Օջալանը բանտից «հատուկ ուղերձ» է հղել հայերին
Nuçe TV-ին տված հարցազրույցի ժամանակ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը երեկ հայտարարել է, որ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բանտից հատուկ ուղերձ է հղել հայերին ու ասոիներին:
Դեմիրթաշի խոսքերով՝ Օջալանն անընդունելի է համարել Թուրքիայում հայերի ու ասորիների իրավունքների ու ազատությունների սահմանափակումները: Օջալանն ընդգծել է, որ առանց հայերի ու ասորիների, Թուրքիան չի կարող ներկայանալ որպես ժողովրդավարական միություն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Օջալանը հայտարարել էր, թե Իմաստունների հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն ոչ միայն քրդերի, այլև՝ ազգային բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այդ հանձնաժողովը բաղկացած է 63 անձից:
Դրանում ընդգրկվել է նաև Էթյեն Մահչուպյանը, ով 2007-2010 թվականներին եղել է «Ակօսի» գլխավոր խմբագիրը: Ներկայումս նա «Զաման» և «Թարաֆ» օրաթերթերի սյունակագիրներից է: