Երեկ մեզ միասին հաջողվեց չբացել Պանդորայի արկղը. մնացածը լուծելի է…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկվա օրը իրականում պատմական էր:
Անկախ անձերից՝ Հայկական պետության հերթական ղեկավարի երդմնակալությունը նոր հույսերի, նոր աշխատանքի, նոր զարգացման և զարգացումների հնգամյակ է բացում:
Հնարավորությունների հնգամյակ:
Խոստովանեմ, որ ես, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ, որոշակի անհանգստությամբ էի սպասում և հետևում նաև զուգահեռ քաղաքական հարթության մեջ ընթացող իրադարձություններին:
Փառք Տիրոջը, երեկվա այդ ինտրիգը չունեցով շատ դրամատիկական, առավել ևս, ողբերգական երանգներ:
ա. Րաֆֆի:
Անտեսելով իր բոլոր սխալները, որոնք արդյունք են հիմնականում երկու փոխկապակցված խնդիրների` իրականության ոչ լիարժեք ընկալման և միահեծան քաղաքական կեցվածքի, ցանկանում եմ գոհունակություն հայտնել իր` գլոբալ առումով ողջամիտ պահվածքի, խոհեմության և վերջին պահերին` պետականության գիտակցման համար: Երեկվա ընթացքում վնասվածքներ ստացած մարդկանց, մասնավորապես ինձ մտերիմ Արմեն Մարտիրոսյանին ապաքինում եմ մաղթում:
բ. Ոստիկանություն:
Որպես քաղաքացի շնորհակալ եմ Վլադիմիր Գասպարյանին ոչ միայն երեկվա իր` ոմանց համար անսպասելի հաշտարարական առաքելության համար, այլև վերջին տարիներին ՀՀ Ոստիկանության ներսում իրականացված հսկայածավալ աշխատանքի համար, ինչի ականատեսը գործնականում եղան բոլորը:
Իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Այդ թվում ոստիկանությունում, կրթությունում, քաղաքական դաշտում և այլն:
Սակայն, փաստ է` երեկ մեզ միասին հաջողվեց չբացել Պանդորայի արկղը:
Մնացածը լուծելի է…»: