Բաժիններ՝

Իրան և Կովկաս․ ազդեցության գործակից ունեցող և ինդեքսավորվող միակ հայաստանյան հասարակագիտական միջազգային պարբերականը

Շատ հաճախ պնդում են, թե Հայաստանը չունի միջազգային ինդեքսավորվող ԱԳ ունեցող հասարակագիտական պարբերական: Բազմաթիվ անգամներ հակադարձվել է, որ Հայաստանն ունի այդպիսի պարբերական և այդ պարբերականն է հասարակագիտական լավագույն Brill հրատարակչությունում տպագրվող «Իրան և Կովկասը» (Iran and the Caucasus, www.brill.nl/ic): Ի պատասխան ասում են, թե այդ պարբերականը տպագրվում է Հոլանդիայում, հետևաբար այն հայկական չէ: Այդպես չէ: Կապ չունի տպագրության վայրն ու հրատարակչությունը․ «Իրան և Կովկասը» հայկական ու հայաստանյան պարբերական է, ինչը դժվար չէ ապացուցել մի քանի համեմատականներ անցկացնելով:

1.143 ազդեցության գործակից ունեցող American Law and Economics Review պարբերականը տպագրվում է Միացյալ Թագավորությունում գլխամասային գրասենյակ ունեցող Oxford Journals-ի կողմից, որը մաս է կազմում Oxford University Press-ի, որն էլ իր հերթին առանձին բաժին է Օքսֆորդի համալսարանում (նշել եմ գլխամասային գրասենյակ, որովհետև բուն տպագրության գործողությունը հնարավոր է կատարվի Չինաստանում կամ Հունաստանում): Այսինքն ֆիզիկապես այս պարբերականը տպագրվում է Անգլիայում, սակայն այն պատկանում է The American Law and Economics Association-ին և տպվում է այս ասոցիացիայի անունից, իսկ այս ասոցիացիան իր հերթին հիմնադրվել է ԱՄՆում ու տեղակայված է Յելի համալսարանի իրավաբանության դպրոցում: Այս ասոցիացիայի բոլոր հիմնադիրները ԱՄՆից են, այն գործում է ԱՄՆում, այս ասոցիացիայի տարեկան հավաքները տեղի են ունենում ԱՄՆում, սակայն, կարելի է ասել այս ասոցիացիայի պաշտոնական օրգան հանդիսացող գիտական պարբերականը հրատարակվում է Միացյալ Թագավորությունում տեղակայված Oxford Journals-ի կողմից: Սակայն այս հանգամանքը չի նշանակում, որ պարբերականն անգլիական է, վերը թվարկած պատճառներով այն ամերիկյան է, սակայն տպագրվում է անգլիական կազմակերպության կողմից: Հետևաբար տպագրող կազմակերպության տեղակայման երկիրն ու պարբերականի իրական հիմնադիր ու տպագրող համարվող կազմակերպության կամ անհատների երկիրը կարող են լինել տարբեր և դրանք հաճախ լինում են տարբեր:

Նույնաբար ԱՄՆ ում հիմնադրված Harvard Theological Review պարբերականը տպագրվում է Cambridge University Press-ի կողմից:

ԱՄՆ-ում հիմնադրված The History of Economics Society-ի պարբերականը՝ 0.42 ԱԳ ունեցող Journal of the History of Economic Thought-ը տպագրվում է Cambridge University Press-ի կողմից:

ԱՄՆ-ում գործող Willey աշխարհահռչակ հրատարակչությունում է տպագրվում Ավստրալիայի Սիդնեյի համալսարանում հիմնադրված Accounting Foundation-ի պաշտոնական ակադեմիական պարբերականը՝ ABACUS-ը, որի ազդեցության գործակիցը 0.86 է:

Այսպիսի օրինակներ բազմաթիվ են, երբ մի երկրի գիտնականներն իրենց ակադեմիական պարբերականը հրատարակում են այլ երկրում գտնվող հրատարակչության միջոցով:

Նույնիսկ ավելին․Thomson Reuters գործակալության Web of Science շտեմարանում բազմաթիվ պարբերականների պատկանելության երկիրը տարբեր է հրատարակիչ կազմակերպության երկրից:

Նույնը ճիշտ է նաև հայկական, Հայաստանում հիմնադրված Iran and the Caucasus պարբերականի դեպքում: Այս պարբերականը հրատարակվում է աշխարհում ամենահին հոլանդական արևելագիտական Brill հրատարակչության կողմից: Խմբագրական ամբողջ աշխատանքը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում կամ Կարպիում, երբեմն Գեղարքունիքում, Սյունիքում ու Արցախում: Հոլանդական հրատարակչության՝ պարբերականի պաշտոնական էջում www.brill.nl/ic գրված է. “Iran and the Caucasus is supported by the Caucasian Center for Iranian Studies in Yerevan, Armenia”, իսկ պարբերականի յուրաքանչյուր տպագիր հատորի ամենաառաջին էջում գրված է Research papers from the Caucasian Center for Iranian Studies, Yerevan, Armenia.

«Իրան և Կովկաս» միջազգային ակադեմիական գրախոսվող ԱԳ ունեցող ու ինդեքսավորվող պարբերականը 1997 թվականին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում հիմնադրված «Իրանագիտության կովկասյան կենտրոնի» պաշտոնական գիտական պարբերականն է:

ՀՀ մայրաքաղաք Երևանում «Իրանագիտության կովկասյան կենտրոնի» ներսում «Իրան և Կովկաս» հանդեսնին 1997թ․ հիմնադրել և մինչ օրս խմբագրում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն, պրոֆ. Գառնիկ Ասատրյանը, իսկ հանդեսի խմբագրական խորհուրդն ընդգրկում է համաշխարհային արևելագիտության առավել հայտնի ներկայացուցիչներին՝ ինչպես իրանագիտության, այնպես էլ կովկասագիտության, թյուրքագիտության, սեմագիտության և հնդկագիտության բնագավառներից:

Iran and the Caucasus – ը հայաստանյան միակ հասարակագիտական պարբերականն է, որ ունի ազդեցության գործակից (Impact Factor -http://www.scimagojr.com/journalsearch.php?q=16800154734&tip=sid&clean=0) և հաշվառված ու ինդեքսավորված է Arts and Humanities Citation Index, Index Islamicus, International Bibliography of the Social Sciences, Linguistic Bibliography, Web of Science և Scopus գիտական ցանցերում ու պահոցներում։

«Իրան և Կովկաս» պարբերականի մասին ավելի մանրամասն հոդված կա Iranica հանրագիտարանում, որտեղ նորից գրված է IRAN AND THE CAUCASUS the annual international academic journal of the Caucasian Centre for Iranian Studies, Yerevan (CCIS), founded in 1997. http://www.iranicaonline.org/articles/iran-and-the-caucasus

Աշխարհում միլիոնավոր iPhone-ներ արտադրվում են Չինաստանում, սակայն դա չի նշանակում, որ iPhone-ը չինական արտադրանք է, իսկ Apple-ը չինական կազմակերպություն:

Խաչիկ Գևորգյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս

 www.armacad.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս