«Շարքային զբոսաշրջիկի մոտ Հայաստանի մասին իմացությունը սահմանափակվում է միայն Ցեղասպանությամբ, հայկական կոնյակով և Շառլ Ազնավուրով»
«Հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն ինձ հաճախ են հարցնում՝ իմաստ ունի՞ բարձրագույն կրթություն ստանալ տուրիզմի ասպարեզում: Ես ասում եմ՝ «միանշանակ՝ այո»: Սա շատ հետաքրքիր գործ է, այն դառնում է մարդու կյանքը, ապրելակերպը: Ցանկացած գործում հաջողության հասնելու համար պետք է այն սիրել: Եթե սիրում ես տուրիստական գործակալի դերը, անպայման հաջողության կհասնես: Տուրիստական գործակալի գործը շատ հետաքրքիր է:
Այն ընդգրկում է կենսուրախ, հիմնականում՝ երիտասարդ և միջին տարիքի, առանց բարդույթների, միջին դասի, մի քանի լեզուների տիրապետող, իրենց գործը սիրող մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում ասում է «Լևոն Թրավել» ընկերության տուրիստական բաժնի ղեկավար Դավիթ Խաչիյանը:
– Դավիթ, մենք շատ ենք ասում, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները տուրիստական գոտի հանդիսանալու համար: Ինչպե՞ս կգնահատեք՝ Հայաստանն ինչպիսի՞ տուրիստական գոտի է:
– Հայաստանը տուրիստական առումով մեծ պոտենցիալ, ներուժ ունեցող գոտի է: Հայաստանը ներկայացնում է ինտելեկտուալ տուրիզմի երկիր, որն, ի դեպ, ողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի: Մասնակցելով տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների՝ տեսնում եմ, որ ոչ միայն Հայաստանը, այլև այն երկրները, որոնք ներկայացնում են նույնատիպ տուրիստական պոտենցիալ, մեծ զարգացում են ապրում: Նույնիսկ Թուրքիան, որը թվում է՝ ավանդական ծովափնյա տուրիզմի երկիր է, վերջին տարիներին շեշտը դրել է հենց ինտելեկտուալ տուրիզմի վրա:
– Ի՞նչ է իրենից ենթադրում ինտելեկտուալ տուրիզմը:
– Դա այն է, ինչը բավարարում է մարդկանց ինտելեկտուալ պահանջները: Այն ենթադրում է ոչ թե ծովափնյա պասիվ հանգիստ, այլ ինտելեկտուալ, պատմական, մշակութային, արվեստին ուղղված պահանջների բավարարում: Այս առումով Հայաստանն՝ Արցախի հետ միասին, անսպառ գանձարան է:
– Մեր երկրի ունեցած պոտենցիալն ինչպես հարկն է օգտագործվո՞ւմ է:
– Մեր պոտենցիալն օգտագործվում է շատ չնչին չափով: Հայաստանի մասին դրսում չգիտեն: Շարքային զբոսաշրջիկի մոտ Հայաստանի մասին իմացությունը սահմանափակվում է միայն Ցեղասպանությամբ, հայկական կոնյակով և Շառլ Ազնավուրով: Որպեսզի մենք ներկայացնենք մեր ինտելեկտուալ հսկայական ներուժը՝ պետք է լուրջ քայլեր արվեն:
– Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն, որոնք այսօր չեն արվում:
– Քայլերը կդասակարգեի երկու մասի՝ այն, ինչ պետք է կատարվի պետական մակարդակով, և այն, ինչ պետք է արվի մասնավոր տուրիստական ընկերությունների կողմից: Անկեղծ ասած՝ մասնավոր տուրիստական ընկերությունները, լավ թե վատ, բավականաչափ անում են իրենց գործը: Եվ, որպեսզի այս գործին մեծ թափ հաղորդվի՝ պետք է պետության ամենալուրջ աջակցությունը, հատկապես, որ տուրիզմը մեր տնտեսության համար գերակա ճյուղ է համարվում:
– Հայաստանը ներկայանալու և գովազդվելու խնդիր ունի՞:
– Այո: Հայաստանը բարենպաստ և հետաքրքիր նկարագրի, բրենդի ստեղծման և դրսի շուկայում դիրքավորման խնդիր ունի: Ես իմ ծնված օրվանից իմացել եմ, որ հայկական բրենդն Արարատն է: Հետո նրան փոխարինելու եկան շատ տարբեր բաներ: Այսօր, կարծես թե, պաշտոնապես կամ կիսապաշտոնապես նռան սիմվոլն է ընտրվել: Սրա հետ ես բացարձակ համաձայն չեմ, քանի որ չեմ կարծում, որ նուռը մաքուր հայկական և Հայաստանը միանշանակ բնորոշող բրենդ է: Մենք շատ հարուստ՝ ներկայանալու հնարավորություններ ունենք: Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք Արարատից հրաժարվում, առավել ևս, եթե այն մեր զինանշանի վրա է դրված, ինչո՞ւ ենք ամաչում, որ այն ներկայացնենք՝ նաև որպես տուրիստական բրենդ:
– Որպես մեր երկրի բրենդ՝ ո՞ր խորհրդանիշերն եք տեսնում:
– Որպես գլխավոր բրենդ՝ տեսնում եմ Արարատը: Այն պետք է լինի ամեն տեղ: Որպես բրենդ՝ տեսնում եմ նաև դուդուկը: Ես չեմ զարմանա, որ մի օր Ադրբեջանը հայտարարի, որ այն ադրբեջանական ազգային գործիք է: Սայաթ-Նովային վաղուց նրանք իրենցն են համարում և հիմա լուրջ քայլեր են արվում, որ Կոմիտասին ևս իրենցը համարեն: Մեր կողմից ոչ մի քայլ չի կատարվում այդ ուղղությամբ: Մեր բրենդներից է նաև Կոմիտասը: Ամոթ է ասել, որ նա բրենդ է, քանի որ Կոմիտասը ազգային մեծ գանձ է, որը մենք չենք գնահատում: Մեր բրենդն է նաև Արամ Խաչատրյանը, ում ևս չենք գնահատում: Բրենդ է մեր ծիրանենին, որից դուդուկն է պատրաստվում: Բրենդ կարող է լինել նաև հայկական հավերժականության խորհրդանիշը, որը, կարծում եմ, կընդունվի:
– Ներկա պահին Հայաստանը որքանո՞վ է մոտ կամ հեռու տուրիստական երկիր հանդիսանալուց:
– Կատարվում են առաջին քայլերը: Թվում է, թե տարեցտարի մենք լուրջ հաջողություններ ենք գրանցում, բայց ամեն ինչ երևում է համեմատության մեջ: Օրինակ՝ մեր հարևան երկրները՝ Թուրքիան, Իրանը, եղել են տարիներ, որ գրանցել են տարեկան 200-300% աճ: Այնպես որ՝ մեր 8-10% աճը թող մեզ չզարմացնի: Սա ավելի շատ մտահոգության առիթ է տալիս, քան ուրախության:
– Կթվարկե՞ք մի քանի երևույթներ, որոնք խոչընդոտում են տուրիզմի զարգացմանը:
– Պետական աջակցության և կոմպլեքս ծրագրերի բացակայությունը խոչընդոտում են տուրիզմի զարգացմանը: Չկա կոնցեպցիա, որով կզարգանա Հայաստանի տուրիզմը: Իհարկե, կլինեն հակաճառողներ, ովքեր կասեն, որ կա հայեցակարգ: Պետք է նկատի ունենալ, որ հայեցակարգը գործող ծրագիր չէ, այն չի ենթադրում կոնկրետ քայլերի հաջորդականություն: Նորից ինձ հակաճառողներ կլինեն և կասեն, որ՝ տեսեք, ճանապարհներ են կառուցվում: Թող սա չկապվի տուրիզմի հետ, ճանապարհներն՝ անկախ ամեն ինչից, պետք է կառուցվեն: Կասեն, թե հյուրանոցներ են բացվում, բայց դրանք բացվում են հիմնականում մասնավորի ջանքերի շնորհիվ: Սա էլ առաջխաղացման քայլ չէ: Մենք ունենք հսկայական առաջարկ, բայց չունենք պահանջարկ: Հայաստանն այսօր պահանջված չէ: Մենք ուրախանում ենք, որ, օրինակ, Իտալիայից 3000 զբոսաշրջիկ ընդունեցինք, բայց սա այնքան ծիծաղելի և փոքրիկ թիվ է:
– Հայերը զբոսաշրջիկ ընդունելուն որքանո՞վ են պատրաստ:
– Լավ պատրաստ են: Մեր բրենդներից մեկը հենց մեր հյուրասիրությունն է: Դեպքեր են լինում, երբ մարդիկ՝ իմանալով, որ զբոսաշրջիկներ են եկել, իրենց տուն են հրավիրում, հյուրասիրում: Սրանից զբոսաշրջիկները մեծ բավականություն են ստանում: Հիշում եմ մի դեպք, երբ ճապոնացի զբոսաշրջիկը Սևանի ափին սևանցի ձկնորսի հետ նստել էր մի խրճիթում, և կեղտոտ բաժակներով անհասկանալի օղի էին խմում: Վերջում, երբ ճապոնացուն հարցրեցինք, թե ո՞րն է եղել Հայաստանից ամենամեծ տպավորությունը, նա այդ պահը նշեց: Այս փոքրիկ օրինակը ցույց է տալիս, որ հյուրասիրությունը մեր առավելություններից մեկն է: Թող տարօրինակ չթվա, բայց շատ երկրներում սա չես տեսնում: Դրսում մի տեսակ տուրիզմը բիզնեսի է վերածվել:
– Զբոսաշրջիկները Հայաստանից հեռանալուց ինչի՞ց են դժգոհում:
– Իմ պրակտիկայում նման դեպքեր հազվադեպ են եղել, բայց փորձեմ հիշել: Դժգոհում են, որ, եթե նախօրոք իմանային, որ Հայաստանն այսքան հետաքրքիր երկիր է, միգուցե ավելի երկար ժամանակով կգային: Զբոսաշրջիկները դժգոհում են աղբի ահռելի քանակությունից: Երևանից երբ դուրս ես գալիս, տեսնում ես, որ ամենուրեք մեկանգամյա օգտագործման տոպրակներ են գցված: Այս խնդիրը շատ երկրներ հեշտ ճանապարհով լուծեցին՝ տոպրակների մուտքն ուղղակի արգելեցին: Ինչ վերաբերում է համայնքների կեղտոտվածությանը, կարծում եմ, որ պետք չէ կարծել, թե կառավարությունը պետք է բոլոր հարցերը լուծի: Տեղական ինքնակառավարման մարմինները ևս պետք է այս հարցերով ակտիվորեն զբաղվեն: Գառնի գյուղում ապրող գյուղացին պետք է հասկանա, որ, եթե իր գյուղը կեղտոտ լինի, զբոսաշրջիկը դժգոհ կլինի, գյուղ այլևս չի գա, և նա դրանից վնաս կկրի: Տուրիզմից եկած եկամուտների մի մասը պետք է համայնքներում մնա, որպեսզի բնակիչները զգան, որ տուրիզմից իրենք օգուտ ունեն: Զբոսաշրջիկները երբեմն բողոքում են նաև վերանորոգման աշխատանքներից (Հաղարծին, Գառնու ձորի կամուրջ): Դժգոհել են նաև նրանից, թե ինչպես կարելի է բնության հրաշքներից մեկին՝ Սևանին, այդպես վատ վերաբերվել:
– Իսկ ո՞ր վայրերն են զբոսաշրջիկները շատ սիրում:
– Նրանք շատ են սիրում Երևանը, հատկապես կենտրոնը: Եկեք ընդունենք, որ Երևանը գեղեցիկ քաղաք է, չնայած` չնայածներին… Սիրված վայր է նաև Սևանա լիճը, Դիլիջանը, Գառնին, Գեղարդը, Տաթևը, Լոռին, Գյումրին, Արցախը: Արտասահմանցի զբոսաշրջիկները մի փոքր վախենալով են Արցախ գնում, քանի որ նրա մասին լրիվ այլ ինֆորմացիա ունեն: Ադրբեջանցիները նրանց վախեցնում են՝ ասելով, որ՝ մի՛ գնացեք այնտեղ, որովհետև Ձեզ կսպանեն: Այս վախով գնում են Արցախ և ապշում մաքրությունից, խնամվածությունից: Վերջում խոստովանում են, որ տեսնում են, որ չնայած արցախցիները հարուստ չեն, բայց ընդհանուր վերաբերմունքը սիրով է: Մի բան, որը բուն Հայաստանում այդքան էլ չեն նկատում: Կարծես այստեղ մեր բնության նկատմամբ թշնամություն կա:
– Հայաստան այցելելը թա՞նկ հաճույք է:
– Ոչ: Իմիջիայլոց, կարծրատիպ կա, որ Հայաստանը թանկ երկիր է: Բացարձակ համաձայն չեմ սրա հետ, քանի որ հնարավոր է Հայաստան այցելել և 7-օրյա հանգիստ կազմակերպել 300 եվրոյի սահմանում: Այստեղ շուկան բավականին ճկուն է, կարող ենք առաջարկել և՛ թանկ, և՛ միջին, և՛ էժան տարբերակներ: Մի խնդիր կա՝ կապված օդանավի տոմսերի հետ, որոնք բավականին թանկ են: Այստեղ ևս ակնկալում ենք պետության ակտիվ աջակցությունը: Հիմա մենք չունենք ազգային փոխադրող: Սրա բացասական հետևանքներն անմիջապես տեսանք. մի շարք ընկերություններ տոմսերը նկատելիորեն թանկացրեցին: Եթե մեր կառավարությունը քայլեր չձեռնարկի, վտանգ կա, որ մենք կկորցնենք հոսքերի նկատելի մասը: Հայաստանի կողքին Վրաստանն է, որը ներկայացնում է գրեթե նույնատիպ տուրիստական ապրանք: Այն հոսքերը, որոնք գալիս են Հայաստան, կարող են իրենց ուղղությունը փոխել դեպի Վրաստան: Սա ազգային անվտանգությանը վերաբերող լուրջ խնդիր է:
– Իսկ Հայաստանից դեպի ո՞ր երկրներ են հիմնականում ցանկանում գնալ:
– Հայերը շատ են սիրում ծովափնյա երկրները, նաև ավանդական հետաքրքրություն ներկայացնող երկրներն են շատ սիրում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և այլն): Այս տարի, չգիտեմ՝ ինչպես կլինի, բայց անցած տարի շատ էին գնում Եգիպտոս, Թուրքիա: Դեպի Վրաստան հոսքը կարծես թե պակասում է: Հայերը գնում են նաև էկզոտիկ երկրներ:
– Վերջում կցանկանա՞ք ինչ-որ բան ավելացնել:
– Վերջերս Գերմանիայում էի և հետաքրքիր դեպքի ականատես եղա: Ձյուն եկավ, նրանց համար դա անսպասելի էր: Նկատեցի, որ գերմանացիներն իրենց տներից դուրս էին եկել և մաքրում էին տան, փողոցի իրենց հատվածը՝ չսպասելով, որ դա անի քաղաքային իշխանությունը: Այստեղ երևի ազգային հոգեբանության խնդիր կա: Մենք, չգիտես ինչու, սպասում ենք, որ ինչ-որ մեկը գա և դա մեր փոխարեն անի: Ես կուզենայի, որ նման մշակույթ նաև ամրապնդվեր մեր ժողովրդի մեջ: Եթե մենք սիրենք մեր երկիրը, պայքարենք, որ այն լավը լինի, երևի թե շատ լավ երկիր Հայաստանը կդառնա: Ավաղ, այն մարդիկ, ովքեր պետք է պայքարեն, հիասթափվում և գնում են: Իմ ցանկությունն է, որ հայերը մնան և իրենց տունը, բակը, փողոցը, բնությունը մաքուր պահեն, չթողնեն, որ անկարգություններ լինեն, փողոցում հաճախակի ժպտան: Այս ամենը երկիրը երկիր է դարձնում: