«Գազանի պես հոշոտել են էրեխուս, ի՞նչ կարդամ»

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ջրծաղկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը: Տուժող կողմը միջնորդել էր գործով վկա հրավիրել ընտանիքի հարևան Վարազդատ Ոսկանյանին: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հարցին՝ որտե՞ղ է վկան, տուժող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, պատասխանեց, որ վերջինս մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:

Դատական նիստի ընթացքում դատարանը հետազոտեց մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները: Նախաքննության ընթացքում հարցաքննված մասնագետների ցուցմունքները դատարանը չհրապարակեց: Մեղադրյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանը հայտարարեց, որ վերջիններս քրեական գործի հետ չեն առնչվել և հարցաքննվել են՝ որպես մասնագետներ: Դատարանում հրապարակվեց մահացած Հայկ Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Հայկ Խաչատրյանի հայրը չցանկացավ ներկա գտնվել այդ փաստաթղթի հրապարակմանը: «Գազանի պես հոշոտել են էրեխուս, ի՞նչ կարդամ»,- հայտարարեց նա:

Ըստ դատաբժշկական փորձաքննության տվյալների՝ Հայկ Խաչատրյանի մահվան պատճառն օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան է եղել, որը պայմանավորված է եղել ջրծաղկի հետևանքով զարգացած պոլիօրգանական անբավարարությամբ: Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Հայկ Խաչատրյանի մոտ արձանագրվել է ջրծաղկի վիսցերալ ձևը, որի ժամանակ ախտահարվում են բոլոր օրգան համակարգերը. Ջրծաղկի այս ձևը, ըստ փաստաթղթի, առաջացնում է մահվան բարձր տոկոս:

Կարդացեք նաև

Դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալ Մինաս Մկրտչյանը հրաժարվեց ցուցմունքներ տալ: Նա միայն ասաց, որ այժմ իր մեղքը ոչ լիովին, ոչ էլ մասնակի չի ընդունում: Նախաքննության ընթացքում նա ասել էր, որ իրեն մեղավոր է ճանաչում և զղջում է իր կատարածի համար: Ամբաստանյալի պաշտպան Լևոն Պողոսյանը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը գտնվել է հոգեճնշող վիճակում, այդ պատճառով էլ ասել էր, որ զղջում է իր կատարածի համար: Պաշտպանի հայտարարությանն արձագանքեց մահացած զինծառայողի հայրը. «Տունս քանդել է, զղջո՞ւմ է էդ տականք շունը, որ երեխուս սպանել է…»:

Քանի որ մեղադրյալը հրաժարվեց դատարանում ցուցմունքներ տալ՝ բավարար համարելով իր բացատրությունները, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Մինաս Մկրտչյանը, ով ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետն է, նախաքննության ընթացքում ասել էր, որ տուժող Հայկ Խաչատրյանը զորամասի նյարդաբանական բաժանմունք տեղափոխվել է դիմային նյարդի բորբոքմամբ: Հետազոտություններից հետո նրան նշանակվել է դեղորայքային բուժում, և ըստ մեղադրյալի՝ բուժման ընթացքը հարթ է եղել: 2011-ի դեկտեմբերի 20-ին Մինաս Մկրտչյանին տեղեկացրել են, որ հիվանդի ճակատին, դեմքին կա ցանավորում, հիվանդը որովայնի շրջանում ցավեր ունի: Ինֆեկցիոն բժիշկը նրա մոտ ջրծաղիկ հիվանդությունն է հայտնաբերել:

«Տրվել է ուղեգիր՝ հիվանդին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն հիվանդի մոտ որովայնի ցավերը սաստկանալու կապակցությամբ հրավիրվեց վիրաբույժ, նրա կողմից զննվեց, առաջարկվեց կատարել արյան ընդհանուր քննություն: Արյան քննությամբ պարզվեց, որ առկա է լեյկոցիտների աճ»,- նշված է մեղադրյալի նախաքննական ցուցմունքում:

Ըստ մեղադրյալի՝ հոսպիտալի վիրաբույժները կասկածել են, որ հնարավոր է՝ Հայկ Խաչատրյանը հիվանդ լինի սուր վիրաբուժական հիվանդությամբ, և վիրահատության անհրաժեշտություն լինի:

Մի քանի զննումներից հետո, մեղադրյալի խոսքով, Հայկ Խաչատրյանին տեղափոխել են այլ հիվանդասենյակ: Դրանից հետո նրա աշխատասենյակ է մտել 2 անձ, ում նա չի ճանաչել: Այդ անձանցից մեկը Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանն է եղել: Վիրաբույժը խոսել է նրա հետ, բացատրել տղայի վիճակը, որից հետո, ըստ մեղադրյալի, հայրն ասել է, որ պատկերացնում է տղայի վիճակը, խնդրել է մնալ որդու մոտ: Ինքը չի մերժել հոր խնդրանքը:

«Գիշերվա ընթացքում հերթապահ քույրը մոտ 3:30-ի սահմաններում ասաց, որ հիվանդ Հայկ Խաչատրյանը որովայնի ցավեր ունի: Ես կանչեցի հերթապահ վիրաբույժին, որ նորից զննի»,- նախաքննական ցուցմունքում ասել է Մինաս Միքայելյանը: Ըստ նրա՝ քանի որ շարունակվում էին տղայի որովայնի շրջանում ցավերը, ինքը որոշակի դեղորայք է ներարկել, որոնք, սակայն, չեն օգնել. «Ժամը 5:30-ի սահմաններում աշխատասենյալից դուրս թռա հոր բղավոցից, թե՝ հասեք: Անմիջապես մոտենալով հիվանդասենյակին՝ տեսա, որ Հայկ Խաչատրյանը պառկած է հատակին, և առկա է ցնցումային նոպա: Առկա էր փրփրային արտադրություն»: Հայկ Խաչատրյանին ներարկվել է հակացնցումային դեղամիջոց, որից նա հանգստացել է և քնել:

Մեղադրյալ Մինաս Մկրտչյանն իր նախաքննական ցուցմունքում նաև նշել է, որ ժամը 8:00-ի սահմաններում հիվանդի ինքնազգացողությունը կրկին վատացել է, որից հետո կատարվել են որոշակի հետազոտություններ. «Առավոտյան բժշկական կոնֆերանսից առաջ զեկուցվեց հոսպիտալի պետին և անմիջապես կատարվեց որովայնի տոմոգրաֆիա, գաստրոսկոպիա, ապա հանձնարարվեց բուժքրոջը՝ ուղեկցել համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ հետազոտման համար: Վերելակում հիվանդին իջեցնելու ժամանակ երկրորդ հարկում անզգայացման բաժանմունքի մոտ հիվանդի մոտ գրանցվեց երկրորդ ցնցումային նոպան, որի պատճառով նրան օգնություն է ցուցաբերվել անեսթեզիայի բաժանմունքում»:

Դրանից հետո կատարվել են որոշակի հետազոտություններ, կատարվածի մասին զեկուցվել է հոսպիտալի պետին, որից հետո առաջարկվել է հիվանդին տեղափոխել «Նորք» ինֆեկցիոն հիվնադանոց, քանի որ, ըստ մեղադրյալի, վիրաբույժը վերջնականապես ժխտել է վիրաբուժական հիվանդության առկայությունը. «Ռեանիմատոլոգի ուղեկցությամբ հիվանդը տեղափոխվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղի ինֆեկցիոն բժշկից տեղեկացա, որ հիվանդի մոտ ախտորոշվել է ջրծաղիկ վիսցերալ ձևի, ջրծաղիկայի էնցեֆալիտ: Հաջորդ օրը՝ 2011 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 14:00-ին կանչվել եմ ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ հիվանդին զննելու: Նույն օրը երեկոյան տեղեկացա, որ Հայկ Խաչատրյանը մահացել է»:

Նշենք, որ դատական նիստի ընթացքում վատացել էր Հայկ Խաչատրյանի հոր՝ Մովսես Խաչատրյանի ինքնազգացողությունը: Նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախաձեռնությամբ վերջինիս համար շտապօգնություն կանչվեց: Այցից հետո շտապօգնության աշխատակիցները որևէ արձանագրություն չէին թողել, դատարանին որևէ տեղեկություն չէին հայտնել տուժողի իրավահաջորդի առողջության մասին: Այդ իսկ պատճառով դատավորը զանգահարել էր 1-03 ծառայություն և դժգոհեց բուժանձնակազմից: Ծառայությունից դատավորին տեղեկացրել էին, որ մատուցված ծառայությունների մասին նա կարող է տեղեկանալ հարցում ուղարկելու միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս