կարողացավ առանձնացնել (յոնջայից) արյան մակարդելիությունը բարձրացնող նյութ, որը կոչվեց «koagulation vitamin»։
Պարզվեց, որ լյարդում պարունակվող արյան մակարդվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել թվով 4 պասիվ ենթագործոնները, ինչը հնարավոր է միայն K վիտամինի առկայության դեպքում։ K վիտամինի սակավության դեպքում նույնիսկ չնչին կտրվածքը կարող է առաջացնել վտանգավոր արյունահոսություն։ Կան մասնագետներ, որոնք կարծում են, թե մարոլը, սպանախը, սամիթը, մաղադանոսը, կանաչ խնձորը և այլ` K վիտամինով հարուստ մթերքներն այնքան էլ օգտակար չեն, քանի որ կարող են դառնալ թրոմբագոյացման, ինսուլտի և ինֆարկտի զարգացման պատճառ»։
Սակայն ավելի գերակշռող և համոզիչ է այն կարծիքը, որ K վիտամինը չի բարձրացնում արյան մածուցիկությունը։
K խմբի վիտամիններ
1990թ. հայտնաբերվել են K վիտամինի նմանատիպ կառուցվածք ունեցող բազմաթիվ ենթատեսակներ` K1, K2, K3, K4 և այլն. առավել լավ են ուսումնասիրված առաջին երկուսը։
Ֆիլոխինոնը` K1, սինթեզվում է բույսերի տերևներում, այս վիտամինն ակտիվացնում է պրոտրոմբինի գոյացումը լյարդում, ինչի շնորհիվ կանխվում է ներքին արյունահոսությունը։
Բանջարատերևային մշակաբույսերում, բրոկկոլի կաղամբում, կանաչ ձիթապտղում K1 վիտամինի պարունակությունը բավականին բարձր է։
Մենախինոնը` K2, գոյանում է մարդու և կենդանիների աղիների միկրոֆլորայում։ Բացի այդ, լյարդում տեղի է ունենում բարդ կենսաքիմիական ռեակցիա, որի հետևանքով K1 ենթատեսակը փոխակերպվում է K2-ի, ինչպես, օրինակ, բույսերի մեջ պարունակվող բետտա-կարոտինը մարդու օրգանիզմում վերամշակվելով` փոխակերպվում է A վիտամինի։ Այսպիսով, K1 վիտամինը պարունակվում է միայն սննդի մեջ, իսկ K2-ը կարող է սինթեզվել նաև մարդու օրգանիզմում։
K1, K2, A, E, D վիտամինները կարող են լիարժեք յուրացվել միայն ճարպոտ միջավայրում։ K1 և K2 վիտամինները չեն տրոհվում սննդի ջերմային մշակման ընթացքում։ K2 վիտամինի որոշակի քանակ պահեստավորվում է աղիների միկրոֆլորայում։ Ինչպես նշեցինք` K1 վիտամինը «պատասխանատու» է արյան մակարդելիության համար։
K2 վիտամինի ազդեցության ոլորտն ավելի լայն է.
1. մասնակցում է կալցիումի փոխանակման գործընթացի կարգավորմանը,
2. նպաստում է կալցիումի տեղափոխմանը` արյան միջոցով, ոսկրային հյուսվածքի մեջ,
3. անմիջականորեն ազդում է ոսկորների ամրության վրա, ինչի շնորհիվ կանխարգելվում է օստեոպորոզի զարգացումը,
4. կարգավորում է կալցիումի շրջանառությունն օրգանիզմում։
Եթե կալցիումը` վատ յուրացվելու հետևանքով, սկսում է կուտակվել անոթների պատերի վրա, ապա K2-ը պարզապես «պեղում» է այն և ուղղորդում դեպի ոսկրային հյուսվածքը։ Ստացվում է, որ K2 վիտամինը կանխարգելում է թրոմբների առաջացումը և որպես հետևանք` աթերոսկլերոզի, ինսուլտի, ինֆարկտի զարգացումը։
Հետևություն. K2 վիտամինը նպաստում է ոսկորների ամրության և անոթների պատերի առաձգականության պահպանմանը։
K վիտամինի սակավության պատճառները
K վիտամինի յուրացման և գոյացման գործընթացը կարող է խաթարվել աղիների և լյարդի քրոնիկ հիվանդությունների և դիսբակտերիոզի, ապխտած, կոնսերվանտներ պարունակող մթերքի չարաշահման հետևանքով։ Կան շատ դեղամիջոցներ` ցավազրկող, հակամանրէ և այլ, որոնք խոչընդոտում են K խմբի վիտամինների յուրացմանը։
K խմբի վիտամինների սակավության ախտորոշիչներն են`
1. հաճախ կրկնվող փորկապություն կամ լուծ,
2. արյունահոսող, դժվար ապաքինվող վերքեր և կապտուկներ,
3. արյունահոսություններ` քթից, ստամոքսից, աղիներից,
4. ցավոտ, առատ դաշտան,
5. աշխատունակության կորուստ, հոգնածություն։
K2 վիտամին է պարունակվում կենդանիների լյարդում, ձվի դեղնուցում, թարմ կաթում, կարագում, 2,5 տոկոս (և ավելի) յուղայնությամբ կաթնամթերքում, պանրի մեջ։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։