Երդում և օծում. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Inauguro» լատիներենից թարգմանաբար նշանակում է «ձեռնադրել», «օծել»։ «Ինաուգուրացիայի» ծեսը, հետևաբար, գալիս է թագավորներին օծելու անհրաժեշտությունից։ Դրա համար, ի դեպ, պետք են նաև «ավգուրներ» (augures)՝ քրմեր, որոնք լիազորված են այդ օծումն իրականացնելու։ Երդումն այստեղ առաջնային դեր չէր խաղում, եթե ընդհանրապես առկա էր. գերագույն հոգևորականը Աստծո անունից տվյալ անձի գլխին դնում է թագը՝ երդվելու կարիք առանձնապես չկար։
Ընդ որում, դա տեղի է ունենում տարբեր հանգամանքներում։ Օրինակ՝ Բոնապարտը սկզբում պետական հեղաշրջմամբ դարձավ առաջին կոնսուլ, այնահետև՝ 3 տարի անց, ոչ մրցակցային ընտրություններում ընտրվեց ցմահ կոնսուլ (այսպես ասած՝ վերարտադրեց իր իշխանությանը): Բայց դա էլ իրեն քիչ թվաց, ու ևս 2 տարի անց Հոոմի պապ Պիոս 7-րդը կատարեց «ինաուգուրացիա», նրան օծեց կայսր՝ թագ դնելով ինչպես Նապոլեոնի, այնպես էր Ժոզեֆինայի գլխին։
Թե որքանով լեգիտիմ կայսր էր նա՝ հիրավի, Աստված գիտի։ Փոխարենը հայտնի է, որ կայսր դառնալուց հետո Բոնապարտն ագրեսիվ պատերազմ սկսեց ամբողջ Եվրոպայի դեմ։
«Ինաագարացիան», մի խոսքով, բառիս բուն իմաստով երդում, երդմնակալաթյուն չէ։ Չնայած ժողովրդավարական (կամ այդպիսի հավակնություններ ունեցող) երկրներամ պետության ղեկավարը ստանձնում է իր պաշտոնը երդում տալով։ Սովորաբար դա ուղեկցվում է նախկին՝ «թագավորական» ձեռնադրումներից եկած որոշակի արխայիկ տարրերով։
Հայաստանում, մասնավորապես՝ Կաթողիկոսով և Աստվածաշնչով։ Այնինչ պետք է հաշվի առնել, որ մեր երկրի բնակչության գերիշխող մասը քրիստոնեական որոշակի ծեսեր պահպանող աթեիստներ են։ Այդ հանգամանքը, հավանաբար, հաշվի չի առնում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չափից դուրս լուրջ ընդունելով նախագահի երդմնակալաթյան այդ արխայիկ տարրերը։ Բայց դա պարզապես ծես է, ավանդույթ, որը բովանդակային որևէ նշանակություն չունի. Հարության տոնին հավկիթներ ներկելուց մենք չենք խորանամ, թե, ինչի համար ենք դա անում։
Թե ինչ է նշանակում «նոր Հայաստանի երդմնակալաթյան արարողություն», ես ընդհանրապես չեմ հասկանում։ Ով ում է օծում, ով ում է երդում տալիս, և ինչ քաղաքական կամ թեկուզ բարոյական նշանակություն դա կունենա՝ չեմ պատկերացնում։ Անձամբ ինձ համար նոր Հայաստանը գոյություն ունի 1991 թվականի սեպտեմբերի 21– ից։ Աղքատ երկիր է դա, թե հարուստ, ժողովրդավարական է, թե ավտորիտար, ինչպիսին են Հայաստանի իշխանավորները և քաղաքական գործիչները՝ դրանք թեև կարևոր, բայց ինձ համար որոշիչ հարցեր չեն։
Փառք և պատիվ մեր հայրենակիցներին, ովքեր այս 22 տարում եկել են այստեղ՝ մեզ հետ միասին նոր Հայաստանում աշխատելու։ Նրանց թվում է, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հաջողություն ցանկանանք նրանց, ովքեր այս ընթացքում Հայաստանից մեկնել են ավելի հարմարավետ տեղեր։ Հեռվից հետևեք ձեր նախկին հայրենիքի կյանքին։ Աշխատեք մեզ խելք չսովորեցնել։