«ՊռեԳոմեշի» հավաքածուն կվաճառվի հենց համերգի օրը (լուսանկարներ)
Սիրուշոյի և «Դորիանսի» ապրիլի 6-ին կայանալիք համերգի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: 168.am-ի հետ զրույցում Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանն ասաց, որ համերգի նախապատրաստական աշխատանքները շատ բուռն ընթացքի մեջ են. «Շատ բուռն, լարված աշխատանքների մեջ ենք հիմա, ամեն բան շատ լավ է ընթանում: Վստահ եմ, որ հետաքրքիր է լինելու: Ամեն ինչ արվել է՝ բարձր մակարդակով ներկայանալու համար, հուսանք՝ հանդիսատեսին դուր կգա: Նշեմ, որ «ՊռեԳոմեշի» զարդերի ցուցահանդես-վաճառքը կմեկնարկի հենց Մարզահամերգային համալիրից, համերգի օրը: Մարդիկ հնարավորություն կունենան գնելու իրենց դուր եկած նմուշները հենց համերգի օրը»: Նշենք, որ համերգից հետո հավաքածուն կցուցադրվի նաև քաղաքի մի շարք հուշանվերների խանութներում, որտեղից ցանկացողները կկարողանան ձեռք բերել նմուշները: Իսկ թե ի՞նչ անակնկալ են պատրաստել Գոռ Սուջյանն ու Սիրուշոն՝ դեռ չի բարձրաձայնվում: Միայն հայտնի է, որ անակնկալը լինելու է զուգերգի տեսքով: «Անակնկալները շատ են լինելու: Իրոք մեծ թիմ է աշխատել համերգին նախապատրաստվելու համար, իսկ մանրամասները կտեսնեք հենց համերգի ժամանակ»,- ասաց Ա. Ուդումյանը:
Նշենք, որ Սիրուշոյի և երգչուհի Ալեքսանդրա Ստանի՝ մարտի 30-ին նախատեսված լիբանանյան համերգը ժամանակի սղության պատճառով հետաձգվել է: